Այսօրվանից որոշ տուգանքներ կչեղարկվեն, կդադարեցվի 60 կմ/ժ-ից ցածր արագաչափերի գործարկումը. մանրամասներ

2018 թվականի մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում՝ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի համապատասխան բաժնում: Այդ զանցանքներն են.

— տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի եւ հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթեւեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որեւէ արգելքի միջեւ տարածությունը 3 մ պակաս է /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,

— տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթեւեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից 5 մետրից պակաս վայրում / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,

— տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի եւ հատվող երթեւեկելի մասի եզրից տարածությունը 5 մետրից պակաս է / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,

— տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի եւ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի կամ այդ կետեի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից տարածությունը 15 մետրից պակաս է / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,

— տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթեւեկելի մասի տեղային լայնացումում՝ եզրին ոչ զուգահեռ, որտեղ նման կերպ կանգառ կատարելը գծանշմամբ կամ ճանապարհային նշանով թույլատրված չէ / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,

— գիշերային ժամերին (23:00-ից հետո) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետում /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդված 25 մաս/,

— տրանսպորտային միջոցը համընթաց հոսքերը բաժանող հոծ գծանշումը հատել է ոչ բոլոր (4) անիվներով / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս/,

— տրանսպորտային միջոցը խաչմերուկներն անցնելիս եւ խաչմերուկում շրջադարձ կատարելիս հատել է գծանշումները /կղզյակներ, հոծ գծեր, կոյուղակ-ներ եւ այլն / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս/:

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից նույնպես մի շարք իրավախախտումներ հայտնաբերելու դեպքերում պարտադիր կիրառվելու է «բանավոր դիտողություն» ներգործության միջոցը, իսկ այլ՝ ոչ կոպիտ իրավախախտումների դեպքերում նշված ներգործության միջոցի կիրառումն ոստիկանության ծառայողներին խրախուսվելու է: Այդ զանցանքներն են.

— տրանսպորտային միջոցի վարորդը այն վարելու ընթացքում ծխել է (բացառությամբ հասարակական տրասպորտում) /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 135.2 հոդվածի 1-ին մաս/,

— տրանսպորտային միջոցի վարորդը այն վարել է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրասպորտային միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123.4 հոդվածի 2-րդ մաս/,

— տրանսպորտային միջոցի վարորդը երթեւեկության գոտիները փոփոխելիս կամ մանեւր կատարելիս չի օգտվել լուսային թարթիչներից / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 12-րդ մաս/:

Բացի այդ, ՀՀ տարածքի բնակավայրերի՝ 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվելու է, իսկ չկառավարվող հետիոտնային անցումների պարագայում՝ երթեւեկությունը դրանցում կազմակերպվելու է արհեստական խոչընդոտներով /թմբեր/:

ՀՀ ոստիկանությունը լիահույս է, որ վարչական պատասխանատվության ոլորտում քաղաքականության փոփոխությունը կբարձրացնի մեր վարորդների պատասխանատվությունն ու օրինավորության մակարդակը, ինչի արդյունքում Ճանապարհային ոստիկանությունն այլեւս հարկադրված չի լինի կրկին ուժեղացնել երթեւեկության անվտանգության նկատմամբ հսկողությունը:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը եւ կչեղարկվեն 13,7 մլրդ. դրամի չափով տուգանքները: