Անի Լուպեն վնասվածք է ստացել և վիրահատվել. «Ազիզյանների» նոր եթերաշրջանում նա կլինի ձեռնափայտերով

«Ազիզյանները» սիթքոմի հինգերորդ եթերաշրջանի առաջիկա սերիաներում այս ընտանիքի մորը՝ Ռուզանին, հեռուստադիտողը կտեսնի ձեռնափայտերով: Սա ոչ թե սցենարական լուծում է, այլ իրական վնասվածքի հետևանք: Դերասանուհի Անի Լուպեն նոր եթերաշրջանի նկարահանումներից օրեր առաջ ոտքի վնասվածք է ստացել: Tert.am Life-ը դերասանուհուց պարզել է կատարվածի մանրամասները, ինչպես նաև զրուցել սիթքոմի մյուս դերակատարների հետ:

Անին հայտնեց, որ կատարվածն անզգուշության հետևանք է, որը շտկվել է վիրահատական միջամտությամբ. «Աստիճաններով վազում էի, ընկա և ոտքիս ջիլը վնասվեց: Վիրահատվել եմ և հիմա, փառք Աստծո, լավ եմ: Թեև ոտքս գիպսի մեջ է, բայց կարողանում եմ խաղալ»,-ասաց նա:

Նկարահանման հրապարակում խաղընկերներներն Անիին օգնում են ֆիզիկական դժվարությունները հեշտ հաղթահարել: Դերասանուհին նկատեց, որ անսպասելի պատահարը սիթքոմի ստեղծագործական թիմի համար էլ է դժվարություն առաջացրել:

«Շատ շնորհակալ եմ մեր ռեժիսորին, սցենարիստներին, որովհետև երբ իմացան այս լուրը, ինձ օգնեցին: Սցենարն արդեն գրված էր, բայց ամբողջը փոփոխեցին»,-ասաց նա և ավելացրեց, որ սիթքոմում էլ ավելացրել, որ ընկնում է աստիճաններից և վնասում ոտքը:

Անին ասաց, որ դեռ չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ իր կերպարի մյուս զարգացումներին, բայց վստահեցրեց, որ հետաքրքիր է լինելու. «Այս եթերաշրջանում ինչպես գիտեք, Հայկ Մարությանը հանդես չի գալու, նրա կերպարը՝ Գառնիկը մեկնել է խոպան, բայց մենք ունենք նոր դերակատար` Գարիկ Պապոյանը, որի ներկայությամբ շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Չեմ ուզում փակագծերը բացել, որպեսզի հեռուստադիտողների համար հետաքրքիր լինի»,-ասաց նա:

Ազիզյանների ընտանիքի երեխաները՝ Լևոնը, Մարին և Ազատը փոքր-ինչ տխրել են հայրիկի բացակայության պատճառով։ «Մենք տխուր ենք, որ մեր պապան մեզ հետ չի լինելու: Իրականում կապվել էինք Հայկի հետ և նրա բացակայությունը անսովոր է լինելու»,-ասաց Մարի Պետրոսյանը և ավելացրեց, որ նոր եթերաշրջանում էլ իրենց ընտանիքում խենթությունների պակաս չի լինելու:

Դերասանները իրենց նոր խաղընկերոջը մեծ ոգևորությամբ են դիմավորել։ «Գարիկը մեր սիրելի դերասաններից է: Նրա հետ շատ հեշտ է աշխատել: Կերպարն էլ, կարծում եմ, շատ կսիրվի հեռուստադիտողի կողմից»,-ասաց Մարին:

Նա նշեց, որ իր կերպարը նոր եթերաշրջանում շարունակելու է սիրային հարաբերությունները Վիլենի հետ. «Մեր հարաբերությունները ի վերջո հանգեցնում են ամուսնության: Դա էլ իր հերթին նոր խոչընդոտներ է առաջ բերում մեր զույգի համար»:

Ազիզյանների կրտսեր որդուն՝ Լևոնին մարմնավորող Ստեփան Հովհաննիսյանն էլ ասաց, որ իր կերպարն առանձնապես փոփոխությունների չի ենթարկվել. «Ամեն սերիայում մի նոր իրավիճակում եմ հայտնվում, բայց, ընդհանուր առմամբ, մնացել եմ նույն մեծ–մեծ խոսող կերպարը»:

Աղբյուր