Ինչպիսի՞ն պիտի լինի տղան, որ քեզ գրավի. պատասխանում են հայ աղջիկները

Երեկ իմ փոքրիկ հարցումից հետո, թե ինչպիսին պիտի լինի աղջիկը, որ գրավի տղաներին, շատ աղջիկներ ցանկություն հայտնեցին նմանատիպ հարցում անցկացնել նաև իրենց շրջանում: Այսօր ծանոթ և անծանոթ շատ աղջիկներ ուղարկեցին իրենց պատասխանները: Փորձենք պարզել, թե ինչպիսին պիտի լինի տղան, որ գրավի մեր հայ աղջիկներին:

Ամենաառաջինը տղան պետք է լինի հարգանքով, անկեղծ, ուշադիր, աշխատասեր, նպատակասլաց, խելացի ու լուրջ: Լուրջ ավելի շատ ի նկատի ունեմ հավեսով, ոչ ցինիկ, ոչ էլ շատ լուրջ: Ինձ համար նա պետք ա լինի ինտելեկտով, որ խոսելուց, շփվելուց բավականություն ստանաս… Տանել չեմ կարողանում մեծամիտ տղաներին, ամենաչսիրածս բանն ա… Սուտ կլինի, եթե աղջիկները ասեն, որ իրենց համար կարևոր չի արտաքին տեսքը … Ինձ համար ևս կարևոր ա դա… Սիրում եմ ճաշակով հագնված տղաների ամեն ոճում էլ… Հա մեկ էլ ինձ շատ են գրավում գեղեցիկ ժպիտ ունեցող տղաները, իմ կարծիքով էդ մարդու ամենաաաանկեղծ ժեստերից ա… Անի, 16 տարեկան

Ինձ համար տղամարդու թիվ մեկ հատկանիշը պատասխանատվությունն է ու աշխատելու հանդեպ ձգտումը: Տղամարդը պետկ է լինի պատասխանատվության զգացումով,  դեպի իր անձն ու իր ընտանիքը, իր ընտրյալը, լինի ձգտող, որպեսզի կարողանա հասնել կյանքում որոշակի աստիճանի: Հայ տղամարդու դասական կերպարի մեջ տեսնում եմ նաև «դուխով» լինելը, ինձ համար խնդիր չէ նաև տղամարդու խանդոտ լինելը որպես հատկանիշ, որովհետև դա երբեմն արտահայտում է շատ ավելին, քան, կարելի է պատկերացնել… Տղամարդը պետք է կնոջ հետ  հարաբերվելու մշակույթին տիրապետի, լինի հոգատար, նուրբ և ջերմ, տեր իր իսկ ստեղծած հարաբերություններին…. Գայանե, 30 տարեկան

Տղան պիտի լինի հմայիչ, ոչ թե գեղեցիկ, պիտի լինի խելացի, ոչ թե իրեն խելացի ձևացնի, ու կարծում եմ նաև համեստ պիտի լինի, դա էլ է տղային սազում: Ու ամենակարևորը հետաքրքիր զրուցակից: Արտաքինը կապ չունի, դատարկ չլինի… Իմանա որտեղ լուրջ, որտեղ հումոր)) Լավ հատկանիշներ անվերջ կարելի է թվել… Բայց ամեն մեկը պիտի ունենա իր տարբերվելու բանաձևը: Դե ընկերասեր, հարգալից դիմացինի նկատմամբ, ծնողասեր բոլորն են: Լիլիթ, 18 տարեկան

Բարի, հումորով, իր խոսքի տեր, ինտելեկտով, արտաքնապես հաճելի, շատ կարևոր է կոկիկությունը, հետաքրքիր զրուցակից լինելը, լսելու և անկեղծորեն կիսվելու ունակությունը,  ու ոոր ամենակարևորն է` ում կողքին կզգաս քեզ ապահով և սիրված… Մոռացա ավելացնել, որ սիրի ընտանի կենդանիների))) Արևիկ, 26 տարեկան

Տղան կգրավի, երբ լինի հետաքրքիր, ում հետ կուզենաս անընդհատ շփվել, նորովի բացահայտել, ով կլինի նույնքան հոգատար ու նվիրված, որքան ես: Ումից հեռու կլինի բամբասելը, ով կլինի հավասարակշիռ և պահի ազդեցությամբ չգործող, ով կլինի կայուն իր ասածներին, խոստումներին հավատարիմ: Իսկ արտաքինը շատ հարաբերական ա, կարա լինի առանձնապես ոչ մի գեղեցիկ արտաքին հատկանիշներով, բայց աստղով լինի ու սիմպատիադ բռնի, իսկ եթե ավելի ռեալ, մենք թվում ենք հատկանիշներ, որոնց մասին մոռանում ենք, կարճ ասած` գնում էշի ճակատն ենք պաչում: Արաքս, 19 տարեկան

Սկսեմ արտաքին տեսքից, տղան պիտի ամպայման բարձրահասակ լինի, դա ամենակարևորն ա, ունենա սպորտային կազմվածք, շատ եմ սիրում չսափրված տղաներին, իսկ ներքինից,  ամենակարևորը` խելացի, հետաքրքիր, անվախ, ունենա հումորի զգացում բայց լինի լուրջ: Գեղեցկությունն այդքան էլ կարևոր չէ, բայց շատ տգեղ էլ չլինի: Կարևոր է, որ աղջիկն իր կողքին պաշտպանված զգա և չձանձրանա: Հասմիկ, 15 տարեկան

Տղան արտաքինից պետք է լինի բարձրահասակ, ոչ «վերմիշել» ձեռքերով ու ոտքերով, խնամված: Հագնվի ճաշակով, այլ ոչ ավանդական սև գույնի տաբատ ու սպորտային մայկա)))) Լինի կարդացած, խելացի, ինքնավստահ, չլինի գլուխգովան (ժամերով գլուխ չտանի, թե բանակում ինքն ինչեր ա արել, ու իրա խոսքը գետին տվող չի եղել)))): Լինի մի քիչ չափի մեջ ռոմանտիկ ու հենց առաջին հանդիպմանը չհարցնի, թե բա քանի ընկեր ես ունեցել: Տաթև, 21 տարեկան

Առաջին հերթին տղան պետք է ինձ գրավի իմ հանդեպ իր վերաբերմունքով: Նա կարող է վատը լինել ամբողջ աշխարհի համար, բայց միայն ես կիմանամ ինչպիսին է նա իրականում: Սիրում եմ, երբ տղան ունենում է լիդերի հատկանիշներ: Այդպես ավելի ապահով եմ ինձ զգում նրա հետ: Դե իսկ բամբասելու սովորությունն իսպառ կվերացնի իմ կողքին լինելու նրա հնարավորությունը: Անժելա, 24 տարեկան

Ինձ գրավելու համար տղան պիտի ունենա բարձր ճաշակ ամեն ինչի առումով (թե երաժշտական և թե այլ), լինի բանիմաց, կարդացած, ուժեղ, մի քիչ էլ բարի: Մելինե, 16 տարեկան

Սիրում եմ, երբ տղան ճաշակով և էլեգանտ է հագնվում անկախ նրանից կոստյում է կրում, թե սովորական ջինս, տղաների մեջ ինձ շատ գրավում է հայացքը և ձայնը: Եթե խոսենք ներքին տվյալներից, կասեմ միայն, որ սիրում եմ, երբ տղաները ուշադիր են, գժություններից չեն վախենում և կարող են զարմացնել (լավ իմաստով): Նաև երբ նպատակներ ունեն և անընդհատ աշխատում են իրենց վրա: Կարինե, 24 տարեկան

Նախ պիտի լինի կոկիկ, մաքուր, միշտ անուշ բուրի, եղունգներյ կարճ, մազերն արանց չոլկայի ու պոչիկի, լղար ու շատ նիհար չլինի, էս արտաքինից: Որպես մարդ` հասկացող, անկեղծ, բարի, ընդունի ինձ էնպիսին, ինչպիսին կամ չփորձի փոխի ինձ, իր ուզաց մարդը դարձնի, լինի համբերատար, աշխատասեր, չլինի գոմիկ ու բաբնիկ, հարգալից լինի: Լինի աշխույժ, կատակասեր, սիրի ֆուտբոլ, նպատակասլաց, ոչ թե վախկոտ, ասած խոսքերին ու ամեն բառին տեր լինի, չլինի հազարերեսանի, բամբասկոտ ու հետևից խոսացող: Մարիաննա, 21 տարեկան

Տղամարդու մեջ առաջին հերթին գնահատում եմ տղամարդկությունը:) Արտաքին տվյալներն ընդհանրապես էական չեն,  կարևորը հիգիենային ուշադրություն դարձնելն է:  Լինի վստահելի և հետաքրքիր անձնավորություն, ողջախոհ (շատ կարևոր է), գրագետ, ըմբռնող, բարոյական հատկություններով օժտված, առանց ժամանակակից «հիվանդությունների», ի նկատի ունեմ առանց պոնտերի:) Որպես քմահաճույք` հումորի զգացում և երաժշտական բարձր ճաշակ: Լիանա, 18 տարեկան

Խելացի, հումորով, ինքնավստահ, առնական, բայց միաժամանակ հոգատար: Շատ եմ կարևորում նաև խենթություններ անելու ունակությունը, ըստ իս՝ առանց գժության կյանքը տաղտկալի է: Արտաքինի հետ կապված միայն նշեմ նիհար-նվազ չլինելը: Կրիստինա, 23 տարեկան

Ինչպես տղամարդու համար առաջին տեղում կնոջ կանացիությունն է, այնպես էլ յուրաքանչյուր աղջկա համար կարևոր է, որ իր ընտրյալը, ընկերը, ապագա ամուսինը, իր երեխաների հայրը, առաջին հերթին տղամարդ լինի: Մենք ապրում ենք մի շրջանում, երբ օրեցօր տղամարդիկ դադարում են տղամարդ լինելուց: Իսկ լինել տղամարդ, նշանակում է լինել ուժեղ, կայուն, խելացի, նպատակսլաց… Ես չեմ կարող ինձ կին զգալ մի տղամարդու կողքին, ով ինձնից թույլ է, չունի ձգտումներ, չունի բավարար խելացիություն ու կամք իր նպատակներին հասնելու համար… Տանել չեմ կարողանում կոպիտ տղամարդկանց: Հատկապես երբ դա դրսևորվում է աղջիկների նկատմամբ: Տղամարդը պիտի լինի ուժեղ, բայց երբեք չիշխի բացահայտ, չսահմանափակի, չկոպտի, չնեղացնի: Իսկ նման վարք դրսևորելու համար բավարար չափով խորագիտություն պետք է ունենալ: Սիրում եմ, երբ տղամարդը բնավորության ինչ-որ աննորմալ, ցնդած գծեր է ունենում… Առանց դրանց անհնար է: Ինքս տեսակով ստեղծագործ մարդ եմ, ու կողքիս չեմ պատկերացնում քառակուսի մտածելակերպով, գույներ չզգացող, չշնչող, անազատ, հանրության կարծիքին գերի տղամարդ: Նա ինքը պիտի կերտի իր արժեհամակարգը, ունենա տեսակ ու իր տեսակը պահելու ուժ:

Ես իդեալներ չեմ ստեղծում և իդեալներ չեմ փնտրում տղամարդու մեջ… Ունակ եմ սիրելու և ընդունելու մարդուն այնպիսին, ինչպիսին կա: Բայց նա ինքն էլ պիտի ձգտի սիրել, ունենա գնահատելու ունակություն, հավատա, որ սերը ժամանակի ընթացքում միայն մեծանում է… Որ մենք`  նա և ես, ծնվել ենք սիրելու և միմյանց երջանկացնելու` առանց սահմանափակումների, առանց անազատության… Նրա առաջնային նպատակն էլ, ամեն ինչ անկախ ու ամեն ինչից վեր, լինի սիրելը… Շաատ սիրելը, գժվելու չափ սիրելը: Այ էդ ժամանակ մեր  մեջ ներդաշնակություն կլինի: Անժելա, 18 տարեկան

Իմ համար տղան պետքա լինի առաջինը խնամված, հատկապես եղունգներն ու ատամները մաքուր լինեն միշտ: Ծխող չլինի, կարևոր չի կապույտ, կանաչ աչքերը, կյաժ, թե սևահեր: Ոչ ցինիկ, բայց հումորով, մաքուր սրտով, մի քիչ խանդոտ, բայց ոչ հիվանդագին,  ու որ սիրուն աչքեր ու ժպիտ ունենա… Ելենա, 17 տարեկան

Առաջին հերթին գոնե արտաքինով պիտի տղա լինի… Ներքինը հարաբերական է… Ու նենց խոսա, որ ուրիշների մոտ իրան ճանաչելու համար ամոթից սեղանի տակ չմտնես)))) Հա~,  մեկ էլ, որ ունքերը հանած չլինի, մարմնի ցանկացած մասի մազահեռացումը ներելի է, բայց ունքե~րը… Լուս, 20 տարեկան

Ես դեմ եմ այն տարածված տեսակետին, երբ ասում են, թե տղամարդը պետք է կապիկից մի փոքր սիրուն լինի: Որպեսզի առաջին հայացքից ինձ գրավի տղամարդը, նախ պետք է լինի կանոնավոր դիմագծերով, գրավիչ  ժպիտով և  թիկնեղ: Առաջին հայացքից հետո ես ուշադրություն եմ դարձնում կոշիկներին և ձեռքերին: Այն տղամարդը, ում կոշիկները մաքուր են, արժանի է, որպեսզի հետո դու նայես նաև նրա հետույքին:))) Սա արտաքինի մասով: Մարդկային որակներից գնահատում եմ նպատասկասլաց, կյանքին թեթև նայող, բայց միևնույն ժամանակ սկզբունքային տղամարդկանց: Սոցիալական կարգավիճակը բացարձակ ինձ չի հետաքրքրում, պարզապես մի-փոքր աշխատասիրություն, ձգտում դեպի լավը և ամեն ինչ հրաշալի կլինի: Նաև կարևորում եմ, որ կողքիս տղամարդուց սովորելու բան ունենամ, ինտելեկտուալ առումով ես նախընտրում եմ ինձանից մի քանի անգամ խելացի և կարդացած մարդկանց: Նշվածներիս գումարում ենք` մեծերի հանդեպ հարգանք, հավասարակշռվածություն, կամքի ուժ, իր խոսքի արժեքն իմացող… Ահա իդեալական տղամարդու իմ բաղադրատոմսը: Իսկ իդեալական մարդիկ չկան, ուղղակի թող յուրաքանչյուր իգական սեռի ներկայացուցիչ զգա, որ իր կողքին ՏՂԱՄԱՐԴ է կանգնած… Անանուն

Ասեմ, այն վատ կողմերը, որ չպետք է լինեն, տղան պետք ա էտքան «փալաս» չլինի, ցավոք սրտի հիմա զգացվում է, որ աղջիկները ավելի ինքնավստահ են, քան տղաները, ու դա իրոք նյարդայնացնող է: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսին պետք է լինի տղան, որ գրավի, ասեմ` չլինի «փռչոտ», չհագնվի ղզիկի նման ու չմոռանա տղամարդու կեցվածքի մասին, եղունգները միշտ գեղեցիկ խնամված լինեն, քանի որ այդ ստերիոտիպը մենակ աղջիկներին չի վերաբերում: Ինձ գրավում են սպիտակ մաշկով և բաց մոխրագույն կամ կանաչ աչքերով տղաները, ովքեր ունեն լավ հումոր, հետաքրքիր են ու զարգացած, քանի որ ձանձրալի է խոսել մի մարդու հետ, ով երկու բառ չի կարողանում ասել, նաև պետք է լինի բարձրահասակ, ցանկալի է զբաղվի սպորտով և իմանա գոնե մեկ ավել լեզու: Տաթև, 20 տարեկան

Աղբյուր