Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են Կիմ Չեն Ընի թիկնապահները վազում նրա մեքենայի կողքից ու հետևից (տեսանյութ)

Համացանցում հայտնվել է ուշագրավ տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ապրիլի 27-ին կայացած խաղաղության միջկորեական գագաթնաժողովի առաջին փուլից հետո հեռանում «Մերսեդես» մակնիշի սև ավտոմեքենայով՝ շրջապատված մեքենայի կողքից վազող 12 անվտանգության աշխատակիցներով, գրում է Daily Mail-ը:

Հայտնի է, որ Կիմը դուրս է եկել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ բանակցություններից և նստել է լիմուզինը: Երբ մեքենան սկսել է շարժվել, թիկնապահներն անմիջապես սկսել են վազել իրար հետևից՝ հետևից ու կողքերից շրջապատելով մեքենան:

Twitter-ի օգտատերերը սկսել են ծաղրել տարօրինակ տեսանյութը, որն ամիջապես տարածվել է համացանցում:

Հիշեցնենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին՝ լրագրողների առջև իրար ողջունելով ու ձեռք սեղմելով: Դրանից հետո ղեկավարներն անցել են բուն բանակցային գործընթացին, որը տեղի է ունեցել սահմանային Պհանմունջոմ բնակավայրում:

Կիմ Չեն Ընը դարձել է վերջին 65 տարվա ընթացքում առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը հատել է սահմանն ու անցել Հարավային Կորեայի տարածք:

Աղբյուր՝ Tert.am