«160.000 դրամով մուշտակ էի գնել». «Սարի աղջիկը» սերիալից Անիտա Ավետիսյանի ոճային ընտրությունները, ամենաթանկ և ամենաէժան գնումները

Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life–ն այս անգամ ներկայացնում է «Սարի աղջիկ» հեռուստասերիալից լսարանին հայտնի դարձած դերասանուհի Անիտա Ավետիսյանին: Անիտան ասաց, որ առօրյայում հիմնականում նախընտրում է սպորտային ոճ:

«Նախկինում նաև դասական ոճն էի նախընտրում: Հիմա ամբողջ օրվա ընթացքում նկարահանումների եմ լինում․ սպորտային ոճն ավելի հարմար է, կարելի է ասել, միշտ սպորտային ոճի հագուստ եմ կրում: Շատ են ասում, որ այդ հագուստը կանացի չէ, բայց ես համամիտ չեմ: Սպորտային ոճն էլ կարող ես ճիշտ համադրել ու կանացի կերպար ստանալ: Ուղղակի պետք է ընդգծել կազմվածքը և չթաքցնել այն լայն հագուստի մեջ: Բարձրակրունկների մասին գրեթե մոռացել եմ, սպորտային կոշիկներ եմ նախընտրում։ Իրենց քանակով մարզակոշիկներն իմ զգեստապահարանում զիջում են միայն գլխարկներին, որոնք ևս շատ եմ սիրում: Գլխարկներս ձեռք եմ բերում մոլերից, խանութներն էական չեն: Իմ ամենաէժան գնումը գլխարկ է, որը գնել եմ մոլից 10. 000 դրամով: Ամենաթանկ գլխարկս գնել եմ ամռանը 25.000 դրամով»,- ասաց նա:

Դերասանուհու խոսքով՝ տրամադրության մարդ է, հագուստի գույնը, ոճը կարող են իրեն ուրախացնել կամ տխրեցնել: «Իմ ամենասիրելի գույներն են կանաչը, մանուշակագույնը, կարմիրը, որոնք հաճախ եմ կրում, անգամ ձմռանը: Ոճի առումով համարձակ եմ, գույներից չեմ վախենում, ընդհակառակը, վառ գույների մեջ ինձ ինքնավստահ եմ զգում, մուգ հագուստով ինձ հարմարավետ չեմ զգում: Այդ փոփոխությունները կախված են իմ տրամադրությունից: Եթե ուրախ եմ, ձգտում եմ վառ գույների, տխուր եմ՝ կրում եմ վառ գույնի հագուստ և տրամադրությունս բարձրանում է: Երբ շատ եմ տխրում, նաև մուգ հագուստ եմ կրում։ Որքան էլ համարձակ եմ, ոճային փոփոխությունների հեշտ չեմ գնում, եթե, ամեն դեպքում, գնում եմ, հարմարվում եմ»,- պատմեց նա:

Անիտան նկատեց, որ գնումներ անելու հարցում բծախնդիր է, պետք է տեսնի հագուստը, հետո գնի: «Օնլայն խանութներից, երբեմն, գնումներ անում եմ, բայց սիրում եմ ինքս խանութ գնալ, փորձել հագուստը, տեսնել՝ սազո՞ւմ է, թե՞ ոչ: Հիմա ժամանակս չի ներում, որ հաճախ գնամ գնումների, բայց հանգստյան օրերին փորձում եմ ժամանակ տրամադրել: Վատ տրամադրությունը հեշտությամբ ինձ կարող է գնումների տանել, նման դեպքեր շատ են եղել և գնումների գնալուց հետո տրամադրությունս բարձրացել է»,- ընդգծեց դերասանուհին:

Նա նաև նկատեց, որ իրեն միջինում 150.000 դրամ է պետք ամսվա կտրվածքով հագուստ գնելու համար: «Ամենաթանկ գնումս մուշտակն է, որն արժեր 160.000 դրամ, հագուստի գնին այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում, կարևոր է, որ ճաշակով լինի, ինձ դուր գա: Ֆոտոշարքերիցս մեկից հայտնի սպիտակ զգեստս գնել եմ 65. 000 դրամով, բայց չեմ հիշում՝ ինչ ապրանքանիշ է: Նաև պիջակների սիրահար եմ: Կա մեկը, որից գնել եմ երկու գույն՝ սև և կարմիր: Ձեռք եմ բերել 50-60.000 դրամով, կոնկրետ գինը չեմ հիշում»,- նշեց դերասանուհին:

Խոսելով աքսեսուարների մասին՝ Անիտան ասաց, որ դրանց նախապատվություն չի տալիս: «Աքսեսուարներ այնքան էլ չեմ սիրում, հազվադեպ մատանիներ ու օղեր եմ կրում, բայց սպիտակ ոսկուց կամ արծաթից: Օղերիցս մեկը, որը սպիտակ ոսկուց է, իմ ամենասիրելին է, նվեր է քույրիկիս կողմից՝ ծննդյանս առթիվ»,- եզրափակեց նա: