«4.000 դրամով վերարկու եմ գնել, ամենաթանկ գնումս էլ զգեստ է եղել». «Սարի աղջիկ» սերիալից Լիլիթ Բադանյանի ամենաթանկ ու ամենաէժան գնումներն ու ոճային ընտրությունները

Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life–ն այս անգամ ներկայացնում է «Սարի աղջիկ» հեռուստասերիալից լսարանին հայտնի դարձած դերասանուհի Լիլիթ Բադանյանին: Լիլիթն ասաց, որ առօրյայում հիմնականում նախընտրում է սպորտային ոճ:

«Առօրյայում նախընտրում եմ հագնել թեթև, հարմար, պրակտիկ հագուստ, սպորտային կոշիկներ, որովհետև աշխատանքի բերումով անընդհատ վազվզում եմ: Իհարկե, ցանկալի է միշտ կանացի լինել, բայց վերջին շրջանում, հիմնականում, սպորտային հագուստ եմ նախընտրում: Կանացի լինելը լայն հասկացություն է. ցանկալի է, որ շրջազգեստ, նուրբ բարձրակրունկներ կրես, բայց դա չափանիշ չէ: Կանացիությունը դրսևորվում է շարժուձևի, շփման, խոսելաձևի մեջ: Իմ զգեստապահարանում գերակշռում են տաբատները, որովհետև դրանք հարմար են, շրջազգեստներս ավելի քիչ են»,- ասաց նա:

Դերասանուհու խոսքով՝ սիրում է գնումների գնալ: «Օնլայն գնումներ չեմ սիրում, նույնիսկ այդպիսի մեկ գնում չունեմ: Պետք է հագնեմ զգեստը, հասկանամ՝ ինձ հարմա՞ր է, թե՞ ոչ, նոր գնեմ: Երբ տրամադրություն չեմ ունենում, գնում եմ շոփինգի, որն ինձ օգնում է, ինչպես շատ աղջիկների: Սակայն հիմնականում սեզոնային փոփոխությունների ժամանակ եմ գնումներ անում, որպեսզի թարմացնեմ զգեստապահարանս: Ձմռանն ավելի շատ եմ գումար ծախսում, որովհետև տաք կոշիկները, վերարկուներն ավելի թանկ են, քան ամառային շորտերն ու վերնաշապիկները: Կոշիկիս չափսը շատ մեծ է՝ 39, ինչի համար ուրախ եմ, որովհետև սեզոնային փոփոխությունների զեղչերի ժամանակ գեղեցիկ կոշիկներ եմ գնում»,- նշեց նա:

Լիլիթը նկատեց, որ իր համար հագուստի գինը կարևոր չէ, այն պետք է իրեն սազի, որակով և գեղեցիկ լինի: «Բրենդամոլ չեմ, նույնիսկ չեմ սիրում, երբ հագուստի երևացող մասում կա ապրանքանիշի անունը: Հագուստը կարող է լինել շատ թանկ, բայց անճաշակ կամ տվյալ մարդուն չսազող, թեև եթե ուզում ես որակյալ հագուստ գնել, պետք է մի փոքր թանկ գնել: Բայց եթե որակը նույնն է, գինը բարձր միայն այն հանգամանքի համար, որ բրենդ է, միանշանակ պետք է գնել ոչ բրենդայինը»,- նկատեց դերասանուհին:

Խոսելով իր ամենաթանկ ու ամենաէժան գնումների մասին՝ Լիլիթն ասաց. «4.000 դրամով վերարկու եմ գնել, որը շատ գեղեցիկ էր, ուղղակի մեծ զեղչով էր: Շատ թանկ գնումներ, առհասարակ, չեմ անում, ամենաթանկ գնումս զգեստ էր, որն արժեր մոտ 50.000 դրամ: Ունեմ շագանակագույն սպորտային հագուստ, որը գնել եմ 2 տարի առաջ 12.000 դրամով: Ամռանը սիրում եմ շորտեր հագնել, ջինսե շորտս գնել եմ 12.000 դրամով, իսկ սպիտակ՝ ուսերը բաց բլուզս 8.000 դրամով: Պիջակներ ևս սիրում եմ, դրանց հետ համադրություններ անելը շատ հեշտ է, նարնջագույն պիջակս գնել եմ 30.000 դրամով, իսկ երեկոյան պիջակ-զգեստս 20-30.000 դրամի սահմաններում էր»,- պատմեց նա:

Վերջում դերասանուհին հավելեց, որ նախընտրում է պաստելային երանգները, դեղինը, սևը, սպիտակը, չի հագնում կարմիր հագուստ, նույնիսկ մեկ օրինակ չունի, քանի որ կարմիր գույնով իրեն անհարմար է զգում:

Լիլիթը նաև շեշտեց, որ առօրյայում աքսեսուարներ գրեթե չի օգտագործում, հազվադեպ մատանիներ է սիրում: