Այնու ցեղի կանանց արտասովոր դաջաժպիտը. Հինավուրց ավանդույթի բացահայտումը․ ինչու էին այնու ցեղի կանայք դեմքին ժպիտ դաջում

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Այնու ցեղի կանանց լուսանկարներն ապշեցնում են։ Հին հավատալիքների համաձայն, ընդունված էր ձեռքը, դաստակը, արմնկահոդը և շուրթերը դաջել զարդանախշերով։ Այսօր դրան կարելի է «Ջոկերի ժպիտ» անվանել, թեև այդ ավանդույթն ավելի քան 10 հազար տարվա պատմություն ունի։

Մշակութաբանները պնդում են, որ ժպիտ դաջելը հինավուրց ավանդույթներից մեկն է աշխարհում, որին հավատարիմ են մնացել այնու ցեղի ներկայացուցիչները։ Հակառակ Ճապոնիայի կառավարության արգելքին՝ այնու ցեղի ներկայացուցիչները նույնիսկ 20-րդ դարում էին ժպիտ դաջում։ Ընդ որում, համարվում է, որ վերջին «ճիշտ» դաջվածքով կինը  մահացել է 1998-ին։

Դաջվածքներ անում էին բացառապես կանայք։ Ավանդապատման համաձայն, այս ծիսակարգն այնու ցեղի նախնիներին սովորեցրել է Okikurumi Turesh Machi-ն՝ ամենայն ինչի նախատատը, արարիչ Աստծու՝ Okikurumi-ի կրտսեր քույրը։ Ավանդույթը սերնդե-սերունդ է փոխանցվել կանանց միջոցով։ Այնու ցեղի աղջկա մարմնին դաջվածք էր անում մայրը կամ տատը։ Այնու ցեղի ճապոնացման ընթացքում 1799-ին աղջիկներին դաջելն օրենքով արգելվեց։ Իսկ 1871-ին Հոկայդոյում հռչակվեց կրկնակի խիստ արգելք, քանզի համարվում էր, որ պրոցեդուրան չափազանց ցավոտ է ու ոչ մարդասիրական։

Այնու ցեղի համար արգելքն անընդունելի էր, քանի որ այդպիսով խոչընդոտ է ստեղծվում աղջիկների ամուսնության համար, իսկ դաջվածք չունեցող կանայք հանգիստ չեն գտնում հաջորդ կյանքում։

Հարկ է նշել, որ ծիսակարգն իսկապես անողոք էր․ առաջին դաջվածքն աղջիկների մարմնին արվում էր յոթ տարեկան հասակում, իսկ հետագայում ժպիտի դաջվածքն ավարտին էին հասցնում միայն մի քանի տարվա ընթացքում, որի եզրափակիչ փուլը համարվում էր ամուսնության օրը։

Շուրթերի շուրջ մակակտրվածք էր արվում «մակարի» կոչվող դանակով, մակակտրվածքը լցվում էր տան օջախից՝ Ֆուչի աստվածուհու օթևանից վերցված մրով։ Ֆուչին բոլոր փորձանքներից ու հիվանդություններից պաշտպանող աստվածուհի էր, որը միևնույն ժամանակ սատարում է մարդուն ծնվելու պահին և մեռնելիս։

Ծիսակատարության ժամանակ հարսնացուն ուժգին ցավեր էր զգում, սակայն այնու ցեղի մարդիկ հավատում էին, որ նա պատրաստվում է երկունքի։ Եթե ցավն անտանելի էր լինում, աղջիկներին ուժով պահում էին։ Դաջաժպիտից հետո շուրթերն այվում էին թեժ ածուխների պես, շատերին տանջում էր տենդը, ի հայտ էին գալիս ցավագին այտուցներ։ Աղջիկները գործնականում ի վիճակի չէին լինում ուտելու և օրերով քնում էին։

Բնորոշ դաջաժպիտից բացի, այնուի կանանց ձեռքերին կարելի էր տեսնել երկրաչափական նախշազարդեր, որոնք մարմնին դաջվում էին որպես հուռութք։

Ոչ պակաս ահավոր տեսք ունեին նաև Apantis տոհմի կանայք, որոնք դեմքն այլանդակում էին սեփական կամքով։

Ժամանակակից աշխարհում դաջվածքները գրեթե լիովին կորցրել են ծիսակարգային իմաստը և դարձել սոսկ մարմինը նախշելու տարր, շրջապատին ցնցելու միջոց։ Փոխարենն այսօր փառատոներին ու դիմակահանդեսներին կարելի է տեսնել սասափեցնող կին վամպիրների և այլևայլ զարհուրելի կերպարների։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am