Զինծառայողին ծառայակիցները ծեծել են, քրոջ հեռախոսահամարն ուզել, հայհոյել՝ անզգուշաբար հասցնելով ինքնասպանության.գործը դատարանում է

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողները հարվածել և սեռական հայհոյանքներ են հասցրել իրենց ծառայակցին, քրոջ բջջային համարն են ուզել, փոխարենը ստացել են այլ համար: Նրանցից մեկը մեղադրվում է զինծառայակցին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ:

Tert.am- ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ երկու զինծառայողի մեղադրանք է առաջադրվել: Գործն ուղարկվել է Դիլիջանի դատարան և մակագրվել դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին:

Պարույր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, 2016թ մարտի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ծխարանում, իր հասցեին վիրավորական արտահայտություն անելու կապակցությամբ բռնություն է գործադրել նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Գ. Ա.-ի նկատմամբ՝ բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին՝ ձախ աչքի շրջանում պատճառելով կապտուկի տեսքով մարմնական վնասվածք:

Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով: Պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Մեկ այլ ծառայակցի՝ Մհեր Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, պարբերաբար նվաստացրել է ժամկետային զինծառայող շարքային Գ.Ա.-ի անձնական արժանապատվությունը: Նա 2016թ մարտի 29-ից մարտական հերթապահության ժամանակ  նույն հենակետում ծառայության նշանակված շարքային Գ.Ա.-ի ՝ կրակակետում քնելու և այդ հանգամանքը չընդունելու կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել վերջինիս հասցեին: Նույն օրը մարտական հենակետում Գ.Ա.-ից պահանջել է նրա քրոջ բջջային հեռախոսահամարը, սակայն պահանջված հեռախոսահամարի փոխարեն այլ հեռախոսահամար տալու կապակցությամբ սեռական բնույթի հայհոյանք է տվել վերջինիս հասցեին, ինչի հետևանքով անզգուշությամբ Գ.Ա.-ին հասցրել է ինքնասպանության:

Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Գ. Ասոյանը 01.04.2016թ ժամը 07:00-ից մինչև 09:00-ն իր ծառայության վայրում իրեն ամրակցված ՁԿԳ-74 տեսակի գնդացիրով ինքն իրեն բերանի շրջանից մեկ հատ մենահատ կրակոց արձակելով, պատճառել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում:

 

Աղբյուր