«Ամուսինս գտնում էր ինձ վիրավորող մարդկանց և պատիվ պահանջում». Տիկտոկեր Չուչի-Շուշին՝ ամուսնու և իր տարիքային տարբերության, ընտանեկան խնդիրների և 9-ամյա դստեր մազերը գունաբացելու մասին

Տիկ-տոկից լսարանին հայտնի 31-ամյա Շուշանիկ Տեր-Հովհաննիսյանը՝ Չուչի-Շուշին, հայ իրականության մեջ առաջիններից էր, ով համացանցում սկսեց ներկայացնել իր ընտանեկան իրական կենցաղը: Նա փորձում է ցույց տալ, որ ցույց տալ, որ կարելի է և՛ Տիկ-տոկում տեսանյութեր նկարահանել, և՛ ընտանիքի հոգսերով զբաղվել։ Tert.am Life-ի հետ զրույցում Շուշին պատմել է ամուսնացած կանանց մոտիվացնելու, ամուսնու խստության, 12 տարվա տարիքային տարբերության և երեխաների մասին:

Չուչի-Շուշիի խոսքով՝ ամուսնացած շատ կանայք են իրեն գրում, որ իր շնորհիվ համարձակություն են ունեցել Տիկ-տոկի էջ բացել ու ինքնարտահայտվել այնտեղ: «Սա շատ ողջունելի է, որովհետև հավելվածը նախկինում ընկալվում էր որպես դեռահասների հարթակ: Իհարկե, կա նաև աղբ, որովհետև շատերը հավելվածին այլ կերպ են վերաբերում, կոնտենտ չունեն, անիմաստ տեսանյութեր են տեղադրում, վատաբանում են այս կամ այն հայտնի մարդուն, բայց դա ժամանակի ընթացքում կմաքրվի: Ես պատերազմից հետո անկախ իմ կամքից կոնտենտս փոխել եմ. հիմա պարային, թրենդային տեսանյութեր նկարահանելու տրամադրություն չունեմ, փորձում եմ այլ ոճի տեսանյութեր նկարահանել, տարբեր փորձարկումներ անել: Այս ամենի արդյունքում դիտումներն ընկնում են, բայց ես տեսանյութերս դիտումների համար չեմ նկարահանում, Տիկ-տոկն ինձ համար պարզապես հետաքրքիր հարթակ է, կարող եմ օրերով տեսանյութեր չնկարել, եթե ցանկություն չունեմ, ամեն ինչ իմ տրամադրությունից է կախված»,- ասաց նա:

Չուչի-Շուշին էջեր ունի Տիկ-տոկում, Ինստագրամում և Յութուբում: «Երեք հարթակներում էլ հավասարաչափ ակտիվ եմ, բայց նույն կոնտենտը չեմ մատուցում, որովհետև հետևորդներս նույնը չեն: Յութուբի հետևորդներիս մեծ մասը Տիկ-տոկ չունի, նրանք մեծ մասամբ երեխաներ են: Մարդիկ մտածում են՝ Տիկ-տոկում երեխաներ շատ կան, բայց մեծահասակներն ավելի շատ են: Այն, ինչ անում եմ Ինստագրամում, չեմ անում Տիկ-տոկում, որովհետև քննադատությունների կարժանանա: Ինստագրամն ինձ համար ավելի շատ տան նման է, անում եմ, ինչ ուզում եմ, իսկ Տիկ-տոկում մտածում եմ, որովհետև տեսանյութը կարող է հայտնվել այնպիսի տեղում, որ այն դիտեն շատ տղամարդիկ: Ինստագրամում, հիմնականում, կանայք են հետևում ինձ, այդ առումով այնտեղ ավելի ազատ թեմաներից կարող եմ խոսել»,- նշեց նա:

Չուչի-Շուշին նկատեց, որ երեք հարթակներում էլ քննադատություններն ու վիրավորանքները շատ են՝ ուղղված նույնիսկ իր երեխաներին, ծնողներին:

«Որքան էլ քննադատություններին նորմալ եմ վերաբերում, ամեն ինչ չափ ունի, չի կարելի վիրավորել իմ ընտանիքի անդամներին, մարդիկ այնքան անդաստիարակ են, որ չես կարողանում նրանց կանգնեցնել՝ չնայած հիմա մտածում եմ իրավաբան վարձելու մասին: Նեղսրտում եմ միայն, որ մարդկանց նման տեսակ կա ու փչացնում է երջանիկ մարդկանց կյանքը, նրանք օգտակար ոչնչով չեն զբաղվում: Կարծում եմ՝ նման վատ մեկնաբանություններ անում են դժբախտ մարդիկ, նրանց բարկացնում է դիմացինի երջանկությունը: Այդ մեկնաբանությունների պատճառով տանը մեծ խնդիրներ եմ ունեցել, որովհետև ամուսինս չի ընդունում, որ անծանոթ մեկը կարող է իր կնոջ հասցեին վատ մեկնաբանություն թողնել: Սկզբում նա գտնում էր այդ մարդկանց, պատիվ պահանջում, հետո հասկացավ՝ այդ ամենն իրեն պետք չէ, որովհետև նման մարդիկ կամ տարեց կանայք են, կամ դպրոցական երեխաներ: Հիմա համակերպվել է իմ համացանցային կյանքի հետ»,- պատմեց նա:

Որոշ ժամանակ առաջ Չուչի-Շուշին իրեն փորձեց նաև սերիալային ոլորտում, քանի որ ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: «Սերիալներում նկարահանվել երբեք չեմ ցանկացել, նույնիսկ Թատերական ինստիտուտում սովորելու տարիներին այդ մասին չեմ մտածել, որովհետև ինձ համար ավելի կարևոր է բարձր արվեստը՝ թատրոնը, գեղարվեստական ֆիլմերը, բայց քանի որ երկար ժամանակ ինձ այդ ասպարեզներում չփորձեցի, հնարավորություններս կորցրի: Որպեսզի դերասանության հանդեպ ծարավս հագեցնեմ, փորձեցի նկարահանվել սերիալներում, բայց տանից երկար բացակայությունները հանգեցրին ընտրության․ ընտրեցի ընտանիքս, որովհետև սերիալներն ինձ համար մասնագիտական աճ չէին ապահովելու, ուղղակի գումար վաստակելու միջոց էին: Ամուսինս ևս դեմ էր, որ նկարահանվեմ, որովհետև չէի կարող այդքան երկար ժամանակով տանից բացակայել»,- շեշտեց նա:

Տիկտոկերը նկատեց, որ ամուսինը բավականին խիստ մարդ է, իրենց միջև տարիքային տարբերությունը 12 տարի է: «Ամուսնուս «ձյաձ» եմ ասում, ժամանակին այդպես եմ դիմել կատակի համար ու այդպես էլ շարունակվել է, բայց մեր միջև տարիքային տարբերությունը երբևէ չեմ զգացել: Ամուսնացել եմ 20 տարեկանում, միշտ հասուն եմ եղել, իմ տարիքից ավելի մեծ եմ զգացել ինձ: Միայն առաջին հայացքից է թվում, թե ես թեթև, ուրախ մարդ եմ. հակառակը՝ ծանր բնավորությամբ, բարդ մարդ եմ, պարզապես ես դերասանուհի եմ: Սխալ է մարդկանց դատել՝ ելնելով համացանցից: Ես ու ամուսինս նույն հետաքրքրություններն ունենք, խնջույքներ, ակտիվ կյանք չենք սիրում, տնակյաց ենք, իսկ մեր տուն մտնում են միայն այն մարդիկ, ում ներկայությամբ մենք մեզ ազատ ենք զգում և կիսում ենք նույն աշխարհայացքը: Ունենք կանոններ, որոնք խախտել չի կարելի. օրինակ՝ տանն իրեր կան, որոնք պետք է միայն այդ ձևով դասավորված լինեն, նույնն էլ զգացմունքների հարցում է: Ովքեր մտնում են մեր էներգետիկ դաշտ, պետք է ոչ թե այն փչացնեն վատ էներգիայով, այլ միայն դրականն ավելացնեն»,- անկեղծացավ նա

Չուչի-Շուշին նաև ասաց, որ շատերը մտածում են՝ իրենց ընտանիքում վեճեր, խնդիրներ չեն լինում, բայց այդպես չէ: «Ես շատ վարկեր ունեմ, բայց չեմ կարող լսարանիս ասել՝ այսօր վարկի վճարմանն օրն է, չեմ կարող վճարել, որովհետև համավարակ է, աշխատանք չկա: Այս ամենը մարդկանց չի հետաքրքրում, բոլորն էլ նմանատիպ խնդիրներ ունեն: Մեր ընտանիքում վեճեր էլ կան, որոնք հեշտ հարթվում են, չենք կարողանում երկար նեղացած մնալ: Ընտանիքում պետք է սեր և համբերություն լինի, որպեսզի երկու բնավորությունների ժայթքման արդյունքում լուրջ հետևանքներ չլինեն: Ինքս բնավորությամբ չենթարկվող մարդ եմ և միայն ամուսինս է կարողացել ինձ ենթարկեցնել»,- ասաց նա և հավելեց, որ երեխաների դաստիարակության հարցում իր և ամուսնու միջև փոքրիկ բախումներ լինում են կապված սննդի հետ, վերջում, ինքը ենթարկվում է ամուսնուն:

Ամիսներ առաջ քննարկվում էր Չուչի-Շուշիի դստեր՝ 9-ամյա Անահիտի մազերի գունաբացման թեման: Խոսելով այս մասին՝ մայրիկը նշեց. «Իմ երեխան արժանացել էր այդ գունաբացմանը, որովհետև դպրոցում տարին գերազանց էր ավարտել: Այդ փոքրիկ փունջը նրան ոչնչով չվնասեց, բայց մեր միջև վստահության մթնոլորտ ստեղծվեց: Ինքս էլ գունաբացեցի մազերիս մի հատվածը, թեև դա ինձ այնքան էլ դուր չէր գալիս: Փորձեցի դստերս համար լինել ոչ թե սառը ծնող, այլ ընկեր: Ամուսինս դեմ չէր, հասկանում էր, որ մազափունջը ներկելով երեխան չի մեծանում, ոչ մի վատ բան չի անում: Երեխայի ամեն կամակորության տեղի չենք տալիս. եթե հիմա գա և ցանկանա դաջվածք անել, բնականաբար, թույլ չենք տա, բայց խելամիտ կամակորություններն իրականացնում ենք»:

Խոսելով 5-ամյա որդու՝ Նոյի մասին, տիկտոկեր մայրիկը նշեց, որ նա չի սիրում նկարվել, հայրիկի տղան է: «Սիրում է մուլտֆիլմ դիտել, բակում խաղալ: Որդիս մանկապարտեզ չի հաճախում, որովհետև ես դեմ եմ սիստեմացված ուսուցմանը: Դպրոցներին ևս դեմ եմ, բայց չեմ կարող երեխաներիս դպրոց չուղարկել: Եթե մինչև Նոյի դպրոց հաճախելը տան պայմաններում ուսուցում հնարավոր լինի, դպրոց չի գնա»,- եզրափակեց նա: