«Տեսանք հետպատերազմյան Արցախ, անցանք գրավված Շուշիի կողքով. հիմա նույնիսկ մտածում եմ Արցախում ապրելու մասին». Ստեփան Ղամբարյան

Դերասան Ստեփան Ղամբարյանն Ամանորին ընդառաջ 6-օրյա այցով մեկնել է Արցախ, որտեղ արցախցի փոքրիկների համար Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի անձնակազմով խաղացել են «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» ներկայացումը: Tert.am Life-ի հետ զրույցում Ստեփանն ասաց, որ Արցախ գնալու միտքը թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանինն է եղել:

«Ժողով եղավ, Արմանն ասաց իր մտքի մասին, որն էլ իրագործեցինք: 15 ներկայացում ունեցանք, խաղացինք ընդհանուր հաշվով մոտ 5000 երեխայի համար: Խաղացել ենք Ստեփանակերտում, Մարտակերտում, Ճարտարում և Ասկերանում՝ Մշակույթի տներում, դպրոցներում, թատրոնում: Երեխաների տրամադրությունը բարձր էր, ոգևորվել էին: Ծնողները, իհարկե, ընկճված էին, բայց պետք է աշխատեն, փորձեն շարունակել ապրել: Հիմա փորձում ենք գոնե փոքրերի համար ժպտալու առիթները շատացնել և նաև Հայաստանում ենք ներկայացումներ խաղում թե՛ փոքրիկ արցախցիների, թե՛ Հայաստանոի փոքրիկ հանդիսատեսի համար: Սա էլ մեր կռիվն է, մենք պետք է օգնենք միմյանց, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ» ,-ասաց նա:

Ստեփանի խոսքով՝ իր այս այցը տարբերվել է Արցախ կատարած իր մյուս այցերից: «Պետք է ասեմ, որ տպավորված եմ հետ եկել, շատ զգացմունքային այց էր, տարբերվում էր նախորդ այցերից, որովհետև տեսանք հետպատերազմյան Արցախ, անցանք գրավված Շուշիի կողքով: Հիմա նույնիսկ մտածում եմ Արցախում ապրելու մասին, հիմա մեր և Արցախի կապը շատ կարևոր է»,- ընդգծեց նա:

Դերասանը նշեց, որ պատերազմական շրջանն իր համար դեռ հաղթահարված չէ: «Այս փուլը չեմ հաղթահարել, անընդհատ ինքս ինձ հետ պայքարի մեջ եմ, դժվար է հաղթահարելը: Հետպատերազմյան տխուր, պարտված իրավիճակ է,- ասաց նա և հավելեց, որ պատերազմի շրջանում առաջնագծում հարազատներ է ունեցել,- Սահմանին այդ օրերին հարազատներ ունեի, որոնցից մեկը, ով ժամկետային զինծառայող է, հիվանդանոցում է, դեռ ուշքի չի եկել, բայց հույսով սպասում ենք, որ ուշքի կգա»:

Ըստ դերասանի՝ ինքն այս պահին իներցիայով է ապրում, երբեմն ինչ-որ բաներ ստիպված անելով, որովհետև այդ պահին ուրիշ տարբերակ չկաժ: Խոսելով պատերազմի ընթացքում իր երեխաների ապրումների մասին՝ Ստեփանն ասաց, որ նրանցից չեն թաքցրել իրավիճակը:

«Իրավիճակը երեխաներին ներկայացնում էինք այնպես, ինչպես կար, ամեն ինչ հասկանում էին, հույսով ու հավատով սպասում էին, տխրում էին: Չէի ցանկանա, որ մեր երեխաների սերունդը տեսներ այս ամենը: 90-ականներից մեզ մնացած բացասական լիցքերն ամեն դեպքում մինչև հիմա կան, այս օրերն էլ անպայման հետք կթողնեն այս սերնդի մեջ,- ասաց նա և հավելեց, որ երեխաներից չպետք է խլել հեքիաթի զգացումը,- Երեխաները չպետք է հեքիաթը կորցնեն, մենք իրենց համար ենք ապրում և եթե ուզում ենք ապագա, հայրենիքի համար պիտանի մարդիկ կերտել, պետք է կարողանանք երեխաներին ճիշտ դաստիարակել, ճիշտ ձևով, բարու մեջ մեծացնել: Նրանք պետք է մտածեն, որ բարին է հաղթում չարին»:

Աղբյուր