«Ստացա իմ երազանքների մեքենան». ընկերոջ 20 հազար դոլար արժողությամբ նվերը` մոդել Ռոմելլա Թամարյանին. ՖՈՏՈ

Կանայք շարունակում են կոտրել կարծրատիպը, թե իրենք վարորդի կարգավիճակում զիջում են տղամարդկանց և երթևեկության ընթացքում հաճախ են խախտումներ անում: Tert.am Life-ի՝ «Ղեկին կանայք են» շարքում այս անգամ զրուցել ենք 2–րդ «Վիցե Միսս ԱՊՀ» ճանաչված, մոդել Ռոմելլա Թամարյանի հետ:

Ռոմելլան պատմեց, որ մեքենա վարել սովորել է 17 տարեկանում, 18 տարեկանում ձեռք է բերել վարորդական իրավունք ու սկսել վարել: Նրա առաջին ավտոմեքենան եղել է Mitsubishi Colt մակնիշի, որը նվիրել են ծնողները:

«Ծնողներս խոստացել էին, որ ինձ համար մեքենա կգնեն, եթե լավ արդյունքներով ընդունվեմ ինստիտուտ: Երբ անվճար ընդունվեցի Թատերական ինստիտուտ, ինձ նվիրեցին առաջին մեքենաս: Այդ մեքենան վարելով՝ հմտացա որպես վարորդ։ Ձգտեցի, որ հետագայում ավելի լավ մեքենա վարեմ: Այնպես ստացվեց, որ 23 տարեկանում ես արդեն 6 մեքենա հասցրել եմ փոխել»,- պատմեց Ռոմելլան:

Մոդելի ներկայիս մեքենան Chevrolet Camaro մակնիշի է, որը նա նվեր է ստացել մեկ շաբաթ առաջ ընկերոջ կողմից, որի ով լինելը չի բացահայտում: Ռոմելլայի խոսքով, իր երազանքների ավտոմեքենան նվեր ստանալը մեծագույն անակնկալ է եղել իր համար։

«Մեքենաս դեղին է, թեև ես կարմիրի մասին էի միշտ երազում, բայց այս գույնն էլ շատ սիրեցի: Մի անգամ նույնիսկ խանութում այդ ավտոմեքենայի խաղալիքն էի տեսել, գնել էի ու պահում էի սենյակումս: Երևի երկու տարի նայում էի այդ խաղալիքին ու մտածում, որ մի օր կվարեմ այդ մեքենայից: Միշտ ասում էի, որ այդ մեքենան ունենալը իմ երազանքն է։ Ընկերս ինձ համար նման անակնկալ արեց,-ասաց Ռոմելլան և ավելացրեց, որ ի սկզբանե սիրելին մտածել էր յուրահատուկ ձևով մատուցել անակնկալը,- որոշել էր փուչիկներով, շատ գեղեցիկ ձևով մատուցեր ինձ, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացավ դա անել: Այն օրը, երբ պետք է մեքենան նվիրեր ինձ, տորթ բերեց մեքենայի տեսքով, իսկ մեքենան տեխնիկական պատճառներով ստացա 20 օր անց»:

Ռոմելլան նշեց, որ մեքենան ձեռք է բերվել ԱՄՆ-ից, շուկայական արժեքը մոտ 20 հազար դոլար է: Նրա խոսքով, երազանքների ավտոմեքենան վարելը սկզբնական շրջանում այդքան էլ հեշտ չի եղել՝ չնայած իր ունեցած վարորդական փորձին։ «Մեքենայի պարամերտերը մեծ են և որոշակի դժվարություններ էին առաջանում, հատկապես, կայանման ժամանակ: Սկզբում վախենալով էի վարում, բայց այս մեկ շաբաթվա ընթացքում հարմարվեցի։ Հիմա ավելի ազատ եմ վարում: Մեքենաս փոքր-ինչ տարբերվող է և շատերը՝ հատկապես երեխաները, ուշադիր նայում են վարելու ընթացքում: Փոքր-ինչ դժվար է, երբ անընդհատ ուշադրության կենտրոնում ես,  չես կարողանում ապակիներն իջեցրած երթևեկել»,- ասաց նա:

Ռոմելլայի փոխանցմամբ, մեքենայում հիմնականում մենակ է լինում, երբեմն, ընկերուհու հետ: Նա նշեց, որ վարելու ընթացքում իրեն հուշումներ են տալիս կամ ուղղորդում միայն ընկերն ու հայրիկը: Վերջիններիս օգնությանը դիմում է նաև վթարային իրավիճակում հայտնվելիս կամ որևէ անսարքության դեպքում: Մոդելը հայտնեց, որ վերջին անգամ վթարային իրավիճակում հայտնվել է 2 տարի առաջ, բայց ոչ իր մեղավորությամբ. «Վթարային իրավիճակն առաջացել էր Իսակովի պողոտայում: Ես հասցրեցի ժամանակին արգելակել, բայց դիմացի երկու մեքենաներն արագ էին ընթանում և չհասցրին արգելակել՝ հարվածելով մեքենայիս: Արդյունքում, երկուսի կողմից էլ ինձ փոխհատուցում տրվեց»:

Մոդելը դժվարացավ հիշել, թե երբ են վերջին անգամ իր ավտոմեքենան կանգնեցրել պետավտոտեսուչները, բայց ասաց, որ պատճառը ամրագոտի չկապելն է եղել: Ընդհանուր առմամբ, նա իրեն լավ վարորդ է համարում: Ռոմելլայի կարծիքով, հմուտ վարորդ լինելու համար կարևոր է նաև զիջող լինելը. «Տվյալ պարագայում կապ չունի քո մեքենան ավելի թանկարժե՞ք է, թե՞ ոչ: Գիտե՞ք, ինչ եմ նկատել Հայաստանում, որ ավելի հարգի, թանկարժեք մեքենաների վարորդները երբեք անտեղի ազդանշան չեն միացնում, չեն մանևրում երթևեկության մեջ, իսկ օրինակ տաքսիները կամ ոչ այնքան թանկարժեք մեքենաները այնպես են վարում, որ պարզապես զարմանում ես: Որպես կանոն, իրենց մեղավորությամբ են վթարներ տեղի ունենում»:

Ռոմելլան նկատեց, որ նյարդերը հաճախ են տեղի տալիս երևանյան երթևեկության և խցանումների մեջ, թեև նա աշխատում է  վարել այնպիսի ժամերի, երբ խցանումներ շատ չեն լինում: Ամենաերկար ճանապարհը, որ նա գնացել է վարորդի կարգավիճակում, եղել է դեպի Վրաստան:

Մեքենա վարելու ընթացքում, Ռոմելլան սիրում է երաժշտությունը լսել: Երգերի նախընտրությունը կախված է տրամադրությունից, փլեյլիստը մեծ է՝ էստրադայից մինչ ռեփ: Նա նշեց, որ ի տարբերություն շատ աղջիկների, վարելու ընթացքում աշխատում է կողմնակի գործողությամբ չզբաղվել. «Երբեմն կարող է հեռախոսին նայեմ կամ զանգի պատասխանեմ: Սելֆիներ անում եմ, բայց ոչ ընթացքի ժամանակ: Երբեմն էլ վիդեոներ եմ նկարում ինչ-որ  երաժշտության ներքո»:

Ռոմելլան ասաց, որ իր մեքենայի աղջկական լինելը նաև ներսի սրահից կարելի է հասկանալ: Կան մի  քանի իրեր, որոնք մշտապես նրա մեքենայի մեջ են։ «Հատուկ մեքենայի համար սփրեյներ ունեմ, որ ցանում եմ անցանկալի հոտերից պաշտպանվելու համար: Մեքենայիս մեջ պարտադիր լինում են մաստակ և կոնֆետներ, ընդ որում, ես կոնֆետ առհասարակ չեմ ուտում, դրանք պահում եմ հյուրասիրելու համար: Նաև օծանելիք ու անձեռոցիկներ կան: Նոր մեքենաս, հատկապես, շատ մաքուր եմ պահում»,- եզրափակեց նա:

Աղբյուր