Ապրիլյան պատերազմ. Քառօրյայի քրոնիկոնն ըստ օրերի

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո հակառակորդի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որը հետագայում կոչվեց  Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ։ 

Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։

  • Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
  • Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց՝ հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։
  • Ժամը 10։00-ի կողմերը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։

  • Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել:
  • Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։
  • Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին, հայտարարություն է տարածել, թե իբր միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։
  • ԼՂՀ ՊԲ-ն հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները Թալիշի (Արցախ) ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։

  • Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։
  • Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով։
  • Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում նաև՝ ՀԿՌՀ հրանետեր և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ։
  • ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաև երկու գյուղապետ:
  • Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

  • Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:
  • Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։
  • Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը։
  • Ժամը 18։30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ․ ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը։
  • Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել:

  • Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։
  • Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվել է 18 զինծառայողի մարմին։

Կողմերի  զոհերի, վիրավորների և մարտական կորուստների թիվը՝ ըստ ժամանակագրության.

Ապրիլի 2-ի դրությամբ

Ըստ 2016 թվականի ապրիլի 2-ի 19։00-ի տվյալների, Ադրբեջանի մարտական կորուստներն են․

  • 3 տանկ
  • 3 ՀՄՄ
  • 2 ուղղաթիռ
  • 2 անօդաչու սարք
  • 200 զինծառայող, այդ թվում՝ 40 հատուկջոկատային
  • Հայկական կողմն ունի 18 զոհ և 35 վիրավոր

Ապրիլի 4-ի դրությամբ

2016 թվականի ապրիլի 4-ի դրությամբ հայկական կողմի կորուստները կազմել են

  • 20 զոհված զինծառայող, որից 6-ը սպա-ենթասպա
  • 72 վիրավոր զինծառայող, որից 8-ը սպա-ենթասպա
  • զոհված 4 քաղաքացիական անձ, որից 1 երեխա

Ապրիլի 6-ի դրությամբ

2016 թվականի ապրիլի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմի կորուստները վերջին ճշտումներով կազմել են՝  110 զոհ և 121 վիրավոր: