Ինչպե՞ս է տղամարդկանց հոտը կանանց ստիպում սեքսի մասին մտածել

«Հայտնի է, որ որոշ ցնդող նյութեր եւ հատկապես ֆերոմոնները կարող են ուժեղ ազդեցություն ունենալ կենդանիների վարքի վրա նույնիսկ այն դեպքում, եթե դրանց առաջին անգամ են բախվում: Մենք ենթադրեցինք, որ կաթնասունների ուղեղում ինչ-որ մեխանզմ կա, որն այս մոլեկուլներն ընկալող հոտառության կենտրոնը միացնում է վարքի «շտկող» կենտրոնի հետ»,- նշել է հետազոտության հեղինակ Կաձուսիգե Թուհարան:

Ֆերոմոնները բարդ օրգանական մոլեկուլներ են, որոնք արտադրում է մաշկը եւ մարմնի այլ հատվածները, եւ վիթխարի դեր են կատարում կենդանիների մեծամասնության կյանքում: Միջատներից շատերը գործնականում բացառապես ֆերոմոնների միջոցով են շփվում: Առայժմ պարզ չէ, թե ֆերոմոնները որքան ուժեղ են ազդում մարդկանց վարքի վրա: Վերջին տարիներին գիտնականները գրեթե հավասար թվով վկայություններ են գտել ե’ւ նրա օգտին, որ դրանք կարող են կառավարել տղամարդկանց ու կանանց գործողությունները, ե’ւ նրա, որ սա մարդուն հատուկ չէ:

Թուհարան եւ նրա գործընկերները մեծ քայլ են կատարել այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ` մկների ուղեղում հատուկ հատված հայտնաբերելով, որը պատասխանատու է ESP1 մոլեկուլների, որձերի ամուսնական ֆերոմոնների նկատմամբ բնազդային ռեակցիայի համար:

Հետազոտողները հատուկ վիրուս են ստեղծել, որը թափանցում է նյարդային բջիջների մեջ, որտեղ ռեցեպտոր կա, որը տարբերակում է ֆերոմոնի մոլեկուլները եւ դրանք նշում լուսարձակող սպիտակուցների միջոցով: Սրա շնորհիվ ճապոնացի կենսաբաններին հաջողվել է հետեւել նյարդային բջիջների աշխատանքին, որոնք մասնակցում են քիմիական ազդանշանները «համեմատելուն» եւ դրանք ուղեղին հաղորդելուն:

Գիտնականները հայտնաբերել են, որ նյարդային բջիջները, որոնք պատասխանատու են այս ազդանշանի հաղորդման համար, որձերի եւ էգերի ուղեղում միացված է նշաձեւ մարմնի, էմոցիաների կենտրոնի տարբեր հատվածների հետ: Ճապոնացի կենսաբանների կարծիքով` սա բացատրում է, թե ինչու են էգերը որձի ֆերոմոնների հայտնվելու դեպքում սերունդը շարունակելու ձգտում ունենում, իսկ որձերն ագրեսիվ են դառնում:

Գիտնականների կարծիքով` մարդու ուղեղի նմանօրինակ հատվածների որոնումը կարող է օգնել պարզել` արդյոք ֆերոմոններն ազդո՞ւմ են մեր վարքի վրա, եւ հասկանալ` արդյոք դրանց հետ կապվա՞ծ է սեռական դիսֆունկցիան:

Հոդվածը հրապարակվել է Neuron ամսագրում:

Տոկիոյի (Ճապոնիա) համալսարանի գիտնականները բացահայտել են տղամարդկային ֆերոմոնների աշխատանքի գաղտնիքը` հետեւելով, թե ինչպես է որձի հոտը ազդում էգի ուղեղի ու մարմնի վրա եւ նրան ստիպում պատրաստվել սերունդի շարունակմանը:

                                          Աղբյուր՝  News.am Medicine