Կնոջ ինտիմ կյանքն ու հոգեկան վիճակը դաշտանադադարի ժամանակ

Կանանց մեծ մասը, հասնելով 45-50 տարիքային շեմին, իրենց սեռական կյանքում զգալի փոփոխություններ են նկատում: Ոմանց մոտ այդ փոփոխությունները դրական են, ոմանց մոտ էլ` հակառակը: Սակայն կարևոր է հիշել, որ փոփոխությունները բնական են, իսկ անցանկալի հետևանքները միշտ էլ հնարավոր է ուղղել կամ կասեցնել:

Բնականաբար դժվար է սահմանել «նորմալ սեռական կյանք» հասկացողությունը։ Սակայն ընդունված է համարել, որ սեռական հարաբերություններում ամեն բան կարգին է, եթե `

·         Դուք ունակ եք հաճույք ստանալ սեքսից,

·         Ձեզ և ձեր զուգընկերոջը գոհացուցիչ է սեռական ցանկության տվյալ մակարդակը և սեքսուալ կյանքի տվյալ որակը:

Դաշտանադադարի ժամանակ կինը կարող է հանդիպել այնպիսի տարածված խնդիրների, ինչպիսիք են`

·         Սեռական ցանկության նվազում

·         Սեքսի ժամանակ հեշտոցում ցավային զգացողություններ

·         Օրգազմի բացակայություն

·         Զուգընկերոջ մոտ էրեկտիլ դիսֆունկցիա

Առանձին անդրադարձի է արժանի դաշտանադադարի ժամանակ կնոջ հոգեկան վիճակը, որը լրջորեն տատանվում է` կապված հորմոնալ ֆոնի փոփոխությաններից: Ոչ ստաբիլ հորմոնալ ֆոնը պատճառ է հանդիսանում դաշտանադադարային դիսֆորիայի առաջացման համար, որի ախտանիշներից է`

·         Գերգրգռվածությունը

·         Հաճախակի լացը

·         Անհանգստության մշտական զգացողությունը

·         Ոչ կայուն էմոցիոնալ վիճակը

·         Հիշողության և ուշադրության կենտրոնացման հետ խնդիրները

·         Անքնությունը

·         Խրոնիկ հոգնածությունը

Հարկ է հիշել, որ բացի վերոնշյալից, հնարավոր է նաև դաշտանադադարային դեպրեսիայի առաջացումը, որը պետք է անպայմանորեն տարբերակել դիսֆորիայից: Այս տիպի դեպրեսիան ուղեկցվում է հոգեսոմատիկ գլխացավերով, ողնաշարի շրջանի ցավերով, հոդային և շնչառական դժվարություններով:

Դաշտանադադարը յուրաքանչյուր կնոջ կյանքում հոգեկան և ֆիզիոլոգիական փոփոխություններ է առաջ բերում։ Այդ իսկ պատճառով ավելի քան կարևորվում է զուգընկերոջ ուշադրությունն ու աջակցությունը հատկապես այս փուլում:

 

 

Աղբյուր