Հայերի կողմից շատ սիրված քաղցր, արևելյան փախլավայի բաղադրատոմսը

Բաղադրիչներ

Խմորի համար՝ ձու — 1 հատ, կարագ — 75գր, կաթ — 60մլ, ալյուր — 2,5 բաժակ, շաքարավազ — 1/2թ/գդ, փխրեցուցիչ — 1/2թ/գդ, աղ — 1/2թ/գդ

Միջուկի համար՝ ընկույզ — 300գր, շաքարավազ — 150գր, կոճապղպեղ (имбирь) — 1թ/գդ, դարչին — 1/2թ/գդ,

Վրան լցնելու համար՝ կարագ — 100գր, ձու — 1 հատ, շաքարավազ — 250գր, ջուր — 1/4 բաժակ, մեղր — 3ճ/գդ

Պատրաստման եղանակ: 1.Խմորի համար տաքացնում ենք կաթը, լցնում բաժակի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու փխրեցուցիչը, խառնում և թողնում՝ հանգստանա 10-15 րոպե:

Խառնում ենք աղը, ալյուրը, ավելացնում կարագը, ձուն, շաքարավազով ու փխրեցուցիչով խառնած կաթը և հունցում փափուկ, հարթ խմոր (այնպես, որ համարյա չկպնի ձեռքերին):

2.Թողնում ենք՝ խմորը հանգստանա 1 ժամ տաք վայրում: 3.Միջուկի համար մանր կտրատում ենք ընկույզը, խառնում շաքարավազի, կոճապղպեղի, դարչինի հետ:

4.Ապա ձեռքերով ճմրթում ենք խմորը, թաթախում ալյուր մեջ և բաժանում 9 գնդի (մի գունդը անում ենք մի փոքր ավելի մեծ): Գրտնակում ենք խմորը, բացում բարակ 1մմ շերտով և դնում նախապես կարագով պատած ձևամանի մեջ, վրան քսում ենք հալեցրած կարագը: Բացում ենք ևս մեկ շերտ խմոր և դնում առաջին շերտի վրա (2 շերտ խմոր իրար վրա անհրաժեշտ է միայն ներքևի շերտում), վրան լցնում ենք 3-4 ճ/գդ միջուկ: 5.Կրկնում ենք նույն գործողությունը մինչև մնա խմորի վերջին մեծ գունդը:

6.Բացում ենք խմորի մեծ գունդը 2-3 մմ շերտով և փռում փախլավայի վրա՝ ծածկելով այն, վրան քսում ենք հարած ձուն և կտրատում ռոմբերով (կտրատել չհասնելով մինչև ներքևի շերտը)՝ ձև տալով փախլավային: Ամեն ռոմբի մեջտեղում դնում ենք կես ընկույզ և թխում ջեռոցում 10 րոպե 180 աստիճանում:

7.Ապա հանում ենք փախլավան, նորից դանակով անցնում կտրատված տեղերով, այդ արանքների մեջ լցնում ենք հալեցրած կարագը ու կրկին դնում ենք ջեռոցի մեջ և թխում ևս 20 րոպե:

8.Սիրոպի համար խառնում ենք շաքարավազը, ջուրը, մեղրը և եփում թույլ կրակի վրա 10 րոպե՝ անընդհատ խառնելով:

9.Հանում ենք ջեռոցից պատրաստի փախլավան կրկին անգամ դանակով անցնում կտրատված տեղերով, վրան լցնում ենք քաղցր սիրոպը, թողնում ենք 1 ժամ, որ սառչի, և կարելի է մատուցել:

paxlava-6

Մթերքի այս քանակությունից ստացվում է 6 բաժին փախլավա: Եթե ընկույզի սիրահար չեք, կարելի է փոխարինել ընկույզը պնդուկով:

Աղբյուր