«Հարցնում են՝ ինչպե՞ս եմ հասցնում կամ մտածում են՝ երեխաների խնամքով չեմ զբաղվում». Յուլյա Ֆինկը՝ իր և երեխաների ոճային կերպարների և փոքրիկներին միայնակ խնամելու մասին

Դերասանուհի Յուլյա Ֆինկն այս շրջանում հեռուստատեսային զբաղվածություն չունի և ժամանակի մեծ մասը երեխաների խնամքին է հատկացնում: Երկվորյակ տղաների մայրիկը, սակայն, չի մոռանում նորաձևության մասին և հասցնում է ներկայանալ ոճային, հետաքրքիր համադրություններով։

Tert.am Life-ի հետ զրույցում Յուլյան ասաց, որ երեխաների ծննդից հետո շատ բան է փոխվել, բայց փորձում է չդավաճանել ինքն իրեն ու ոճային ներկայանալ:

«Երեխաների ծննդից հետո նախընտրում եմ ավելի հարմարավետ կոշիկներ, բայց բարձրակրունկներ շատ եմ սիրում: Նախկինում իմ կոշիկների մեծ մասը կրունկներ էին՝ չնայած տարիների հետ նորաձևությունը փոխվեց, բարձրակրունկներն էլ ինչ–որ առումով դուրս եկան նորաձևությունից: Նախկինում նաև մեծ պայուսակներ էի շատ սիրում, բայց հիմա չեմ կարող ինձ նման բան թույլ տալ, որովհետև տանից դուրս գալիս ինձ հետ վերցնում եմ երեխաների պայուսակները: Հիմա հարմար է ունենալ փոքրիկ պայուսակ, որն ինձ չի խանգարի: Երեխաների ծննդից հետո ձգտում եմ հարմարավետության, բայց փորձում եմ պահպանել իմ ոճը՝ օգտագործելով աքսեսուարներ կամ համադրելով հարմարավետ, բայց հետաքրքիր տարբերակների հետ: Առհասարակ, ես սպորտային ոճի սիրահար չեմ, սիրում եմ միախառնել բոլոր ոճերը, բայց ավելի շատ սիրում եմ «բոխո» ոճը, որն առկա է թե՛ հագուստիս, թե՛ աքսեսուարներիս մեջ»,- ասաց նա:

Յուլյան խոստովանեց, որ բարդ է միաժամանակ զբաղվել երեխաների խնամքով և լինել ոճային, բայց հասցնում է: «Ոճային մայրիկ լինելը բարդ է, հաճախ հարցնում են՝ ինչպե՞ս եմ հասցնում կամ մտածում են՝ ոչինչ չեմ անում, երեխաների խնամքով չեմ զբաղվում: Մարդիկ նկարներս են տեսնում և մտածում են՝ շատ ժամանակ ունեմ: Իրականում ես դայակ չունեմ, երեխաների խնամքով էլ ինքս եմ զբաղվում, բարդ է զբաղվածության հետ ոճային լինելը, բայց փորձում եմ չդավաճանել ինձ: Նաև հաշվի եմ առնում, որ ինձ դրսում ճանաչում են, փորձում եմ միշտ կոկիկ լինել, առավել ևս հիմա, երբ տանից դուրս գալու առիթներ առանձնապես հաճախ չեն լինում՝ պայմանավորված կարանտինային իրավիճակով։ Հազվադեպ է ստացվում, որ չեմ հասցնում պատրաստվել, օրինակ, խանութ գնալիս»,- նշեց նա:

Դերասանուհին նկատեց, որ հիմա գնումների մեծ մասը երեխաների համար են: «Ես և Արտյոմը մեզ համար ենք գնումների գնում, բայց մանկական ոչ մի խանութի կողքով անտարբեր չենք անցնում, մտածում ենք՝ ոչինչ, մենք ունենք, երեխաների համար գնենք: Իհարկե, մեր մասին չենք մոռանում, բայց ավելի շատ մանկական խանութներ ենք մտնում: Նաև օնլայն գնումներ ենք անում, քանի որ Արտյոմի ծնողներն Ամերիկայի Միացյալ Նահանգներում են ապրում, հաճախ իրենք են մասնակցում հագուստ գնելու գործընթացին: Լինում է՝ մենք տեսնում ենք, հավանում, ուղարկում իրենց: Շատ թանկարժեք հագուստ չենք գնում, որովհետև անիմաստ ենք համարում, երեխաները դեռ փոքր են, արագ են մեծանում: Երբ մի փոքր ավելի մեծ լինեն, գուցե թանկ հագուստ գնենք, հիմա՝ ոչ: Եղել է՝ համեմատաբար թանկ հագուստ եմ գնել, բայց արագ փչացել է, իսկ միջին գնի ապրանքանիշի հագուստը լվացել եմ շատ հաճախ, բայց որակապես չի փչացել»,- պատմեց նա:

Յուլյայի խոսքով՝ երեխաների հագուստի հարցում նախապատվությունը տալիս է սպիտակ, կապույտ, բեժ գույներին:

«Չնայած երկվորյակ են՝ միանման չենք հագցնում, համադրում ենք գույներն ու ոճը: Ես չեմ սիրում միանման հագուստ, նաև երեխաներս տարբեր են, իրար այնքան էլ նման չեն: Իհարկե, բարդ է երկու երեխայի համար ոճային և գունային հագուստ ընտրելը, բայց փորձում ենք համադրել: Շատ նկարազարդ հագուստ չեմ սիրում, նույնիսկ երբ երեխաներս շատ փոքր են եղել, նման հագուստներ չեն կրել,- ասաց նա և ընդգծեց, որ ոճն էլ ընտանեկան ավանդույթների, դաստիարակության նման է, բայց դա միանշանակ չէ,- Երեխաները տեսնում են՝ սովորում, բայց երբ մեծանում են, շատ հաճախ այլ ոճով են հագնվում: Մայրս դասական ոճի հագուստ է սիրում, բայց ես և քույրս լրիվ այլ ոճ ունենք: Երևի, տարիքից է կախված, երբ երեխաները մի փոքր ավելի մեծ ու ազատ են լինում, իրենց ոճն ավելի ստույգ են գտնում»: