Միայն տեսնեք, թե ինչպես է փոխվել «Որբերի» Վարդանը. Նա անճանաչելի է դարձել. ՖՈՏՈ

«Որբերը» հեռուստասերիալից հեռուստադիտողներին հայտնի Վարդանը՝ իրականում Ջոնի (Ջանիբեկ) Կուրղինյանը, հաջորդ ամիս կբոլորի 18 տարին։ BlogNews-ն այս անգամ գտել ու զրույց է ունեցել Վարդանի դերակատարի հետ։ Ջանիբեկին բոլորը Ջոն են դիմում, սակայն նրա խոսքով՝ իր անունից չի կոմպլեքսավորվում, ուղղակի իրեն մանկուց բոլորն այդպես են դիմել։

«Հիմա դիտում եմ «Որբերն» ու զարմանում, թե էդ տարիքում ինչպես եմ կարողացել մտնել այդ կերպարի մեջ։ Ամեն մեկը չի կարող մանկատան երեխայի դեր խաղալ։ Դիտում եմ ու հասկանում, որ բոլորս էլ հարմարվել էինք այդ դերերին, գիտեինք՝ մեր կերպարներն ինչ են ներկայացնում իրենցից։ Հիմա եմ հասկանում, թե ինչ մեծ աշխատանք են արել ռեժիսորը՝ Ելենա Արշակյանը, նրա օգնականները, օպերատորները։ Այն ժամանակ մտածում էի, որ մեծ եմ ու գիտեմ՝ ինչ եմ անում, սակայն հիմա հասկանում եմ, թե ինչ մեծ աշխատանք են արել նրանք, որովհետև երեխաների հետ աշխատելը բավականին դժվար է»,- երախտագիտությամբ ասաց Վարդանի դերակատարը։

Ջոնին նշեց, որ ֆիլմի թողած ամենամեծ հետքը եղել է մանկատուն այցի ժամանակ։ «Ես ինչքան էլ խաղայի այդ դերը, մտնեի կերպարի մեջ, օրվա վերջում գնում էի մեր տուն, իմ ընտանիքի մոտ։ Այդ ժամանակ լիարժեք հասկացա, որ կան երեխաներ, ովքեր այնտեղ էլ կմնան… Դա ամենամեծ տպավորությունն էր»,- ասաց նա։

Ըստ Ջոնիի՝ խաղընկերների հետ մինչև հիմա կապի մեջ է. «Վահագնը ամռանը բանակից արձակուրդ էր եկել, հանդիպեցինք։ Մյուսների հետ էլ եմ կապի մեջ»։

Ջոնին «Որբերից» հետո նկարահանվել է «Գերդաստան» ֆիլմում, որն ինչ-ինչ պատճառներով կիսատ մնաց, հետո նկարահանվել է «Քաղցր կյանք» ֆիլմում, որից հետո դադար է առել։ «Երբ պետք է մասնագիտական ընտրություն անեի, ընդունվեցի Մանկավարժականի հենակետային վարժարանի ռեժիսուրայի ֆակուլտետը, սակայն դիմորդները քիչ էին, և այն փակվեց։ Որոշեցի այլ մասնագիտոթյուն ընտրել։ Դերասանության մեջ մասնագիտանալ հիմա չեմ ցանկանում, ուզում եմ ավելի լուրջ ուղղությամբ գնալ։ Չեմ ուզում ասել, թե դերասանությունը լուրջ չէ, այն շատ մասնագիտություններից ավելի լուրջ է, սակայն ցանկացա սովորել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (Գյուղինստիտուտում)՝ մեքենասարքավորումների բաժնում»,- ասաց առաջին կուրսի ուսանողն ու հավելեց, որ առաջարկներ ունենալու դեպքում կցանկանա կրկին նկարահանվել, սակայն ապագան այժմ մշուշոտ է, քանի որ առաջիկայում զորակոչվելու է բանակ։

Անդրադառնալով բանակ գնալուն՝ Ջոնին նշեց, որ հնարավորության դեպքում կցանկանար հետաձգել ծառայությունը, սակայն չի պատրաստվում որևէ մեկին կաշառք տալ և նման բան անել։ «Բոլորս էլ գիտենք, թե ինչ իրավիճակ է հիմա սահմանում, եթե ինչ-որ տարբերակ լինի ծառայությունս հետաձգելու, ուրախ կլինեմ, քանի որ լավ հասակում 2 տարի կորցնում եմ, սակայն նաև հասկանում եմ՝ ինչու։ Դա առաջին հերթին իմ ընտանիքին, ընկերներին, ընկերուհուն պաշտպանելու համար է։ Ես ոչ մի առողջական խնդիր չունեմ, զբաղվել եմ քինգ-բոքսով, կարատեով և կարծում եմ՝ այս զորակոչին կգնամ բանակ»,- ասաց նա։

Ջոնիից տեղեկացանք, որ արդեն 4 ամիս է՝ ընկերուհի ունի։ «9 ամիս սիրել եմ նրան, սակայն նա ինձ չէր սիրում։ Երբ շատ շփվեցինք իրար հետ, նա զգաց, թե իրեն ինչքան շատ եմ սիրում, ինչ հարգանքով եմ վերաբերվում, ու նրա մեջ էլ ինչ-որ բան արթնացավ»,- ասաց նա ու հավելեց, որ սիրելին ևս նոյեմբերին կբոլորի 18 տարին։

  Աղբյուր