«Աիդայի հետ աշխատելը շատ հետաքրքիր է». Կարո Հովհաննիսյանը՝ Լուսե–Վան զույգի, «Սարի աղջիկ» սերիալում քարոզվող արժեքների և իր բիզնեսը հայրիկին հանձնելու մասին

Դերասան Կարո Հովհաննիսյանը երկար դադարից հետո կրկին հեռուստաէկրանին է և նկարահանվում է «Սարի աղջիկ» հեռուստասերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում Կարոն պատմել է դադարի, նոր նախագծի, իր կերպարի և գործընկերների հետ հարաբերությունների մասին:

Կարոյի խոսքով՝ մինչև երկար դադարն առաջարկներ ուներ, ուղղակի այդ շրջանում հիմնում էր իր սեփական բիզնեսը և որոշել էր 1-2 տարի ժամանակը դրան տրամադրել:

«Հետո սկսվեց կորոնավիրուսը, բիզնեսս կորուստներ կրեց, նախորդ տարի որոշեցի՝ վերադառնալու ժամանակն է: Հիմա բիզնեսով հայրիկս է զբաղվում, որովհետև նկարահանումների հետ չեմ հասցնում դրան ժամանակ տրամադրել: Նման երկար դադար նախկինում չէի ունեցել, բայց դերասանին, երբեմն, պետք են փոքր դադարներ, որպեսզի հեռուստադիտողին չհոգնեցինի: Թեև երկար դադար եմ ունեցել, մոռացվելու խնդիր չի եղել, որովհետև հեռուստադիտողը հիշում է իր մեջ տպավորված կերպարներին: Մինչև հիմա մարդիկ, երբեմն, ինձ հիշում են որպես Էդմոն՝ չնայած այդ կերպարը «Վերադարձ» սերիալում խաղացել եմ մոտ 10 տարի առաջ: Նախագծի հրավերը ստանալու նախորդող շրջանում ինձ շատ էին հարցնում՝ չե՞ս ուզում նկարահանվել, կարոտս շատացել էր: Նախագծի առաջարկը եղավ ու սիրով ընդունեցի»,- պատմեց նա:

Դերասանն ընդգծեց, որ երկար դադարից հետո աշխատանքային վիճակի մեջ լինելու խնդիր կար, բայց այնպես չէ, որ կաշկանդված էր: «Առաջին նկարահանումների ժամանակ մի փոքր անսովոր վիճակ էր, բայց այդ վիճակն արագ անցավ, որովհետև ես նորից վերադարձա իմ ամենասիրելի գործին, մեր թիմը հրաշալի է աշխատում: Երկու խումբ ունենք, աշխատում են՝ մեկը մյուսին լրացնելով, ներդնում են լավագույնը, նրանց հետ աշխատելը հաճույք է: Պարբերաբար հեռուստադիտողներից հաղորդագրություններ եմ ստանում, որ ուրախ են ինձ եթերում տեսնել, նման հաղորդագրություններ ստանում էի դադարի ընթացքում»,- ասաց նա:

Կարոն վերհիշեց, որ «Սարի աղջիկ» հեռուստասերիալի պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ աշխատել էին տարիներ առաջ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի շրջանակում:  «Դիանայի հետ աշխատող թիմում ինձ շատ հարազատ մարդիկ էին, ուրախ եմ և շնորհակալ Դիանային ինձ նորից վստահելու համար: Դերասանական կազմը շատ լավն է, նրա նախագծերը միշտ բարձր վարկանիշ են ունենում: Մարմնավորում եմ գլխավոր կերպարներից մեկին՝ Վանին, էկրան վերադարձս շատ լավ ստացվեց, ավելի լավ դժվար է պատկերացնել: Կերպարը հետաքրքիր է, տարբերվող, որովհետև, չնայած գլխավոր հերոսն է, իդեալական չէ: Ֆիլմերում շատ ենք տեսնում, երբ գլխավոր հերոսը շատ իդեալական է, միշտ ճիշտ է, բարի: Վանն անսխալական չէ, հակասական շատ բաներ է անում, բայց ունի արդարացում՝ սիրում է Լուսեին: Վանը կարող է այնպիսի քայլ անել, որ հեռուստադիտողների քննադատությանն արժանանա, բայց նա անընդհատ ասում է՝ ուզում է իր կյանքը սիրով ստեղծել»,- նշեց դերասանը:

Կարոն շեշտեց, որ հեռուստադիտողը հաճախ կարող է քննադատել իրենց կերպարների քայլերը՝ ասելով, որ քարոզվող արժեքները սխալ են. «Պետք է նկատել, որ սերիալի հիմնական հաղորդագրությունը սերն է: Մարդ միշտ պետք է փորձի սիրով առաջնորդվել: Շատ դեպքերում մենք պատվով և արժանապատվությամբ ենք առաջնորդվում, բայց չպետք է մոռանալ սիրո զգացմունքի մասին: Իհարկե, շատ լավ է, երբ մարդը հենց սկզբից սրտով է առաջնորդվում, բայց երբ պահը գալիս է, կարող է հենց այդ պահից էլ սկսել, սիրելու, սեփական սխալներն ուղղելու համար երբեք ուշ չէ: Ինքս Վանի կերպարի հետ ներքին հակասություններ չեմ ունենում, կերպարային գիծ է, որով ես շարժվում եմ»:

Դերասանը նաև ասաց, որ ուրախ է նորից աշխատել գործընկերների հետ: «Նրանց հետ ավելի հաճելի ու հետաքրքիր մթնոլորտ էր ստեղծվել: Ունեմ նաև նոր գործընկերներ, շատ շուտ ինտեգրվեցինք, ինչը, կարծում եմ, ճիշտ ղեկավարումից է: Իմ հիմնական գործընկերներից մեկի՝ Լուսեի դերակատար Աիդայի համար սերիալը դեբյուտային է: Լուսե-Վան զույգը շատ է սիրվել, որովհետև նրանք շատ փորձությունների միջով են անցնում և դեռ անցնելու։ Ամեն ինչ առջևում է՝ չնայած նկարահանումների հանգուցալուծմանն ենք մոտենում, բայց ոչ ավարտին: Աիդայի հետ աշխատելը շատ հետաքրքիր է, փորձում եմ իմ իմացածով օգտակար լինել նրան, ընթացքում տեսնում եմ նրա աճը, ոչ ոք չի կարող միանգամից իդեալական լինել: Եթե ինչ-որ թերացումներ լինում են, փորձում եմ խորհուրդներ տալ: Բոլորս էլ թերացումներ ունենում ենք, կապ չունի՝ նոր ես նկարահանվում, թե՞ արդեն փորձ ունես»,- եզրափակեց դերասանը: