Շղթաները շարունակում են մնալ թրենդային, իսկ մինչեւ ծնկներ հասնող շորտերից այս տարի կարելի է հրաժարվել. ոճաբան Գայանե Գեւորգյանը` 2021-ի թրենդների ու հակաթրենդների մասին (ֆոտո)

Կորոնավիրուսն ամբողջ աշխարհում շարունակվում է, կարանտինը` երկարաձգվում, բայց դա չի նշանակում, որ նորաձեւության աշխարհը պետք է լռի: Հակառակը` այն շարժվում է առաջ, իսկ նորաձեւության տները շարունաում են առաջարկել տարվա թրենդները` դրանք համապատասխանեցնելով մարդկանց կարանտինային առօրյային:

Ոճաբան Գայանե Գեւորգյանը NEWS.am STYLE-ի ընթերցողների համար բացահայտել է 2021 թ-ի թրենդներն ու հակաթրենդները:

Հարմարավետությունը` 2021-ի մեգաթրենդ

«2020-21 թրենդների մեջ գլոբալ փոփոխություններ չեն նկատվելու. անձամբ ինձ համար բոլոր ժամանակների մեգաթրենդն այն է, ինչ սազում է տվյալ անձին, այն հագուստը, որով նա իրեն ինքնավստահ ու հանգիստ է զգում: Հարմարավետությունը 2020-ի ու 21-ի ամենաակտուալ ոճն է համարվում, որովհետեւ կարանտինի ընթացքում մարդիկ հասկացան, թե որքան լավ է լինել հարմարավետ հագուստի մեջ ու սովորեցին դրան, իսկ սովորություններին դեմ գնալը հեշտ չէ: Հետաքրքրության համար, օրինակ, հուդիները կարելի է համադրել մեծ ականջօղերի եւ աքսեսուարների հետ, ինչը էլ ավելի թրենդային կդարձնի կերպարը»,-ասում է ոճաբանը:

Ինչ վերաբերում է օվերսայզ հագուստին, այն եւս շարունաում է մնալ թրենդային.

«Բավական երկար ժամանակ է, ինչ օվերսայզ հագուստն ակտուալ է, ու կարծում եմ` դեռ ակտուալ կմնա, քանի որ այն ոչ միայն գեղեցիկ է նայվում, այլեւ հարմարավետ է, իսկ հարմարավետությունը միշտ նորաձեւ է:

Ի դեպ սվիտերները բլեյզերների կամ վերարկուների վրայից կապելը եւս նորաձեւ է ու թրենդային` դա ձեր կերպարը ոչ միայն հետաքրքիր կդարձնի, այլեւ շատ տաքուկ կլինի»:

Տարվա աքսեսուարները

«Շղթաներն արդեն բավական երկար ժամանակ ակտուալ են` թե որպես հագուստի դետալ, թե որպես աքսեսուար: Ի դեպ, տվյալ սեզոնին շղթաները կարելի է օգտագործել նաեւ ճտքակոշիկների վրայից, շատ հետաքրքիր կնայվի:

2021-ին ակտուալ են նաեւ հետաքրքիր դեկորներով ու դետալներով ակնոցները, բավական ոճային են նաեւ շղթաներով տարբերակները, որոնց շնորհիվ դեմքը վիզուալ երկար է երեւում:

Շատ ակտուալ դետալներ են նաեւ ձեռնոցները, կարանտինի ընթացքում շատ դիզայներներ փորձել են մշակել տարբեր թրենդային ձեռնոցներ, որոնք ամբողջացնում են կերպարները, նաեւ կանացիություն են հաղորդում:

Դե, իսկ դիմակները թրենդ դարձան 2020-ից եւ տեղափոխվում են նաեւ 2021: Դիզայներները, նույնիսկ, ցուցադրությունների ժամանակ իրենց հագուստները համադրում են զգեստներին համապատասխան դիմակներով:

Գոտիները սկսեցին ակտուալ դառնալ այն ժամանակ, երբ թրենդի մեջ մտան բարձր գոտկատեղով տաբատներն ու կիսաշրջազգեստները: Գոտիների հաստ եւ գոտկատեղի շուրջ մի քանի անգամ ծալվող տարբերակները, ինչպես նաեւ շղթաներով գոտիները շարունակում են մնալ ակտուալ:

Որպես աքսեսուար` շատ նորաձեւ են նաեւ հաստ պանամաները, բացի գեղեցիկ լինելուց` դրանք նաեւ տաքուկ են, ու այն մարդիկ, որոնք չեն սիրում գլխաշորեր օգտագործել, կարող են դրանք փոխարինել պանամաներով:

Այս տարի թրենդային են դուտի պայուսակները, որոնք եւ տարողունակ են, եւ հարմար, բայց, իհարկե, դրանք ցանկալի է կրել միայն ցուրտ սեզոններին»:

Տարվա գույները

«Ինչ վերաբերում է գույներին` այս տարի թրենդային են համարվում դեղինը եւ մոխրագույնը: Այս գույները ստեղծվել են` դառնալու միասնության, կայունության ու հույսի խորհրդանիշ»:

2021-ի հակաթրենդները

Գայայի հետ զրուցել ենք նաեւ տարվա հակաթրենդների մասին` հագուստ ու աքսեսուարներ, որոնք այլեւս նորաձեւ չեն համարվում:

«2019-ից սկսեցին ակտուալ համարվել մինչեւ ծնկներ կամ ծնկներից ներքեւ հասնող շորտերը, որոնք արդեն ակտուալ չեն, բայց կարող եք դրանք պահել, միգուցե, նորաձեւության մեջ կրկին շրջանառվեն 2-3 տարի հետո:

Հակաթրենդ են համարվում նաեւ խխունջ հիշեցնող աքսեսուրները. դրանք 2021-ին կարող եք փոխարինել հուլունքներով կամ այլ դետալներով:

Նեոն պայուսակները, որոնք ինքս միշտ համարել եմ ոչ ակտուալ, այժմ վստահ կարող եմ ասել, որ եւս համարվում են 2021-ի հակաթրենդներից»:

Սյունե Առաքելյան

Աղբյուր