«Պատերազմի օրերին շատ վատ եմ տարել հղիությունս». դերասանուհի Մարինա Մնացականյանը` 2020-ի դժվարությունների, որդու ծնունդի եւ լավատես լինելու մասին

2020-ը դերասան ամուսիններ Մարինա Մացականյանի ու Սեյրան Մովսիսյանի ընտանիքում ավարտվեց լավատեսությամբ: Դեկտեմբերի 7-ին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը` Միքայելը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարինան խոստովանել է` 2020-ի իրադարձությունների հետեւանքով հղիությունը ծանր է ընթացել, բայց Միքայելի ծնունդը նոր հույս է բերել իրենց ընտանիքին:

«Հղիությունս շատ տարբեր փուլերով անցավ. երբ իմացա, որ հղի եմ, կարանտինը սկսվել էր արդեն, շատ սահմանափակումներ կային, ինչը բարդ էր այնքանով, որ մաքուր օդի, առհասարակ, չէինք կարողանում դուրս գալ, եւ այն հոգեբանական վիճակը, որ անընդհատ մտածում ես չվարակվելու մասին, լարված էր պահում: Իսկ դրական կողմն այն էր, որ այդ շրջանը տանը Սեյրանի հետ երկուսով ենք անցկացրել: Իսկ երբ սկսվեց պատերազմը, հասկացա, որ այն կարանտինը, որից նեղվում էինք, չարյաց փոքրագույնն էր…

Պատերազմի օրերին շատ վատ եմ տարել հղիությունս… Չկար այնպիսի օր, որ լաց չլինեի: Գիտեի, որ հղի եմ ու չի կարելի այդպես լարվել, բայց, միեւնույն է, չէի կարողանում ինձ զսպել: Ամուսինս ամեն ինչ անում էր, որ չլսեմ, չիմանամ այդ լուրերը, բայց նման ինֆորմացիան հնարավոր չէ թաքցնել…»,-նշում է դերասանուհին,-«Համոզված եմ, որ տղաս այդ ամենն իմ ներսում զգալով ավելի ուժեղ է դարձել. Փառք Աստծո` նրա հետ ամեն ինչ կարգին է, ծննդաբերությունը լավ է անցել ու հուսով եմ` երբ նա մեծանա, ես իրեն ավելի լավ բաներ կունենամ պատմելու, եւ իր մանկությունը կանցնի խաղաղ, ու խաղաղությունն իր համար երազանք չի լինի»,-հավելում է նա:

«Ես, առհասարակ, շատ լավատես եմ` նույնիսկ, չափից շատ, իրականությունից դուրս լավատես եմ: Անգամ կարանտինի ու պատերազմի ժամանակ ինձ իմ լավատեսությունը օգնեց… Հիմա էլ եմ համոզված, որ կգա մի օր ու ամեն բան լավ կլինի հայ ազգի ու Հայաստանի համար: Մի կյանք ենք ապրում ու պիտի պայքարենք միայն լավի համար»,-ասում է դերասանուհին` անդրադառնալով նաեւ որդու անվան ընտրությանը.

«Նրա անվան շուրջ շատ էինք մտածում. տատանվում էինք Դավիթ կամ Միքայել տարբերակների շուրջ, բայց վերջում ընտրեցինք Միքայել անունը, որովհետեւ ինքը հենց այդիպսին է` Միկան է (ծիծաղում է)»:

Մարինան դժվարացավ նշել` հե՞շտ է, արդյոք, Միքայելին խնամելը, թե ոչ. ասում է` «Այնպիսին է, ինչպիսին բոլոր երեխաները: Կարծում եմ` չկա երեխա, որ չի լացում, որ գիշերը ուշ չի քնում: Իհարկե, սկզբում դժվար է լինում, բայց այդ դժվարություններն անգամ հաճելի են, որովհետեւ դու խնամում ես մեկին, որը քո ներսում ապրել է ինը ամիս, որը քո մի մասնիկն է: Գալիս է պահ, որ ինչ-որ բաներից նյարդայնանում ես, բայց երբ նայում ես նրան, այնքան անօգնական է թվում… էլ ինչպե՞ս արտահայտի իր բողոքը, եթե լաց չլինի (ծիծաղում է): Փառք Աստծո` թե իմ, թե Սեյրանի մայրիկը ինձ օգնում են երեխայի խնամքի հարցում»:

Դերասանուհին խոստովանում է` երբ իմացել են իր հղիության մասին, մտածել են` այս Ամանորը պետք է առանձնահատուկ նշեն, բայց 2020-ի տխուր իրադարձություններից ելնելով` այլ կերպ են դիմավորել:

«Իհարկե, շատ երկար էինք սպասել այս Նոր տարուն, որովհետեւ գիտեինք, որ այն արդեն մեր փոքրիկի հետ էինք դիմավորելու, բայց ցավոք սրտի` ինչպես բոլորի մոտ, մեր տրամադրությունն էլ այնպիսին չէր, որ մեր ուզած ձեւով նշեինք Ամանորը: Չնայած տարին շատ բարդ էր ամբողջ աշխարհի համար` մեզ մոտ առավել եւս: Հատկապես, պատերազմից, այդքան զոհերից հետո անհնար էր Ամանորը նշել բարձր տրամադրությամբ:

2020-ի մեր լուսավոր կետը, այնուամենայնիվ, իմ հղիության մասին լուրն ու մեր բալիկի ծնունդն էր, ու մենք ամեն բան արեցինք, որ փորձեինք լավ դիմավորել 2021-ը: Եղել ենք տանը` երեքով. դրել ենք մեր փոքրիկ տոնածառը, թեթեւ տոնական սեղան , եւ այդպես դիմավորեցինք: Լավ բաների մասին ենք մտածել, որ 2021-ը անպայման լավն է բերելու: Կարծում եմ` պիտի լավ տրամադրվենք, որ այն, իսկապես, լավը լինի»:

Սյունե Առաքելյան