«Շատերն ավելի շատ Վահանին են սիրել նախագծում, մունաթի ցայտաղբյուր է»․ Վաչեի և հարազատ եղբոր՝ Վահանի թեժ վեճերն ու համատեղ նախագծի անսպասելի հաջողությունը

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանն ու եղբայրը՝ դերասան Վահան Թովմասյանը, նախորդ տարի սոցցանցերում սկսեցին «Թովմասյաններ» ռեալիթի շոուն։ Թվում էր՝ կարանտինի ընթացքում սկսված նախագիծը կարանտինի հետ էլ պետք է ավարտվի, սակայն հետևորդների արձագանքները եղբայրներին ստիպել են մտածել նոր եթերաշրջանի մասին։

Tert.am Life–ի հետ զրույցում Վաչեն ասաց, որ նախագիծն իրենց համար անսպասելի մեծ հաջողություն ունեցավ, այնպես որ, շուտով կլինի նոր եթերաշրջանը։

«Ես միշտ ուզել եմ ռեալիթի շոու անել։ Այս ձևաչափը մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանում չի եղել, հայկական իրականության մեջ երբեք չի եղել, որ մարդիկ այդ ֆորմատով պատմեն իրենց կյանքի մասին»,– ասաց նա ու հավելեց, որ բոլոր դերասանները, իսկապես, իր ընտանիքի անդամներն են։

Նախագծի գլխավոր 2 հերոսները Վաչեն ու նրա հարազատ եղբայրը՝ Վահանն են, որոնց վեճերի ու առօրյայի շուրջ էլ կառուցվում է պատմությունը։ Դերասանը վստահեցնում է՝ տեսախցիկի առաջ ներկայացվող պատմություններն իրականում է իրենց առօրյայի մի մասն են։

«Մեր կյանքի իրականությունն ենք բերել շոու, ես իսկապես տնային գործերում չկամ, եղբայրս իսկապես մունաթով է։ Մի էպիզոդ կա, որտեղ աղջիկս է ինձ հյուր գալիս, չարություն է անում, Գայուշն (Վաչեի կինը՝ Գայանե Մանուկյանը, հեղ) ասում է՝ «երեխու հետ մի երկու հատ Տիկտոկ ա նկարում, գիտի՝ պապա ա»։ Փորձել ենք այնպես անել, որ մարդիկ էլ զգան կեղծ չլինելը»,– նկատեց դերասանը։

Ըստ Վաչեի՝ աշխատանքային պրոցեսի մեջ ինքն ու Վահանը թեժ վեճեր շատ չեն ունենում, իսկ ահա առօրյայում՝ որքան ասես։ Հենց դրանք էլ իրենց արտացոլումն են գտնում նախագծում։

«Մեխը դրանում է, մարդիկ ինձ, գուցե, որպես «աստղ» են ընկալում, մտածում են գոռոզ մարդ է, որը միշտ որոշակի դիրքից է հանդես եկել, մեկ էլ տեսնում են՝ կա մի տղա, որն իմ հալալ եղբայրն է ու ոնց ուզում, հետս խոսում է։ Մարդկանց դուր է գալիս, որ Վահանի հետ անկեղծ վիճում ենք։ Շատ–շատերը, նույնիսկ իմ ընկերները ավելի շատ Վահանին են սիրել նախագծում, որովհետև շատ բնական է այդ ամենն անում։ Ինքն իրեն շատ լավ է խաղում,– ծիծաղելով ասաց նա ու հավելեց,– մունաթի ցայտաղբյուր է, իր մոտ դա շատ լավ է ստացվում»։

Եղբայրները նախատեսում են նոր եթերաշրջանը ներկայացնել գարնանը։ Վաչեն հայտնեց, որ ամառանոցի կարանտինային վիճակից դուրս կգան, քանի որ զարգացում է պետք, սակայն հեռախոսով, առանց տեխնիկական մեծ միջոցների  նկարահանման ձևաչափը չեն փոխի։

«Եթե դա փոխենք, իր բնական վիճակը կկորցնենք,– ասաց նա ու վերհիշեց, որ ի սկզբանե չէին պատկերացնում, որ նման հաջողություն ու շարունակականություն կունենան։ –Նախագիծը սկսեցինք զուտ, որովհետև չեմ կարողանում պարապ մնալ։ Կարանտինի ընթացքում «ֆորմայի» մեջ մնալու համար մտածեցինք նմանօրինակ մի բան անել՝ օգտագործելով մինիմալ ռեսուրսներ։ Նկարել ենք իմ այֆոնով, քանի որ մարդիկ հավեսով են նայում սթորիի ֆորմատը։ Այդ ամենին ավելացրինք մի քիչ սցենար, ռեժիսուրա ու տեսանք, որ հրաշալի արձագանք եղավ։ Արդեն մի ամբողջ շաբաթ մտածում էինք՝ ինչ լուծումներ տանք հաջորդ թողարկմանը։ Սերիաներ ունենք, որ միլոնից ավելի դիտում ունեն Youtube–ում, միլիոնից ավելի դիտում՝ Facebook-ում, գումարային մի քանի միլիոն է ստացվում, ինչն անսպասելի էր տնային պայմաններում արված նախագծի համար։ Նույնիսկ հովանավորներ ի հայտ եկան։ Աննախադեպ ձևով սիրվեց, ինչն իսկապես ոգևորիչ էր»։

Վաչեն նաև բացահայտեց, որ իրենց շատ է օգնել ամերիկաբնակ հայ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը, ով ծածուկ էր մնում։ «Քանի որ ինքն էլ էր էդ շրջանում ազատ, մեզ շատ է օգնել, միասին շատ բաներ ենք մտածել, բայց իր անունը ոչ մի տեղ չենք նշել, որովհետև միշտ լուրջ ֆիլմեր է նկարահանել, այս ֆորմատը մի քիչ այլ էր»,– պատմեց նա։