Զոհված զինվորը Շիրակի մարզից է, ծնողներին ասել են՝ վիրավոր է. մանրամասներ

Այսօր հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Գրիգոր Եղոյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից էր: Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծնողները Ռուսաստանում են, վերջին շրջանում էին մեկնել ՌԴ՝ աշխատելու, իսկ տղան մեկ տարուց ավել է ծառայում էր բանակում:

«Ծնողներին տեղեկացրել են, ասել են՝ վիրավոր է, բայց կարծում եմ՝ արդեն տեղյակ են, շուտ կգան: Ինչ ասեմ, շատ ցավալի է, խելոք, համեստ ընտանիք են, շատ լավ տղա էր, տան կրտսերն էր, երեք երեխա էին»,-ասաց համայնքապետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը:

Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Աղբյուր՝ Hraparak.am