«Իմ ու Սաշի հարաբերությունները բարդացան երեխայի ծննդից հետո». Լիլիթ Բաբասյանը` ընտանեկան խնդիրների մասին

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի և դիետոլոգ Լիլիթ Բաբասյանի ամուսնության 5–րդ տարեդարձի և Ալեքսանդրի անակնկալի մասին  Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Մեր լսարանին պատմել էինք նաև, որ զույգն ընտանեկան որոշակի խնդիրներ ունի։ Այն ժամանակ նրանք չէին մանրամասնել, թե ինչ խնդիրների մասին է խոսքը։ Այս անգամ  Tert.am Life–ն անկեղծ զրույց է ունեցել դերասանի կնոջ` Լիլիթի հետ, որը պատմեց ընտանեկան դժվարությունների մասին, որոնք ավելի ընդգծված են դարձել երեխայի ծննդից հետո։

«Ես ու Սաշն ահավոր տարբեր աշխարհներ ունենք։ Երբ ամուսնացա, 22 տարեկան էի, իմ մտածողությունն այլ էր։ Այն ժամանակ ինձ դուր էր գալիս, որ նա ինձ սովորեցնում է ինչ-որ բան, հիմա դա ինձ դուր չի գալիս։ Սաշն իշխող բնավորություն ունի, արդյունքում բախվում ենք։ Ինձ դուր չի գալիս ոչ թե այն հանգամանքը, որ նա ինձ սովորեցնում է, այլ այն, թե ինչ է փորձում սովորեցնել։ Ես ունեմ իմ աշխարհայացքն ու արդարությունը, որից, երբեմն, կարող եմ տուժել, սակայն լռել չեմ կարողանում։ Նա փորձում է փոխել իմ աշխարհայացքը։ Ես իրեն ասում եմ, որ ինքն ինձ սիրել է իմ տեսակով, ամենուր ասում է, որ ինձ սիրում է իմ արդարության, անկեղծ ու բարի լինելու համար, բայց փորձում է փոխել դա և ինձ վատը դարձնել»,– ասաց Լիլիթը։

Լիլիթը համարում է, որ սա անկումային փուլ չէ ընտանիքում, պարզապես, սկսել են բախվել  իրենց հակառակ տեսակները։ Տեսակների տարբերությունն ավելի ընդգծված է դարձել երեխայի` Ալեքսանդրի ծննդից հետո։ Ծնողները շատ են սիրում իրենց որդուն, սակայն ամեն մեկն ունի դաստիարակության իր տեսլականը։

«Ես չեմ ուզում, որ իմ երեխան քյարթու և լկտի մեծանա, ուզում եմ ինտելիգենտ լինի, ունենա իր կարծիքը, որը ես կամ հայրը չենք թելադրել։ Սաշն ասում է` իմ տղան պետք է լինի այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում, իսկ ես ասում եմ` նա պետք է լինի այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում, եթե մենք ենք կյանք տվել իրեն, չի նշանակում, որ պիտի ղեկավարենք այն։ Անկեղծ ասած, երեխան ինձ հետ լրիվ այլ մարդ է, Սաշի հետ` այլ։ Նա ամեն ինչ անում է, որ երեխան զոմբիանա։ Ես կարծում եմ` եթե երեխան իրեն վատ է պահում, պետք է դաստիարակես, իսկ  նա ասում է` երեխա է։ Երեխան չպետք է կամակոր լինի։ Այս խնդիրները երեխայի հետ եկան։ Երբ ինձ ասում են` երկրորդ երեխա, ասում եմ` ոչ։ Ես այլևս չեմ կարող»,– նշեց դերասանի կինը, չնայած ավելի վաղ ամուսինն ասել էր, որ երազում է երկրորդ երեխան ունենալու մասին։

Լիլիթը կարծում է, որ թեև որդին արտաքնապես հոր կրկնօրինակն է, բնատուր տեսակով իրեն է նման. «Նա շատ խղճով երեխա է։ Իր կոնֆետն ուրիշին կտա, շատ բարի է։ 3.5 տարեկան է, սակայն փողոցում փիսիկ է տեսնում, ասում է` մամա, արի նրբերշիկ գնենք իր համար»։

