Նոր թեժ զարգացումների «Սուպեր մամա 2»-ի շուրջ

Սուպեր մամա 2»-ը ամերիկյան պրեմիերա չի ունենա: Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր և դերակատար Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումներից մեկի շուրջ քննարկում էր ծավալվել, որից կարելի է ենթադրել, որ պրեմիերա ԱՄՆ-ում սպասվում էր:

Armtimes.com-ը կապ հաստատեց ԱՄՆ-ում հայկական ֆիլմերի պրեմիերաների կազմակերպմամբ զբաղվող Սամվել Հովհաննիսյանի հետ, որը նշեց, որ ԱՄՆ-ում «Սուպեր մամա 2»-ի ցուցադրություն չի լինի, քանի որ տեսահեններն այն արդեն տարածել են յութուբում:

Թե ով է կատակերգությունը տեղադրել համացանցում դեռ հայտնի չէ: Հայկ Մարությանն այս օրերին միայն ֆեյսբուքյան իր մեկնաբանություններից մեկում երկու բառով գրել էր, որ այն գողացել են:

Երեկ՝ հունվարի 9-ին, նա ավելի ծավալուն գրառում էր կատարել, սակայն չէր նշել, թե ինչ տեղեկություններ ունի գողացողների մասին և, բացի համացանցից անօրինական տարածած հղումները հեռացնելուց, ինչ է պատրաստվում անել: Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ ստեղծագործական անձնակազմը 6-րդ վարչություն չի դիմել ապօրինի տարածման համար:

Համացանցում տարբեր կարծիքներ են արտահայտում կատարվածի վերաբերյալ: Քննադատության տարափ կա տարածողների նկատմամբ: Մարդիկ հիշեցնում են, որ ֆիլմը նկարելու համար Հայկը վաճառել էր մեքենան, որ 100 դրամի ակցիայի ժամանակ անվճար իր մեքենայով տեղափոխում էր մարդկանց, որ հասարակական տրանսպորտին 150 դրամ չվճարեն: Կա կարծիք, թե գուցե հեղինակներն իրենք տարածել աշխատանքը PR-ի համար: Ըստ մեկ այլ տեսակետի՝ այդպես են վարվել Հայկի մրցակիցները՝ նրան վնասելու նպատակով:

«Սուպեր մամա 2»-ը 2017 թ. հոկտեմբերի 4-ին կայացած պրեմիերայից հետո մեծ հաջողություն ունեցավ: Շաբաթներ շարունակ կինոթատրոնները լեփ-լեցուն էին: Կինոսերները նշում էին, որ դժվարությամբ են տոմսեր գտնում:

Երևանյան պրեմիերայից հետո սկսեց ցուցադրվել նաև մարզերում: Անվճար ցուցադրություններ կազմակերպվեցին սահմանամերձ շրջաններում: Ինչպես նշում է Հայկը, ֆիլմը լինելու է նաև հեռուստատեսությամբ և KarginTV YouTube-յան ալիքում, սակայն ապագայում: