«Իմ աշխատավարձը մտնում էր ընտանեկան բյուջե». Անելյա Գուբրյանը՝ մատուցողուհի աշխատելու, 3 տարեկանում 5000 դրամ վաստակելու և ինքնուրույն լինելու մասին

Դերասանուհի Անելյա Գուբրյանն աշխատում է մանկուց: Իր առաջին աշխատավարձը նա վաստակել է ընդամենը 3 տարեկանում: Tert.am Life-ի հետ զրույցում Անելյան խոսել է առաջին աշխատավարձի, 15 տարեկանում մատուցողուհի աշխատելու, մանկուց ինքնուրույն լինելու մասին:

Անելյայի խոսքով՝ առաջին անգամ աշխատավարձ է ստացել շատ փոքր տարիքում:«3 տարեկանում 5000 դրամ եմ վաստակել ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանի ֆիլմերից մեկում նկարահանվելու համար: Ավելի լուրջ աշխատանք ունեցել եմ 15 տարեկանում: Այդ տարիքում ծնողներիս ասացի, որ ինքնուրույն գումար վաստակելու ցանկություն ունեմ: Սկզբում զարմացան, որովհետև միշտ ֆինանսապես ապահովված եմ եղել, բայց հետո հասկացան ու աջակցեցին ինձ: Սկսեցի աշխատել ծնողներիս ընկերներից մեկի ռեստորանում՝ որպես մատուցողուհի: Այնպիսի տեղում էի աշխատում, որ ինչ-որ չափով վերահսկողության ներքո լինեմ, որովհետև, ամեն դեպքում, 15 տարեկան էի: Տարիքս չէր երևում, գործընկերներս հաճախ էին կատակում, որ երբեմն մոռանում են՝ քանի տարեկան եմ: Ընտրեցի մատուցողի աշխատանքը, որովհետև այդ տարիքում այլ աշխատանք գտնելը բարդ էր, նաև այդ տարիքում կար անչափահասների աշխատելու որոշակի ժամանակահատված, որը խախտել չէր թույլատրվում»,- ասաց նա

Ըստ դերասանուհու՝ աշխատանքն ու դասերը համատեղելը հեշտ չի տրվել: «Ստացվում էր, որովհետև մեծ հաճույքով էի անում, հասկանում էի՝ ամեն օր նոր բաներ եմ սովորում և զարգանում: Ես շատ եմ սիրում մարդկանց հետ շփվել, տիրապետում էի նաև լեզուներին և կարողանում  էի զբոսաշրջիկների հետ հեշտ հաղորդակցվել: Տեսակով հարմարվող մարդ եմ, կարողանում եմ լեզու գտնել տարբեր բնավորության մարդկանց հետ: Երբ մատուցողուհի էի աշխատում, գործընկերներս ինձ շատ լավ էին վերաբերվում, ինձ ամեն ինչ սովորեցնում էին: Այդտեղ մեծ փորձ ձեռք բերեցի, հասկացա՝ ինչպե՞ս պետք է ճիշտ ծախսել գումարը, որովհետև այն դժվարությամբ էի աշխատում»,- նշեց նա:

Անելյան նկատեց, որ վաստակած գումարը ծախսել է իր, տան հետ կապված որոշ հարցեր լուծելու, եղբոր համար որևէ բան գնելու համար: «Նաև իմ մասնավոր դասերի գումարն եմ վճարել, այսինքն՝ իմ աշխատավարձը մտնում էր ընտանեկան բյուջե, այն չէի առանձնացնում: Աշխատելով ինձ պետքական մարդ էի զգում, ինչն ամենակարևոր զգացումներից մեկն է: Մանկուց ինքնուրույն եմ եղել, կարծում եմ՝ տան առաջնեկ երեխաները միշտ էլ ավելի ինքնուրույն են լինում, բայց աշխատելն ավելացրեց իմ ինքնուրույնությունը: Սակայն աշխատանքի միջոցով ինքնահաստատվելու կարիք երբեք չեմ ունեցել, աշխատելը բնական գործընթաց է, եթե կարող ես, ինչո՞ւ չանել: Շատերին եմ այսպես մոտիվացրել: Սկզբում իմ հասակակիցները չէին հասկանում՝ ինչո՞ւ աշխատել, եթե գումարի կարիք չունես: Հետո հասկացան, որ լավ է, երբ ծնողներից գումար չես խնդրում, այլ նույնիսկ ինքդ ես ինչ-որ հարցերում օգնում նրանց»,- ընդգծեց նա:

Դերասանուհին նաև ասաց, որ աշխատանքը դեպի կայացում տանող ճանապարհ է: «Երբ աշխատում ես, անընդհատ ձգտում ես ավելիին, ես հիմա էլ ավելիին եմ ձգտում: Աշխատանքը նաև կյանքի դպրոց է: Աշխատելուց հետո իմ բնավորության շատ գծեր փոխել եմ, կոփվել եմ, ավելի համբերատար եմ դարձել, ուշ եմ հոգնում: Աշխատանքի հարցերով երբեք չեմ  բողոքել, նեղսրտել տանը, որովհետև եթե նեղսրտեմ, կփոխեմ աշխատանքս: Կլինի մատուցողու աշխատանք, թե՞ նկարահանումներ հեռուստասերիալում՝ պետք է զբաղվեմ այն աշխատանքով, որն ինձ հաճույք է պատճառում»,- եզրափակեց Անելյան: