Օգոստոսի 3-ից հանրապետությանը կմոտենա հաջորդ տաք օդային ալիքը. ըստ Գագիկ Սուրենյանի՝ օգոստոս ամսին էլ նորմայից բարձր շոգ կլինի.

 ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր հանրապետություն որոշակի չափով սառը օդի ներհոսք կա:

 

«Օդի ջերմաստիճանը չնչին՝ 1-ից 2 աստիճանով կնվազի և արդեն Արարատյան դաշտում,  Երևանում և Սյունիքի հովտային գոտում ցերեկը չի  գերազանցի 38-ից 39 աստիճանը: Այդ ջերմաստիճանը  կպահպանվի մինչև օգոստոսի 2-ը»,-ասաց նա:

Ըստ Գագիկ Սուրենյանի՝ օգոստոսի 3-ից Հարավ Արևմուտքից հանրապետությանը կմոտենա հաջորդ տաք օդային ալիքը:  «Ջերմաստիճանը նորից 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում կբարձրանա այնքան, որքան իջել էր և կրկին հանրապետության  ցածրադիր հատվածներում՝ Երևան, Արարատյան դաշտ, Սյունիքի հովիտներ,  նորից ջերմաստիճանը կհասնի 40-ից 41 աստիճանի»,-ասաց նա:

Վաղը երեկոյան ժամերին, սակայն, ըստ Սուրենյանի՝ Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի,  Արարատի մարզերում, նաև Երևանի առանձին հատվածներում  չի բացառվում  կարճատև անձրև և ամպրոպ:

«Բայց միայն վաղը, մնացած  օրերը կլինի  առանց տեղումների եղանակ՝  շոգ, բարձր  ջերմային ֆոնով, հովտային շրջաններում  բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,-ասաց նա:

Գագիկ Սուրենյանն, ի դեպ, նշեց, որ երեկ հուլիսի 29-ին կրկնվել է Արարատյան դաշտում այդ տարածքի համար երբևէ գրանցված պատմական բացարձակ ամենաբարձր ռեկորդային ջերմաստիճանը: Արարատ քաղաքի հատվածում ցերեկը օդի ջերմաստիճանը հասել է +42.6 աստիճանի: Նման ցուցանիշ գրանցվել է նաև 1986 թ-ի հուլիսի 9-ին, կրկին +42.6 աստիճան: «Դա բարձր ցուցանիշ է և լինում է հազվադեպ»,-ասաց նա:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ չնայած դրան չէր ասի, որ այս ամառ ռեկորդային շոգ է: «Բայց, իհարկե, նորմայից բարձր է, ինչպես կանխատեսել էի՝ բավական շոգ ամառ է»,-ասաց նա:

Օգոստոս ամիսը, Սուրենյանի խոսքով, ևս կլինի շոգ և նորմայից բարձր: «Հաճախակի են լինելու ջերմային ալիքները, հատկապես շատ շոգ կլինի օգոստոսի առաջին կեսին»,- նշեց նա:

Աղբյուր՝ Tert.am Life