Ողջ մնալը միայն բախտի գործոնն է եղել․ Կամավորական Հովհաննես Մարտիրոսյանի կյանքը «փրկել է» կինդերը

«Ողջ մնալու համար բախտի գործոնն է եղել միայն»,- պատմում է կամավորական Հովհաննես Մարտիրոսյանը, ում կյանքը «փրկել է» կինդերը։

«Մերի անունով մի աղջիկ էր նվիրել, ասել էր, որ պահեմ վերադառնամ միասին կբացենք։ Գործողություններից մեկի ժամանակ կինդերն ընկավ գրպանիցս, կռացա, որ վերցնեմ թշնամու փամփուշտն անցավ գլխիս վրայով»,- Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Հովհաննեսը։

Նա կամավոր է մեկնել՝ մասնակցելու Արցախյան պատերազմին, բազմաթիվ խոչընդոտներով է անցել, մինչև հասել է ռազմաճակատ։ Հակաօդային պաշտպանությանն է մասնակցել։

Հովհաննեսի խոսքով՝ պատերազմում ամենամեծ խնդիրը զինվորական մեքենաներով տեղափոխությունն է եղել, ըստ նրա՝ պետք էր մարդատար մեքենաներով 3-4 հոգի տեղափոխել։

«Ամբողջ ազգը գիտեր, որ մեր կռիվը ԱԹՍ-ների դեմ է, իսկ դրանք աշխատում էին խմբերի ու մեծ մեքենաների վրա։ Օրինակ՝ 5 մեծ մեքենա գնացել են, մեկն է ետ եկել, 5-ից 4-ը խփվել է, մինչև, որ արդեն հակաօդային պաշտպանությունը նորմալացել էր, այդ ժամանակ նոր միայն հասկացան, որ մեծ մեքենաներով չպետք է տեղափոխել զորքին»,-ասում է Հովհաննեսը։

Նա հիացմունքով է պատմում 18-20 տարեկան ժամկետային զինծառայողների և նրանց հերոսությունների մասին։

«Երբ տեսնում էինք իրենց ոգևորվածությունը, մենք ինքներս ամաչում էինք ու դա էր, որ մեզ պահում էր, մենք իրավունք չունեինք իրենց մենակ թողնելու, մտածում էինք ավելի լավ է մեռնենք, քան իրենց թողնենք ու փախնենք։ Ես համարում եմ, որ իրենք հաղթել են այս պատերազմում»,- պատմում է Հովհաննեսը։

Կամավորականի խոսքով՝ իրենք սնունդի խնդիր չեն ունեցել, սնունդը միայն տեղ չի հասել այն դեպքերում, երբ հարված է հասցվել մեքենային, իսկ սոված մնացել են միայն նրանք, ովքեր կորել են կամ շրջափակման մեջ են հայտնվել։

Նրա խոսքով՝ հոգեբանորեն իրենք պատրաստ են եղել ամեն ինչի․

«Սնարյադները անձրևի նման գալիս էին, շատերը դրան պատրաստ չէին, դրա համար էլ փախնում էին»։ Հովհաննեսն ասում է, որ 44 օր դիմանալն արդեն հաղթանակ է։