Ընկերուհիս 26 տարեկան մտավորական աղջիկ է

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

«Ոչ սազական» մասնագիտություն

Ընկերուհիս 26 տարեկան մտավորական աղջիկ է, խոշոր ընկերությունում զբաղեցնում է կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնը։ Միայնակ է ապրում իր բնակարանում։ Վաղն ամուսնանում է ջրմուղագործի հետ։ Մնացածը՝ ըստ նրա խոսքերի․․․

«Զուգարանում ջրթափ բաքը փչացել էր։ Դե, ուզում ես ջուրը քաշես, ջուր չի թափվում ու վերջ։ Զանգում եմ համատիրություն,  ջրմուղագործ հրավիրում։ Հեռախոսով պատասխանեցին, որ մի ժամվա ընթացքում կգա։ Նստած սպասում եմ։ Դռան զանգը տալիս են։ Բացում եմ, դռան շեմին ահագին համակրելի, պատշաճ հագնված երիտասարդ է կանգնած՝ փոքրիկ ճամպրուկը ձեռքին։ «Այ քեզ սպասարկում,- մտածում եմ։- Համեցեք, բաճկոնը հանեք»։ Ցույց եմ տալիս զուգարանի տեղը, բացատրում՝ ինչն ինչոց է։ Նա մի քիչ շվարում է, բայց սկսում է նորոգել։ Մինչև նա իր գործը կտեսներ, մենք անկեղծ զրույց ենք ծավալում։ Վերանորոգման համար փողը չվերցեց, բայց խնդրեց, որ մի քանի օրից իրեն թեյ հյուրասիրեմ։

Հյուրս եկավ համեստ, բայց հետաքրքիր տորթը ձեռքին։ Նույնիսկ մտքում ափսոսացի, որ նրա մասնագիտությունը․․․ դե, ոնց ասեմ․․․ Մի խոսքով նրան սազական չի․․․»։

Շարունակությունը՝ երիտասարդի պատմածի համաձայն․

«Ուրեմն ես ու վաղեմի ընկերս պայմանավորվեցինք, որ մի օր իրեն հյուր կգամ։ Վաղուց նրա տանը չէի եղել, բնակարանն էլ կարգին չեմ հիշում։ Դռան զանգը տալիս եմ, մի չտեսնված սիրունիկ աղջիկ է դուռը բացում։ Մտածում եմ «Տես է՝ ամուսնացել է, ինձ էլ մի բառ չի ասել»։ Աղջիկը կախում է բաճկոնս։ Ես փորձում եմ կոշիկս հանել, նա էլ թե՝ կարիք չկա, ձեր ոտքի տակ թերթեր կփռեմ։ Շշմել եմ։ Ջանում եմ ըմբռնել  աղջկա ասածի իմաստը։ Ինչի՞ համար ու որտե՞ղ պիտի  թերթեր փռի։ Աղջկա մնացած խոսքերն առհասարակ ինձ վեջնականապես ցնցակաթվածի դուռը հասցրին «Խնդրեմ, զուգարանն էստեղ է»։ Զարմանքից լրիվ ապուշ եմ կտրել։ Ու նա սկսեց բացատրել, որ ջրթափ բաքն է փչացել, պիտի նորոգել։ Նոր գլխի ընկա։ Ինձ ջրմուղագործի հետ է շփոթել։ Երևի արտակարգ տեսք ունեմ։ Ինչքան չլինի՝ աղջկա զուգարանը նորոգել եմ»։

Պատմության ավարտը՝ աղջկա շուրթերով․

«Հրաժեշտ տալիս հյուրս շրջվեց և ուսի վրայով մի տեսակ խայթոցով նետեց «Ջրմուղագործն էդպես էլ չերևա՞ց»։ Դեմքս հարցական արտահայտություն ստացավ։

Հյուրս «Դե, ճիշտն  ասած՝ ես մասնագիտությամբ իրավաբան եմ․․․ Ուղղակի դուք շատ համառ էիք»։

Չորս ամիս անց նրանք ամուսնացան։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am