«Մինչև հիմա ինձ մեղավոր եմ զգում Սիրուշոյի առաջ». Սյուզան Մարգարյան

Ո՞վ կարող է մեզ ճանաչել ավելի լավ, քան մեր մայրը: Նա անհավանական մի ուժով զգում է ցանկացած բան, որ կապված է մեզ հետ: Մեր մայրերը ոչ միայն անսահման նվիրված են մեզ, այլև մեզ բոլորից լավ են ճանաչում: Հայտնի մարդկանց իրենց ծնողների աչքերով ներկայացնելու առիթներ ESem.am-ը բազմիցս ունեցել է: Իհարկե, մայրիկների կարծիքը խիստ սուբյեկտիվ է, սակայն հետաքրքիր: Նրանք հիշում են զավակների մանկության բոլոր դրվագները ու միշտ ոգևորությամբ պատմում մեր մանկական քաջագործությունների մասին:)

Սյուզան Մարգարյանը խոսելով Սիրուշոյի մասին` նա նշեց, որ դուստրը մանկուց շատ հետաքրքիր էր ու աշխույժ. Նրա մանկական չարաճճիությունները պայմանավորված էին անսահման հետաքրքրասիրությամբ: «Որքան էլ Սիրուշոն շատ հետաքրքրասեր էր, նրան չէին հետաքրքրում նյութական բաները, միշտ շատ խորն է եղել,- ասաց տկն Սյուզանն ու հավելեց, որ երգչուհին վաղ հասակում էլ շատ է հետաքրքրվել տեխնիկայով: -Սիրուշոյին շատ հետաքրքիր էր, թե ինչպես է, օրինակ, տեսաերիզն աշխատում վիդեոսարքավորման մեջ: Տանը մի ֆիլմի տեսաերիզ ունեինք, որից մեկ օրինակ կար ու երկրորդը գտնելը գրեթե անհնար էր:

Սիրուշոն չորս, թե հինգ տարեկան էր, մի օր որոշել էր ինքը միացնել վիդեոսարքավորումն ու հենց այդ տեսաերիզն էր վերցրել: Միացրեց և սարքավորումը ծամեց ժապավենը, ես հիշում եմ իր դեմքի արտահայտությունը. այդ պահին աչքերում և՛ վախ կար, և՛ մեղավորության զգացում, ամեն ինչ կար: Ես բարկացա, սակայն ամեն ջղայնությունից հետո հասկանում ես, որ պետք էր այլ կերպ մոտենալ, ես պետք է ավելի նրբազգաց լինեի»: