Ռոզա Ֆիլբերգը՝ դերասանական իր առաջին փորձի, համբույրի տեսարանների և Դիանա Գրիգորյանի նախագծից հեռանալու մասին

«Նռան հատիկ». այսպես է կոչվում սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի նոր հեռուստանախագիծը, որի նկարահանումներն արդեն սկսվել են: Այս նախագծի համար Դիանան նոր դեմքեր է ընտրել՝ Ռուդոլֆ Ղևոնդյան, Ջուլիետա Ստեփանյան, Արա Դեղտրիկյան, Լևոն Հարությունյան, Ագնեսա Շահնազարյան, Ռուզան Վիթ-Մեսրոպյան, Արսեն Լևոնյան, Հայկ Չոմոյան, իսկ գլխավոր հերոսուհու կերպարում առաջին անգամ ներկայանում է Ռոզա Ֆիլբերգը, ով շատերին ծանոթ է որպես երգիչ Մհերի քույր: Դե իսկ գլխավոր դերակատարի անունը դեռ գաղտնի է պահվում: BlogNews.am-ը ներկա է եղել նկարահանումներին և առաջինը խոսել գլխավոր դերակատարուհու՝ Ռոզայի հետ, ով մարմնավորում է Սոֆյային։ Վերջինս բարի, լուսավոր, մի քիչ էլ թախծոտ աղջկա կերպարում է, ով երազում էր սիրելիի հետ պարզ երջանկության մասին, սակայն կյանքը նրա համար այլ բան էր նախատեսել, որի ծանրությանը դիմանալն այնքան էլ հեշտ չէ:  

«Նախագծում նկարահանվելու առաջարկն ստացել եմ Դիանա Գրիգորյանից, ով զանգահարել էր եղբորս՝ Մհերին: Մենք եկանք նախնական քննարկման, և ինձ տրվեց առաջադրանք՝ դերից մի հատված խաղալու: Չնայած փոքր տարիքից երազել եմ նկարահանվել ֆիլմում, բայց, իհարկե, մտավախություն կար, քանի որ նախ՝ դերասանական փորձ չունեի, երկրորդն էլ՝ լեզվական արգելքն էր. ես ունեմ ռուսական կրթություն և այնքան էլ սահուն չեմ խոսում հայերեն: Այս ամենի հետ մեկտեղ կար նաև մեծ ցանկություն, և որոշեցինք, որ կարող եմ հաղթահարել այդ խնդիրները: Առաջարկն ընդունելուց հետո ես սկսեցի զօրուգիշեր աշխատել. ամբողջ օրը տեքստ էի սովորում»,-պատմում է Ռոզան:

Չնայած Ռոզայի առաջին փորձն է, բայց նրան միանգամից բաժին է հասել գլխավոր հերոսուհու կերպարը. ասում է՝ այս առումով նրա բախտը պարզապես բերել է. «Իհարկե, այս հնարավորության համար շնորհակալ եմ Դիանային և Աստծուն: Սա իմ երազանքներից մեկն է, որ իրականացավ: Կանխատեսում էի՝ ինչի եմ գնում, և թե որքան բարդ է լինելու, բայց պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ ես օր-օրի ավելի եմ կատարելագործվում»:

Համացանցում արդեն հայտնվել է սերիալի անոնսը, որտեղ հեռուստադիտողը Ռոզային տեսնում է համբուրվելիս։ Այն հարցին՝ արդյոք դեմ չէ նման տեսարաններին, պատասխանում է. «Իհարկե, այդ թեմայով եղել է խոսակցություն, բայց ես սիրում եմ, երբ ամեն ինչ արվում է էսթետիկ և ամեն ինչ չափի մեջ է լինում: Ես կարծում եմ, որ դերասանը պետք է ամբողջովին նվիրվի իր աշխատանքին, բայց ես ունեմ իմ սկզբունքները, որոնք չեմ խախտում: Համբույրի տեսարան եղել է, բայց նկարահանող խումբն այն շատ գեղեցիկ է ներկայացրել, և կադրում երևում է միայն շուրթերի հպումը: Ինձ համար դա էլ էր դժվար և մի պատնեշ էր, որ հաղթահարեցի»:

Զրույցի ժամանակ չկարողացանք շրջանցել նաև մամուլում վերջերս տարածված լուրը, որ սցենարիստ Դիանա Գրիգորյանը կիսատ է թողել նախագիծը և լքել այն. «Երբ այդ նյութը տարածվեց, ընկերներս զանգահարում էին ինձ՝ ճշտելու դրա իրական լինելը, բայց ես էլ, անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե որքանով է հավաստի տեղեկությունը»,- եզրափակեց Ռոզան։

 

Աղբյուր` BlogNews.am