Առաջիկա 5 օրերին ջերմային ցիկլոնի ակտիվ ազդեցությունը կպահպանվի. Գագիկ Սուրենյան

«Հայաստանը գտնվում է հերթական ջերմային ցիկլոնի ազդեցության գոտում, որը մեր երկիր է ներթափանցել Իրաքի տարածքից։

Առաջիկա 5 օրերին նրա ակտիվ ազդեցությունը պահպանվելու է երկրի ողջ տարածքում, որը կարտահայտվի բարձր ջերմային ֆոնով և առանց տեղումների եղանակով, ինչպես նաև հարաբերական խոնավության շատ ցածր մակարդակով։

Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հանրապետության հովտային գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտիներում և Երևանում, որտեղ ցերեկը ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։

Պայմանավորված չոր եղանակով և բարձր ջերմային ֆոնով։ Հատկապես հանրապետության ցածրադիր հատվածներում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուստի ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը ազգաբնակչությանը կոչ է անում առավել զգոն լինել՝ բնության մեջ կրակի օգտագործման հետ անտառային գոտիներում և խոտածածկ տարածքներում հրդեհներից խոսափելու համար։

Նաև ուզում եմ նշել, որ այս տարվա օգոստոսին կրկին կանխատեսվել է շոգ, օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր, ամսվա ընթացքում հաճախակի կլինեն հարավից ներթափանցող ջերմային ալիքները, ինչի հետևանքով այս օրերին առկա բարձր ջերմաստիճանները պարբերաբար կկրկնվեն»։ Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Աղբյուր՝ Shamshyan.com