Կյանքի 7 դաս՝ Նիկոլա Տեսլայից՝ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ավելի իմաստալից կյանքով ապրել

Մեծն մտածողներից շատերին հասարակությունը խելագար է համարել. Նիկոլա Տեսլան էլ բացառություն չէ։

Իր կյանքի ընթացքում նա իսկապես հետաքրքիր պնդումներ է արել, որոնցից մեկն էլ անլար հաղորդակցության՝ համացանցի կանխագուշակումն էր։ Տեսլան կյանքից արժեքավոր դասեր է քաղել և կիսվել դրանցով աշխարհի հետ։

Ներկայացնում ենք նրա 7 դասերը, որ կօգնեն Ձեզ ապրել ավելի իմաստալից կյանքով։

1. Ուշադրություն մի դարձրու այն բանի վրա, թե ինչ են անում ուրշները

Ինձ չի հուզում այն, որ նրանք գողանում են իմ մտքերը, ինձ հուզում է այն, որ նրանք չունեն իրենցը։

Փոխարենը կենտրոնանալու այն բանի վրա, թե ինչ է աշխարհը վերցնում մեզնից, մենք պետք է կենտրոնանաք այն բանի վրա, թե մենք ինչ կարող ենք տալ աշխարհին։ Չնայած անհաշիվ պնդումների, որ իր աշխատանքն իրենը չէ, այլ գողացված է, Տեսլան շարունակում էր աշխատել իր հայտնագործությունների վրա։ Եթե մենք բոլորս պարզապես անեինք այն, ինչ երջանկացնում է մեզ՝ մեկ ուրիշի մասին անհանգստանալու փոխարեն, այժմ մենք լիովին այլ կյանքով կապրեինք։

2. Պետք է տեսնենք՝ ինչ կա մեր ներսում, որպեսզի ավելի լավ ճանաչենք մեզ

Դեռ մանկությունից ես հարկադրված եմ եղել իմ ուշադրությունը կենտրոնացնելու ինքս ինձ վրա. դա ինձ շատ տառապանք է պատճառել, սակայն այժմ ետ հայացք գցելով՝ ես հասկանում եմ, որ դա պարզապես օրհնություն է եղել, քանի որ այդ կերպ ես սովորել եմ ինքնաքննադատության անասելի արժեքը կյանքի պահպանման, ինչպես նաև ձեռքբերումներ ունենալու մեջ։

Քո իրական «ես»-ը լինելու ու կյանքում քո ուզածին հասնելու համար պետք է ճանաչես ինքդ քեզ։ Եթե ժամանակ տրամադրես՝ ինքդ քեզ, քո ուժեղ ու թույլ կողմերն ուսումնասիրելու համար, հասկանալու, թե ինչ ես ուզում կյանքից, դրան հասնելու համար աշխատանքդ ավելի արդյունավետ կդառնա։

3. Նորմալ է մյուսներից մի քանի քայլ առաջ լինել

Թողեք՝ ապագան պատմի ճշմարտությունը, և յուրաքանչյուրին գնահատեք՝ ըստ իր աշխատանքի ու ձեռքբերումների։ Ներկան նրանցն է, ապագան, որի համար ես իսկապես աշխատել եմ, իմը։

Եթե քեզ երբևէ ասել են, թե դու խենթ ես, կամ որ քո գաղափարները չեն աշխատի, դու, հնարավոր է, ընկճվել ես ու մտածել, որ հանձնվելն ավելի հեշտ է, քան մյուսներին համոզելը, որ դու ճիշտ ես։

Տեսլան հիշեցնում է մեզ, որ իսկապես ստեղծարար մարդիկ նորմալ են ընդունում այն, որ մարդիկ չեն ընդունում իրենց մտքերը։ Մարդիկ զարգանում են ու անընդհատ բացահայտում իրենց նոր մակարդակներում, ու հասկանալը, որ դու մենակ ես քո ձգտումներում, կարող է դժվար լինել։  Բայց մի հանձնվիր։ Հպարտացիր նրանով, թե ինչերի ես ընդունակ դու ու ինչերի մասին կարող ես երազել։

4. Երբեք մի դադարիր սովորել ու կարդալ

Ամեն ինչից շատ ես գրքերն եմ սիրում։

Մինչ համացանցը լի է տարաբնույթ ինֆորմացիայով ու մտքերով, գրքեր կարդալը շարունակում է մնալ նոր բաներ սովորելու ամենահաճելի եղանակը։ Պարզապես շարունակիր կարդալ ու միշտ փորձիր նոր բաներ սովորել։

5. Եղիր համբերատար ու առաջ շարժվիր

Գիտությամբ զբաղվող մարդը անհապաղ արդյունքներ չի հետապնդում։ Նա չի սպասում, որ իր առաջադեմ գաղափարները միանգամից կիրագործվեն։ Նրա աշխատանքը նման է այգեպանի աշխատանքին. այն ապագայի համար է։ Նրա պարտքն է հիմք դնել նրանց համար, ովքեր հետո են գալու, ու նրանց ուղղություն ցույց տալ։

Համբերությունը ստեղծագործ մարդկանց հավատարիմ ընկերն է։ Որոշ գրողներ շաբաթներով, ամիսներով կամ նույնիսկ տարիներով սպասում են իրենց մուսային։ Նկարիչները տանջվում են, որ ստանան ճիշտ գույներ, իսկ գյուտարարները բազում անքուն գիշերներ են անցկացնում, որպեսզի իրենց մտքերն աշխատեն։ Մի անհանգստացիր ժամանակի մասին, պարզապես շարունակիր գնալ երազանքներիդ ետևից։

6. Երբեք մի դադարիր ստեղծել

Գյուտը մարդու ստեղծագործ ուղեղի կարևորագույն արտադրանքն է։ Հիմնական նպատակը մտքի բացարձակ վարպետությունն է նյութական աշխարհի վրա, մարդու բնությունը մարդու կարիքներին ծառայեցնելը։

Կարևոր չէ՝ ինչ են ասում մարդիկ. մի դադարիր նոր բաներ ստեղծել։ Աշխարհին պետք է այն, ինչ դու կարող ես նվիրել նրան։ Տեսլան մեզ հիշեցնում է, որ մենք ունենք պատասխանատվություն՝ օգտագործելու մեր տաղանդը՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար։

7. Գումարը դեռ ամեն ինչ չէ

Գումարն իրենից այնպիսի արժեք չի ներկայացնում, ինչպիսին այն, ինչին մարդը կարող է ծառայեցնել այդ գումարը։ Իմ ամբողջ գումարը ես դրել եմ իմ փորձերի մեջ, որոնք դարձել են նոր հայտնագործություններ՝ թույլ տալով մարդկությանն ապրել մի փոքր ավելի հեշտ կյանքով։

Մեր օրերում մարդիկ ամենուրեք բիզնես գաղափարներ ու միլիոնավոր դոլլարներ աշխատելու ձևեր են փնտրում։ Տեսլան խրախուսում է մեզ որևէ բան ստեղծել հենց միայն ստեղծելու համար։ Եթե դրա դիմաց որևէ բան կստանաս, հիանալի է, բայց եթե նույնիսկ չստանաս, քո ստեղծածն ինքնին պարգևատրում է՝ քո աշխատանքի դիմաց։

Աղբյուր