Զույգն այժմ փորձում է որոշակի փոխզիջումների գնալ, սակայն Լիլիթին դուր չի գալիս, որ ամուսինը չի ընդունում իր սխալը։ «Իմ սկանդալներից հետո ինչ–որ տեղ ես եմ լռում, ինչ–որ տեղ` նա։ Մենք իրար սիրում ենք, սակայն խնդիրն այն է, որ եթե ես կարող եմ գալ և ասել` ես սխալ էի, նա դա չի անի։ Նա ոչ ոքի չի ասի` ես սխալ էի։ Ես 6–րդ տարին է, ապրում եմ իր հետ և երբեք չեմ լսել, որ Սաշը որևէ մեկին ասի` ես սխալ էի։ Պահ է գալիս, երբ դա քեզ հունից հանում է։ Կան հարաբերություններ, որտեղ չպիտի լինի այդ եսասիրությունը։ Եթե սխալ ես, պիտի հպարտությունդ մի կողմ դնես, որովհետև կողքիդ քեզ սիրող մարդ է։ Եթե ես փոխվեմ և ասեմ` մեծն Սաշ, դու ճիշտ ես, դու ամենակարող ես, նա ինձ ձեռքերի վրա կտանի, որովհետև երբ իրեն ժպտաս, տասն անգամ ավելի կժպտա քեզ, սակայն չեմ կարող լռել։ Երբ նոր էինք ամուսնացել, ես այդպես էի անում, որովհետև այդպես էի զգում։ Հիմա այդպես չեմ անում, ինչը նրան նյարդայնացում է։ Գալիս է պահ, երբ տեսնում ես, որ նա սխալ է։ Երբ ես իրեն ասում եմ իր սխալը, ակնկալում եմ, որ հասկանա այն, ուղղի, դա չի նշաանակում, որ ես ուրիշի կողմն եմ անցնում։ Դրսում ես միշտ իր կողքին եմ կանգնած,  սակայն տանը իրեն պիտի ասեմ, որ սխալ է։ Ինքը դա չի ընդունում»,– ասաց նա։

Ալեքսանդրը երբեք չի թաքցրել, որ եսասեր է։ Նա միշտ ասում է, որ ցանկացած հարաբերություններում և միջավայրում պետք է առաջինը լինի։ Լիլիթը նկատել է, որ ամուսնուն դուր չի գալիս, որ հիմա իրեն ճանաչում են որպես անհատ, որպես դիետոլոգ, ոչ թե որպես Ալեքսանդրի կին. «Եթե նախկինում ինձ շատերը ճանաչում էին որպես իր կին, հիմա կարող են մոտենալ որպես անհատ։ Իրեն դա հունից հանում է։ Նա միշտ առաջինը պետք է լինի։ Դա նորմալ է, սակայն,  երբեմն, ինձ մոտ տպավորություն է, որ նա ինձ ընդունում է որպես իր մրցակից»։

Զույգը համաձանության չի գալիս նաև ԱՄՆ մեկնելու հետ կապված։ Լիլիթը նշեց, որ ինքն էլ  Ալեքսանդրն էլ աշխատանքային առաջարկ ունեն ԱՄՆ–ից, սակայն դերասանը մեկնել չի ուզում։ «Ես ասում եմ` գնանք ԱՄՆ, նա ասում է, բա իմ հայրենիքը։ Այնպես է խոսում, կարծես Երևանն աշխարհի կենտրոնն է։ Իր  շրջապատն էլ է այդպես խոսում։ Ասում եմ` ժողովուրդ, նայեք` ձեր շուրջն ինչ է կատարվում, գոնե, արդար եղեք։ Ես հիմա հասկացա, որ եթե մարդն այլ երկրում է մեծացել, այլ մենթալիտետ ունի։ Մարդը պետք է զույգ ընտրի իր մենթալիտետին համապատասխան։ Ես չեմ փոշմանում իմ ընտրության համար, որովհետև սիրում եմ Սաշին, երախտապարտ եմ իրեն, որ երեխա ունենք, ուղղակի կուզեի, որ նա ավելի արդար լիներ»,– նշեց նա։

Լիլիթը կարծում է, որ այս իրավիճակը 3 ելք կարող է ունենա։ «Ի վերջո, կամ ես պիտի հանձնվեմ, կամ ինքը ինչ–որ բան կփոխի, կամ, ցավոք, վերջ կգա այս պատմությանը։ Եթե այդպես լինի, կնշանակի, երկուսս էլ շատ թույլ ենք։ Եթե սեր չլիներ, այլ հարց է, բայց մենք,  իրոք, սիրում ենք իրար»,– ասաց նա ու հավելեց, որ լիահույս է, որ խնդիրները ժամանակավոր են, ի վերջո, առանց դժվարությունների հետաքրքիր չէ։

Աղբյուր