Ինչ նոր խնդիրների կհանգեցնի զինվորական ծառայության մասին օրինագծի ընդունումը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը դեռ շարունակում է բուռն քննարկումների տեղիք տալ: Այս ժամանակահատվածում նման օրինագծի ընդունումը որքանո՞վ է անհրաժեշտ, և եթե այն ընդունվի` ի՞նչ հետևանքների կհանգեցնի: Հարցերին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ փաստաբան Նորիկ Նորիկյանը:

«Կյանքը զարգանում է, և կարող է լինել որոշակի փոփոխությունների անհրաժեշտություն, թե հիմա դրանք ինչպես կծառայեն երկրի զինված ուժերի հետագա զարգացմանը, կարծում եմ` լավագույն գնահատականը տալու է ժամանակը: Այս օրինագծում կան բավականին վիճահարույց դրույթներ, այդ թվում նաև` տարկետումների ամբողջ ընթացակարգը, սպայական կազմի համալրման և այլ կետերի հետ կապված: Հիմա բուռն քննարկումներ են տեղի ունենում և, դատելով դրամադրություններից, ենթադրվում է, որ այն ընդունվելու է»:

Փաստաբանը նշում է, որ օրենքի նախագծում կան նաև այնպիսի կետեր, որոնք եթե օրենքն ընդունվի, այլ բարդությունների կհանգեցնեն. «Ամենակարևորը տարկետումների տրամադրման նոր ընթացկարգերի սահմանումն է: Նշվում է, որ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված բոլոր քաղաքացիներին կտրվի տարկետման իրավունք, եթե նրանք պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքեն, որի համաձայն ուսումն ավարտելուց հետո պետք է անցնեն սպայական ծառայության` 3 տարի ժամկետով: Եվ եթե հանկարծ սպայական ծառայության անցնելուց հետո,նա ցանկանա խզել պայմանագիրը և կիսատ թողնել սպայական ծառայությունը, արդեն պաշտպանության նախարարի հրամանով կոչումազրկելու են և ուղարկելու պարտադիր զինվորական ծառայության: Ես դա չեմ պատկերացնում` հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունները… Պատկերացնո՞ւմ եք` սպային աստիճանազրկեն ու ուղարկեն շարքային կազմի հետ զինվորական ծառայության, բոլոր հոգեբանական բարդույթներով հանդերձ, կարծում եմ, որ մենք լուրջ խնդրի առջև ենք կանգնելու»:

Փաստաբանը նաև հավելում է, որ մեկ այլ խնդիր ևս կա, օրինակ` նա կարծում է, որ պետք է գնալ մի այնպիսի քայլի, որի համաձայն օրինագծով կսահմանվի, որ եթե այն անձինք, ովքեր չեն անցել զինվորական ծառայություն, չեն կարող անցնել հանրային ծառայության: Որովհետև մարդիկ, օգտագործելով օրենքի դրույթները, կարող են նշանակվել գյուղապետ, համայնքապետ, քաղաքապետ, մարզպետ, դառնալ պատգամավոր, նախարար` չանցնելով զինվորական ծառայություն և անհրաժեշտ պահին մասնակցել երկրի պաշտպանության կազմակերպմանը և այդ շրջանակներում օրենքներ ընդունել»:

Զինվորական ծառայության վերաբերյալ խնդիրները միայն նոր նախագծի դրույթներով չեն սահմանափոկվում: Այսօր էլ գործող դրույթներ կան, որոնք նույնպես պատկերացումներից դուրս են. «Օրինակ` հիմա նորակոչիկները իրենց ծառայության անցնելու վայրը` զորամասը, ընտրում են վիճակահանության սկզբունքով, հանվել է որոշ դեպքերում 150 կմ շառավղով հեռավորության վրա ծառայելու հանգամանքը: Եվ հիմա այնտեղ այնպիսի չափորոշիչներ են գրված, որը ըստ էության անհնար է: Նշվում է, որ մարտական հերթապահության չեն կարող զորակոչվել նրանք, ում ծնողները 65 տարեկան են: Հիմա եթե 65-ից հանում ենք 18 տարին, նշանակում է 47-48, իսկ մեր հայ իրականության մեջ բացառիկ դեպքերում կարելի է հանդիպել դեպքերի, երբ 47-48 տարեկանում նոր երեխա են ունենում, հետևաբար այդ նորմը չի գործելու:

Եվ նմանատիպ էլի բազմաթիվ նորմեր կան, օրինակ` ԱԺ ընտրված պատգամավորներն իրենց լիազորությունների շրջանակներում չեն կարող անցնել պարտադիր զինվորական ծառայության: Ստացվում է, որ, ենթադրենք, եթե  մարդը 18-ից հետո ինչ-ինչ պատճառներով չի ծառայել, գալիս հասնում է 25 տարեկան, ու հանկարծ ինչ-որ կուսակցության կողմից դառնում է պատգամավոր… Սոցիալական արդարության տեսանկյունից մենք խնդիր ունենք օրինագծի վերաբերյալ»:

Մեր զրուցակցի խոսքով` որքան էլ օրինագծի պատճառները հասկանալի են, միևնույն է` այն կարող է վտանգավոր լինել. «Ես հասկանում եմ, որ մենք այսօրվա ստեղծված պայմաններում բանակի համալրման խնդիր ունենք, բայց ստեղծել այսպիսի գործիքակազմ, կարծում եմ` սա կարող է վտանգավոր լինել: 3 տարի ծառայության վերաբերյալ մտավախությունները կարող են մեր հայրենակիցներին դրդել, որ նա դիմի արտագաղթի, որ չթողնեն, որ իրենց երեխաները 3 տարի ծառայեն: Կամ` տարկետման հետ կապված, 4 տարի սովորելուց և ավարտելուց հետո պետք է գնա բանակ որպես սպա, այսպես մենք վնասում ենք կրթության զարգացմանը: Ես չեմ ասում, որ բանակի հաշվին պետք է զարգացնել գիտությունը, բայց ոչ էլ կարող ենք վնասել գիտությանը»:

 

 

 

Աղբյուր