«Շատ խոսակցություններ եմ լսել, որ պապիկիս շնորհիվ եմ ընտրվել, բայց ամեն ինչ արդար է եղել». Աիդա Կարապետյանը՝ «Սարի աղջիկ» հեռուստասերիալում գլխավոր դերը ստանալու մասին

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Կարապետյանի թոռնուհին՝ Աիդա Կարապետյանը, ով լսարանին հայտնի է «Սարի աղջիկ» հեռուստասերիալից, մանկուց պարել է՝ երազելով մի օր դերասանուհի դառնալու մասին: 18-ամյա Աիդան ավարտել է Պարարվեստի պետական քոլեջը, հիմա սովորում է Մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնի առաջին կուրսում:

Tert.am Life-ի հետ զրույցում Աիդան պատմել է արդար ընտրությամբ «Սարի աղջիկ» հեռուստասերիալում հայտնվելու, նոր ոլորտում իր վախերի, հետագայում մասնագիտական կրթություն ստանալու ցանկության մասին: Կարանտինի շրջանում պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն օնլայն քասթինգ էր հայտարարել «Սարի աղջիկ» հեռուստասերիալի համար, որին մասնակցել է նաև Աիդան:

«Մի քանի փուլ անցնելուց հետո ընտրվեցի Լուսեի կերպարի համար: Ընտրությունն ինձ համար անսպասելի էր, որովհետև մասնակցել էի՝ մտածելով, որ ինձ կընտրեն մասսայական տեսարանի համար: Անբացատրելի երջանիկ էի, երբ ինձ ընտրեցին: Մարդկանց թվում է՝ ամեն ինչ շատ հեշտ է անցել, ես պետք է ընտրվեի, շատ խոսակցություններ եմ լսել, որ պապիկիս շնորհիվ եմ ընտրվել, բայց ամեն ինչ արդար է եղել,- ասաց նա և հավելեց, որ դերասանուհի դառնալու ցանկություն միշտ է ունեցել,- Նույնիսկ ուզում էի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ընդունվել, բայց ծնողներս դեմ էին: Տանը բոլորը գիտեին, որ ես վաղուց այդ երազանքն ունեմ, թատրոնն ու կինոն ինձ շատ են հետաքրքրում: Երբ իմացա քասթինգի մասին, հայրիկիս ասացի՝ գոնե թույլ տուր սրան մասնակցեմ: Նա համաձայնեց, երբ պարզվեց՝ գլխավոր հերոսուհուն եմ մարմնավորելու, մի փոքր «ծանր էր տանում», բայց պապիկս նորմալ ընդունեց լուրը»:

Աիդան նշեց, որ դերասանական դասընթացների է հաճախել, բայց բարձրագույն դերասանական կրթություն չունի, ինչի պատճառով էլ շատ վախեր է ունեցել: «Վախենում էի, քանի որ մարմնավորում էի գլխավոր հերոսուհու, պետք է աշխատեի պրոֆեսիոնալ դերասանների հետ, բախտս բերեց, որովհետև աշխատում եմ մի մթնոլորտում, որտեղ բոլորը պատրաստ են օգնել ինձ, խորհուրդներ տալ: Նաև միշտ անհանգստացել եմ, որ կարող եմ չընկալվել հեռուստադիտողի կողմից, բայց ինձ հասած կարծիքներից ենթադրում եմ, որ Լուսեն սիրվել է հեռուստադիտողի կողմից: Ամեն օր դիտում եմ հեռուստասերիալը, փորձում եմ շտկել թերություններս, որպեսզի կերպարս էլ ավելի սիրված լինի: Հիշում եմ, որ նկարահանումների առաջին օրը շատ կաշկանդված էի, ամաչում էի շփվել նույնիսկ դերասանների հետ՝ չնայած տեսակով շփվող մարդ եմ: Հետո բոլորի հետ էլ ընկերացա, իմ սերիալային ընտանիքի անդամների հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, նրանց շատ եմ սիրում»,- ասաց նա:

Աիդան նկարահանվել է նաև պատերազմական շրջանում: Նկատեց, որ, ինչպես ամբողջ ազգի, իրենց համար էլ բարդ ժամանակահատված էր: «Ես առաջնագծում հարազատներ չունեի, բայց այս ցավը բոլորինս էր, հիմա էլ բոլորինս է: Հոգեպես ընկճված էինք, տխուր, բայց մեզ ապրելու ու աշխատելու հույս էր տալիս ժողովրդին քաջալերելու զգացումը: Յուրաքանչյուրն այս ընթացքում պետք է իր գործը լիարժեք անի, որպեսզի Հայաստանում կյանքը չկանգնի: Գոնե մի քանի ժամով մարդկանց առօրյայից կտրելն արդեն լավ է: Դրական նամակները շատ են, հեռուստադիտողները նույնիսկ ցանկություն են հայտնում, որ սերիալը շաբաթ և կիրակի օրերին նույնպես ցուցադրվի»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ փորձում է համատեղել դասերն ու նկարահանումները: «Կստեմ, եթե ասեմ՝ չեմ հոգնում, ծանրաբեռնված չեմ, որովհետև դասերի ու նկարահանումների ժամերը հաճախ համընկնում են: Բախտս բերել է, որ դասերն օնլայն են, կարողանում եմ անգամ նկարահանման հրապարակից միանալ: Երբ սիրում ես աշխատանքդ, ունես ցանկություն, արգելքներ չեն լինում: Հիմա ինձ ավելի շատ տեսնում եմ որպես դերասանուհի, ցանկանում եմ հետագայում այդ ուղղությամբ շարունակել, գուցե նաև մասնագիտական կրթություն ձեռք բերեմ, քանի որ կարևորում եմ այն: Պարուհու մասնագիտությունն այս ասպարեզում միայն օգնում է, հենց «Սարի աղջիկ» նախագծում պարուհի լինելը շատ է օգնել, որովհետև հերոսուհիս հաճախում է պարի, տեսարաններ կան, որտեղ նա պարում է, այդ պարերը ես ու պապիկս ենք բեմադրում»,- նշեց Աիդան:

Նա նկատեց, որ հեռուստասերիալի շնորհիվ բացահայտել է Հայաստանի տեսարժան վայրերից շատերը, քանի որ նկարահանումներ են իրականացրել տարբեր վայրերում: «Արկածներով լի այնքան օրեր եմ ունեցել: Տեսարան կար, որտեղ պետք է քայլեի ձիու հետ, ես քայլում էի, խոսում նրա հետ, երբ գլխով հարվածեց ինձ, բարեբախտաբար, վնասվածքներ չեղան: Մի անգամ էլ նկարահանման էինք Թռչկանի ջրվեժում: Ես կանգնած էի քարի վրա, ջրվեժի ջուրն այնքան ուժեղ շիթով էր ինձ հարվածում, որ թվում էր՝ ընկնելու եմ: Օպերատորը դրոնը բարձրացրեց, որ ինձ նկարի, իսկ ես այդ ընթացքում քարի վրա պետք է պտտվեի: Ես ինքնամոռաց պտտվում էի՝ առանց իմանալու, որ դրոնն արդեն վաղուց ընկել է ջրի մեջ: Ծիծաղելի տեսարան էր»,- եզրափակեց Աիդան:

Աղբյուր