«Ազիզյանների» նոր դերակատարը Գարիկ Պապոյանն է. առաջին կադրերը նկարահանումներից. ՖՈՏՈ

Հոկտեմբերի 15-ից կմեկնարկի «Ազիզյանները» սիթքոմի նոր եթերաշրջանը: Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում սիթքոմը կշարունակվի առանց գլխավոր կերպարի՝ Գառնիկի, որին մարմնավորում էր Հայկ Մարությանը։ Ըստ սցենարի` Գառնիկը գնացել է խոպան։ Սիթքոմում Հայկ Մարությանի բացակայությունը շատերին է տխրեցրել, և ստեղծագործական  թիմը որոշել է ներգրավել սիրված նոր դերասանի` այսպիսով նաև թարմություն հաղորդելով նախագծին։ «Ազիզյանների» նոր հերոսին կմարմնավորի Գարիկ Պապոյանը:

Tert.am Life-ը ներկա է եղել նկարահանումներին, ֆիքսել  առաջին կադրերն ու Գարիկի հետ զրուցել իր դերի մասին:

Գարիկը մարմնավորում է Ջիվանին, որը ժամանել է ՌԴ-ից և վարձակալական հիմունքներով բնակվելու է Ազիզյանների տանը։ «Շատ հետաքրքիր էր, որ «Ազիզյանները» սիթքոմում ես հայտնվում եմ հինգերորդ եթերաշրջանից։ Ժամանակին կային խոսակցություններ, որ հենց առաջին եթերաշրջանից պիտի լինեմ:

Հայկի հետ խոսել էինք այդ մասին, բայց գործն այնպես բաժանեց մեզ, որ այն ժամանակ չկարողացա խաղալ սիթքոմում։ Թեև հոգով–սրտով մի տեսակ միշտ եղել եմ այս սիթքոմում` իմ ընկերների կողքին»,- պատմեց Գարիկը:

«Ազիզյանների սցենարիստներն այս եթերաշրջանում հրաշալի հնարավորություն են ստացել զարմացնելու Ucom-ի բոլոր հեռուստադիտողներին։ Սիրված հերոսները կհայտնվեն անսպասելի, տարօրինակ և, ինչպես միշտ, զվարճալի իրավիճակներում, և այդ ամենին, սովորության համաձայն, հնարավոր է հետևել եթերից մեկ օր առաջ «Տեսավարձույթ» բաժնում», — ասաց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Գարիկն էլ նշեց, որ սիթքոմում իր մարմնավորած կերպարը հասցրել է եթերային կարճատև կյանք ունենալ, իր համար խորթ չի եղել նոր կերպարին հարմարվելը: «Մի քանի ամիս առաջ շատ կարճ դրվագի համար կերտել եմ այս կերպարը, այնքան լավ բնավորություն ուներ, որ մտածում էինք՝ ափսոս է կորցնել: Կերպարս շատ ջիգրյարով, հայրենասեր մի տղա է, որն ամեն ինչի մեջ տեսնում է այդ հայրենական հողի, ջրի համն ու հոտը: Այս սիթքոմում այն ինչ-որ շունչ ստացավ: Կարծում եմ և՛ սիթքոմը որոշակի թարմություն  ու նոր շնչառություն կստանա, և՛ այս կերպարս` ապրելու իրավունք»,-ասաց նա:

Գարիկի կերպարը թեև ուղղակիորն առնչություն չունի արդեն հայտնի կերպարների հետ, բայց ակտիվորեն ներգրավվում է Ազիզյանների խենթ ընտանիքում ծավալվող զավեշտալի իրադարձություններին: «Կարելի է ասել՝ գլխավոր հերոսի կերպարային գծի հետ իմ կերպարը խաչվում է միայն այն իմաստով, որ նա լքել է ընտանիքը, գնացել է «խոպան»։ Քանի որ ընտանիքում ֆինանսական խնդիր կա՝ սենյակ վարձակալելով որոշակիորեն լուծում եմ նրանց խնդիրը: Քանի որ այս ընտանիքը շատ էքսցենտրիկ է և հայտնի հետաքրքիր պատմություններով, ակամա սկսում եմ ներքաշվել այդ պատմությունների մեջ»,- նկատեց Գարիկը:

Աղբյուր