Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ որդու հարսանքի օրվա ու նշանադրության մասին. ՖՈՏՈ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Մարինա Թաշչյանը: Նշանադրության լուրերը նա ուղղակիորեն չհաստատեց. «Դե գրել են, երեւի ճիշտ են գրել»,- նշեց նա, իսկ հարսանիքի օրվա մասին մանրամասներ չասաց:

«Հիմա չեմ կարող ասել, որովհետեւ չենք որոշել դեռ»,- ասաց նա:

Մխիթարյանի ու Grand Holding-ի սեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի նշանադրության մասին լուրերը տարածվեցին մի քանի օր առաջ: Նոյեմբերի սկզբին ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքի ժամանակ Բեթիի մատին նշանադրության մատանի էին նկատել: Նրանց հարաբերությունների մասին խոսակցությունները սկսվել են այս տարվա ամռանից:

Նախկինում ակտիվորեն խոսում էին Մխիթարյանի ու ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովայի սիրային կապի մասին: Անցած տարի ամռանը Լոպիրյովան Հայաստանում էր ու ֆուտբոլիստի հետ Հաղարծին էր գնացել: Ինքը՝ Մխիթարյանը, այս խոսակցությունները երբեք չի մեկնաբանել: Armtimes.com-ի հետ զրույցում ասել է, որ անձնական կյանքից չի ցանկանում խոսել:

Աղբյուր