Թեպետ վաղուց օրացույցային աշուն է, բայց աշնանային տրամադրությունը Հայաստանում զգացինք ոչ թե սեպտեմբերին, այլ հոկտեմբերից: Այնպես որ հիմա իսկական ժամանակն է մտածել աշնանային զգեստապահարանի մասին: Աշնանային գլխավոր թրենդների մասին մենք արդեն խոսել ենք, այս անգամ հատուկ ուշադրություն դարձնենք կոշիկներին: Wnews.am-ը ներկայացնում է 9 նորաձև կոշիկ աշնանային սեզոնի համար:
Բոտիլիոններ մեծ բացվածքով
Էլեգանտ այս կոշիկները տեսողականորեն երկարացնում են ոտքերը: Կարելի է համադրել ինչպես տաբատների, այնպես էլ կիսաշրջազգեստների ու զգեստների հետ:
T-Strap
Այս կոշիկները լավ համադրվում են խիստ դասական կոստյումների հետ, թեպետ դրանց վառ տարբերակները կարելի է կրել նաև ջինսերի հետ:
Չելսի
Անձրևոտ եղանակի համար ամենահարմարավետ կոշիկները, բացի այդ չելսիները չափազանց ոճային տեսք ունեն:
Օքսֆորդներ
Օքսֆորդներն այս աշուն վառ ու գունավոր են, անսովոր գունային համադրություններով:
Լոֆերներ
Այս սեզոն չափազանց ակտուալ են զամշե կոշիկները, հատկապես ոչ անձրևային եղանակին զամշե լոֆերները անփոխարինելի են:
Սպորտային կոշիկներ
Դրանք շարունակում են ակտուալ մնալ. աշխարհի ամենահայտնի աղջիկները ՝ Ջիջի Հադիդն ու Քենդալ Ջենները մեծ դեր ունեն այս հարցում: Նրանք շարունակում են սպորտային կոշիկներ կրել ամենուր, միայն թե այս սեզոն կոշիները դարձել են առավել ներկայանալի՝ պատված են տարատեսակ զարդերով, քարերով ու նախշերով:
Մետալիկա
Հնարավոր է առաջին հայացքից տպավորություն ստեղծվի, թե այս կոշիկները դժվար են համադրվում առօրյա կերպարների հետ, բայց նայելով նորաձևության ցուցադրություններն ու բլոգերների կերպարները, համոզվում ենք, որ այդպես չէ: Եթե ուզում եք թարմություն հաղորդել աշնանային կերպարներին, մետալիկան անփոխարինելի է այս սեզոն:
Բարև 80-ականներից
80-ականներին ակտուալ երկարաճիտ կոշիկները վերադարձել են: Մուլտհերոսններին հիշեցնող այս կոշիկները լավ են համադրվում առօրյա կերպարների հետ՝ skinny ջինսեր, տունիկաներ, կիսաշրջազգեստներ:
Սրածայր բոտֆորտներ
Բոտֆորտները մի քանի սեզոն է, չեն կորցնում իրենց ակտուալությունը, միայն թե այս անգամ դրանք առավել վառ են, ցանկալի է կարմիր և սրածայր, երկարությունը՝ որքան երկար, այնքան լավ: