Մոտ ապագայում տղամարդիկ կարող են ամուլ դառնալ. գիտնականներ

Գիտնականներն անհանգստացած են այն փաստով, որ ժամանակակից տղամարդկանց մոտ նվազում է սերմնաբջիջների քանակությունը և երկու անգամ ավելացել են ամորձիների քաղցկեղի դեպքերը: Մասնագետները կարծում են, որ սա կարող է ճակատագրական լինել մարդկության համար:

 

Վերջին 40 տարվա վիճակագրական տվյակները ցույց են տվել, որ արևմտյան երկրներում տղամարդկանց սերմնահեղուկի մեջ երկու անգամ նվազել է սերմնաբջիջների քանակը: Բացի այդ, ինչպես նշվում է Կոպենհագենի համալսարանի գիտնականների զեկույցում, բժիշկները սկսել են նաև շատ ավելի հաճախ ամորձիների քաղցկեղ ախտորոշել: Նման փոփոխությունների պատճառը պեստիցիդներն ու այլ վտանգավոր միացություններն են, որոնք սննդի միջոցով մարդու օրգանիզմ են ներթափանցում և խիստ վնաս հասցնում առողջությանը:

 

Գենետիկները նույնպես հաստատում են, որ մարդու գենոմում կտրուկ կերպով փոփոխություններ են տեղի ունենում: Ընդ որում՝ այդ փոփոխությունները կարող են տեղի ունենալ ընդամենը երկու սերունդ հետո:

 

Մասնագետները նշում են, որ այս փոփոխությունները չի կարելի անվանել հասարակ մուտացիաներ, որոնք պայմանավորված են տեսակի էվոլյուցիայով: Ընդ որում՝ նման մուտացիաներ կարող են առաջացնել տարբեր միացություններ, որոնց անգամ փոքր չափաբաժինը կարող է զգալիորեն փոխել էնդոկրին (ներզատական) համակարգը:

 

Բացի սննդամթերքից, վնասակար միացություններ կարող են պարունակվել նաև ջրի մեջ: Նման միացություններ կան անգամ աշխատավայրում ու տանը և դրանք կարող են օրգանիզմ ներթափանցել նույնիսկ մաշկի միջոցով: Գիտնականների հավաստմամբ՝ ռիսկային խմբում են անգամ դեռ չծնված երեխաները, քանի որ հորմոնալ ֆոնի խանգարումներ առաջացնող միացությունների ազդեցությունը տղա երեխայով հղի կնոջ օրգանիզմի վրա կարող է հետագայում լուրջ խանգարումներ առաջացնել երեխայի մոտ:

 

 

 

Աղբյուր