«Եվրատեսիլ-2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհին հայտնվել է սկանդալի կենտրոնում

«Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում Վրաստանը ներկայացնող 22-ամյա հայազգի երգչուհի Իրու Խեչանովան հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։ Նրան մեղադրում են «Voice» նախագծի եզրափակիչի արդյունքները կեղծելու մեջ։ Նախագծի ավարտից հետո տարբեր օգտատերեր մեկնաբանություններ են գրել, որ Խեչանովայի հաղթանակը նախապես ծրագրված է եղել։

Ավելի ուշ «Georgian Times» հեռուստաալիքը ձայնագրություն է հրապարակել է, որում իբր նախագծի կազմակերպիչներից Դավիթ Եվգենիձեն ասում է, որ ողջ թիմը «լրջորեն աշխատում է», որպեսզի Խեչանովան հասնի եզրափակիչ և հաղթի։ Իրավիճակը դեռ չեն մեկնաբանել ո՛չ վրացական Առաջին ալիքի ներկայացուցիչները, որով հեռարձակվել է շոուն, ո՛չ էլ Խեչանովան։

Հիշեցնենք` երգչուհին մայիսի 11-ին պետք է ելույթ ունենա «Եվրատեսիլի» երկրորդ կիսաեզրափակիչում։ Թե ինչ երգ է նա ներկայացնելու, դեռ հայտնի չէ։Խեչանովան եղել է «Candy» խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել 2011 թվականին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Երգչուհին հաղթել է նաև վրացական «Ձայնը» նախագծում։ Խեչանովան Թբիլիսիից է։

2007 թվականից սովորում է Գոգի Դոլիձեի անվան արվեստի դպրոցում (դաշնամուրի բաժին)։ Նա մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների։ 2009 թվականին Թբիլիսիի 2-րդ երաժշտական օլիմպիադայում գրավել է առաջին տեղը՝ դառնալով լավագույն կատարող։ Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023»-ը կանցկացվի Լիվերպուլում մայիսի 9-ից 13-ը։ Հայաստանը մրցույթում կներկայացնի երգչուհի Բրյունետը` Էլեն Երեմյանը, որը նույնպես ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակիչում: