«Ամուսինս ու աղջիկս փրկարարների էին կանչել». Լուիզա Ղամբարյանի ընտանեկան հանգիստը Կիպրոսում և վտանգավոր քայլը

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն օրերս է վերադարձել ամառային հանգստից, որն ամուսնու` Գեորգի Կիմիչի և դստեր` Գաբիի հետ վայելել են Կիպրոսում։ Դերասանուհին Tert.am Life–ին պատմել է 14–օրյա հանգստի մասին և նշել, որ ծովային հանգստի մեծ սիրահար է։

«Ծովում լիարժեք լիցքաթափվում եմ։ Դա հանգստի լավագույն տարբերակն է ինձ համար։ Շատ եմ սիրում լողալ։ Ամուսինս և դուստրս ևս շատ են սիրում լողալ և բավականին լավ են լողում»,– ասաց Լուիզան և հավելեց, որ ինքն ինքնուս լողորդ է, սակայն տարիների ընթացքում բավականին հմտացել է: Դերասանուհին սիրում է լողալ դեպի ծխովի խորքերը և հասցրել է մի լավ վախեցնել ամուսնուն և դստերը։

«Ես վտանգավոր լողորդ եմ։ Ինձ համար մեծագույն հաճույք է զգալ ծովի ազատությունը։ Ամուսնուս և աղջկաս զգուշացրեցի, որ չանհանգստանան, լողում եմ խորը` մինչև դրոշակները։ Լողացի և բավականին խորացա, նույնիսկ դրոշակներն անցա։ Քանի որ ծովում լիարժեք լիցքաթափվում եմ, կորցրել էի ժամանակի զգացողությունն ու, ինչպես հետո պարզվեց, բավականին երկար էի մնացել այնտեղ։ Երբ վերադարձա ափ, տեսա, որ ամուսնիս ու աղջիկս փրկարարների են կանչել, պատրաստվում են նստել փրկարարական նավակն ու գալ ինձ փնտրելու։ Երբ ինձ տեսան  ուրախացան, որ ոչինչ չի պատահել, միաժամանակ ջղայնացան, քանի որ շատ էին անհանգստացել»,– պատմեց Լուիզան։

Թեև դերասանուհին սիրում է լողալ դեպի ծովի խորքը, ստորջրյա կյանքը նրան չի հետաքրքրում։ Նա երբևէ դայվինգ չի արել, ասում է` դա իրեն չի գրավել, փոխարենը նախընտրել է թռչել օդապարիկով։

Արևայրուք ընդունել ևս Լուիզան չի սիրում, այդ իսկ պատճառով հնարավորինս պաշտպանվել է արևի ճառագայթներից. «Ես չեմ սիրում մաշկի մուգ գույնը, համենայն դեպս, ինձ վրա։ Խնամքի հատուկ միջոցներ էի օգտագործում, որպեսզի պահպանեմ մաշկիս բաց գույնը։ Ինձ տեսնողները չեն էլ ենթադրի, որ ես 14 օր եղել եմ ծովափում»։

Ծովային հանգիստը ենթադրում է պասիվություն։ Լուիզան նկատեց, որ այս փուլում դա հենց այն էր, ինչը պետք էր իրեն և ընտանիքի անդամներին, իսկ երեկոները լրացրել են հետաքրքիր ժամանցով։ Դերասանուհին ասաց, որ հյուրանոցում կային տարատեսակ զվարճանքներ տարբեր տարիքային խմբերի մարդկանց համար, և դուստրը գտել է իրեն համապատասխան զբաղմունքներ։ Բացի այդ, երեկոյան զբոսանքներն ու այցելությունները տարբեր վայրեր լրացրել են հետաքրքիր ժամանցը։

Ավելի վաղ Tert.am Life–ի հետ զրույցում Լուիզան ասել էր, որ պատրաստվում են նաև Երուսաղեմ գնալ։ Նա շատ էր ցանկանում, որպեսզի դուստրը տեսնի Հիսուսի ծննդավայրը, սակայն նրանց դա չի հաջողվել։  «Կիպրոսի ընտրությունն ի սկզբանե պայմանավորված էր Երուսաղեմ մեկնելու հնարավորությամբ, սակայն տեղում պարզվեց, որ վիզայի հետ կապված խնդիր կա, քանի որ Հայաստանը վիզային ռեժիմ չունի Իսրայելի հետ։ Նախկինում հնարավոր էր տեղում ստանալ վիզան, հիմա խստացվել էր մուտքը և չկարողացանք մեկնել։ Հետագայում, անպայման, կմեկնենք Երուսաղեմ և աղջիկս կտեսնի սուրբ հողը»,– ասաց Լուիզան։

Աղբյուր