«Աշխատել եմ վարսահարդար, խանութում գանձապահ, մենեջեր, տնօրեն, ինչից չեմ ամաչում». Անատի Սաքանյանը՝ 13 տարեկանից աշխատելու, ինքնուրույն մեքենա գնելու և ընտանիքին պահելու մասին

Դերասանուհի Անատի Սաքանյանն ասում է՝ աշխատել է 13 տարեկանից՝ Սանկտ Պետերբուրգից Հայաստան վերադառնալուց հետո: Tert.am Life-ի հետ զրույցում, նա պատմել է առաջին աշխատանքի, սեփական միջոցներով մեքենա գնելու, ծնողներին գումարով ապահովելու մասին:

Անատիի խոսքով՝ Հայաստան վերադառնալուց հետո 8-րդ դասարանում որոշել է, որ ուզում է դուրս գալ դպրոցից: «Այդ շրջանում սկսեցի մազերի հարդարման դասընթացների հաճախել, բայց մայրս ասաց, որ ամոթ է 8-րդ դասարանից դուրս գալ, ես էլ սկսեցի սովորելուն զուգահեռ աշխատել: Մեր բակին մոտ շենքերի բնակիչներն ինձ կանչում էին, գնում էի, հարդարում իրենց մազերը,- ասաց նա և հավելեց, որ դպրոցն ավարտել է լավ գնահատականներով,- Չեմ զղջում, որ լսեցի մայրիկիս, կրթությունը, ամեն դեպքում, անհրաժեշտ էր: Ավարտելուց հետո ընդունվեցի Հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ, որտեղ սովորեցի կոսմետոլոգիա»:

Դերասանուհին նկատեց, որ տվյալ ժամանակի և իր տարիքի համար բավականին մեծ գումարներ էր վաստակում: «Հատկապես Ամանորին՝ չնայած փոքր տարիքիս, բավականին մեծ գումար էի վաստակում, քանի որ մեր մեծ շենքին ես էի սպասարկում և հարդարում բոլոր կանանց մազերը, մոտ 40.000 դրամ էի վաստակում, հավաքում գումարս: Չեմ հիշում, թե ինչի վրա էի այն ծախսում, բայց միշտ տալիս էի, որ հայրս արժույթը փոխի ԱՄՆ դոլարի: Կարծում եմ՝ վաղ տարիքից աշխատելը շատ ճիշտ է, որովհետև երեխայի մեջ փոքրուց ձևավորվում է պատասխանատվության զգացումը: Ես չեմ աշխատել կարիքից դրդված, տան միակ երեխան էի և ծնողներս ինձ ամեն ինչով ապահովում էին, ուղղակի սիրում էի աշխատել և երազում էի մեքենա ունենալ: Որքան գումար էի հավաքում, ծախսում էի այլ բաների համար և այդպես էլ մեքենաս չէի գնում»,- պատմեց նա:

Անատին ժպիտով ասաց, որ միայն 4 տարի առաջ է, ի վերջո, ավտոմեքենա գնել: «Դրանից առաջ վարում էի հայրիկիս մեքենան, բայց եկավ մի պահ, երբ մտածեցի՝ պետք է իրականացնել այդ նպատակը, հակառակ դեպքում ՝ երբեք էլ չեմ գնի: Դեռ փոքրուց ծնողներս և բարեկամներս ինձ ոսկյա զարդեր էին նվիրել, որոնք չէի օգտագործում, ոսկի չեմ սիրում: Վաճառեցի այդ զարդերը, գումարն ավելացրի իմ հավաքած գումարին ու գնեցի մեքենաս: Չեմ զղջում, որ վաճառեցի զարդերը, առհասարակ, միայն չարածս քայլերի համար եմ զղջում: Տարեվերջին՝ դեկտեմբերի 2-ին՝ փոխարինեցի առաջին մեքենաս նորով»,- նշեց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ հրաշալի է փոքրուց աշխատելն ու սեփական գումարը վաստակելը. դա տալիս է ինքնավստահություն, դեպի կայացում տանող ճանապարհ է:
«Հաճելի է, երբ ոչ ոքից կախում չունես, կարողանում ես ծախսերդ ինքնուրույն հոգալ, բալանսավորել դրանք, քեզ կայուն մարդ ես զգում: Բացի կոսմետոլոգ և դերասանուհի աշխատելը, խանութում որպես գանձապահ, մենեջեր և տնօրեն եմ աշխատել, ինչից չեմ ամաչում: Որքան էլ հայտնի մարդ եմ, ապրել եմ այնպես, ինչպես ցանկացել եմ և գնել սրտիս ուզածը: Նույնիսկ մի ընթացք կար, երբ աշխատում էի երկու տեղում, որպեսզի կարողանամ ինքնուրույն լինել, նորմալ գումար վաստակել։ Հոգնում էի, բայց հասցնում էի ամեն ինչ»,- շեշտեց նա: