Սերժանտ Ադամ Սահակյան. 5 ժամ շարունակ արիաբար մարտնչել է մինչեւ վերջին փամփուշտը

Մեր ժամանակի հերոս սերժանտ Ադամ Սահակյան. 2016թ.-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում ծառայակիցների հետ պաշտպանել է Արցախի Ջաբրայիլի մարտական դիրքը:

Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր. նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում էլ տեղի է ունեցել հակառակորդի հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տեւած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի (Լելե Թեփե բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցել են շրջանաձեւ պաշտպանության։

Սերժանտը, իր ծառայակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչել է թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային): Սերժանտն ընկել է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին եւ դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրայիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում եւ կանգնեցնել հակառակորդին։

Ադամ Սահակյանը, սակայն անհետ կորածների ցուցակում էր. մինչ նրա մահվան լուրն իմանալը հարազատները համացանցում տարածել էին զինվորի նկարը, ումից արդեն մի քանի օր է լուր չունեին: Հարազատներից բացի, նրան սկսել էին փնտրել ծանոթ ու անծանոթ հարյուրավոր մարդիկ: Նրա մահվան մասին հայտնի դարձավ մի քանի օր անց միայն: Ադամը վերջին անգամ ծնողների հետ կապ էր հաստատել 2016 թ.-ի ապրիլի 1-ի երեկոյան, զգուշացրել, որ հնարավոր է` մի քանի օր չկարողանա զանգահարել՝ հավելելով՝ «Դուք գիտեք, թե որտեղ եմ»: Ադամը զորամասի հրամանատարության հետ վերջին անգամ կապ է հաստատել ապրիլի 2-ի առավոտյան ժամը 08:00-ին, հաղորդել, որ անձնակազմը զոհվել է, ինքը մնացել է միայնակ:

Ադամ Սահակյանը 2016 թ.ի ապրիլի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» պետական մեդալով, Իսկ մայիսի 28-ին՝ Սերժ Սարգսյանի կողմից՝ պարգեւատրվել է ՀՀ «Արիության» պետական մեդալով:

Սերժանտը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երեւանում: 2002 թվականից սովորել է Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, որն ավարտել է 2013 թվականին: 114 ավագ դպրոցի պատմության դասասենյակը կրում է հերոս Ադամ Սահակյանի անունը:

Սահակյանը 2013 թվականին ընդունվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը: Զբաղվել է սպորտով՝ կարատե եւ ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաեւ մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում՝ բռնցքամարտով: Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել էր սերժանտ զինվորական կոչում։

Աղբյուր՝ Yelaket.am