Հիմնական սխալները նոր սկսվող սիրային հարաբերություններում

Հարաբերությունները, դեռ չծնված, կարող են հօդս ցնդել, եթե ժամանակին չորդեգրեք այլոց փորձն ու թույլ տաք այն հայտնի սխալները, որ բերել են բազմաթիվ զույգերի քայքայման: Ամեն ինչ գուցե բարդ է թվում, բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Ընդամենը պետք է հասկանալ’ինչ չանել հարաբերությունների զարգացման գոնե առաջին փուլում:

Ավելորդ ուշադրություն: Անհամբերությունը նորից շփվելու այն մարդու հետ, ով բոլորովին վերջերս գրավել է սիրտդ, իհարկե, հասկանալի է, ցուցադրվող ուշադրությունն էլ’ բնական, բայց կա որոշակի սահման, որից այն կողմ ուշադրությունը վերածվում է համառությամբ մարդու կյանք խցկվելու: Բոլորին էլ հաճելի է ուշադրությունը, սակայն տղամարդիկ տարբեր են. մի դեպքում 10 զանգը օրվա ընթացքում լիովին թույլատրելի նորմա է, մյուս դեպքում, անգամ 3 զանգն է չափազանց: Ինչպե՞ս պարզել, թե որ տիպին է պատկանում կոնկրետ տղամարդը: Շատ հեշտ: Ամեն ինչ կախված է նրա աշխատանքից: Եթե նա «գործի մարդ է», ապա ժողովներին մեկը մյուսի հետևից եկող հաղորդագրությունները ցանկություն կառաջացնեն Ձեզնից ազատվելու: Խնդիրը միայն լուրջ աշխատանքը չէ, այլ նաև հագեցած գրաֆիկը:

Ավելորդ հետաքրքրասիրություն: Նորմալ է, որ Դուք ցանկանում եք ամեն ինչ իմանալ Ձեր ընտրյալի մասին, սակայն համբերություն ունեցեք: Պետք չէ նրան շարունակ հարցեր տալ ներկայից, անցյալից ու ապագայից այնպես, որ նա իրեն ստի դետեկտորի վրա զգա: Հիշեք’ շատ բաներ կարելի է հասկանալ անգամ առանց խոսքերի’ ուղղակի հետևելով նրա շարժումներին, պահվածքին, վարքին: «Ուզում եմ իմանալ ամեն ինչ և միանգամից» սկզբունքը միանշանակ կզայրացնի նրան, իսկ արդյունքում կփչացնի հարաբերությունները:

«Նախորդներիդ» մասին պատմություններ: Անցյալ փորձի մասին ինֆորմացիան, իհարկե, այն է, ինչից սկսվում է ցանկացած հարաբերություն: Բայց պետք է հասկանալ, որ մի բան է մեկ անգամ ներկայացնել, որ Ձեր կյանքում եղել է ինչ-որ մեկը ու որ նրանից բաժանվել եք այսինչ պատճառով, և մեկ այլ բան է ամեն հարմար առիթի դեպքում նրանից խոսելը: Անցյալը պետք է մնա անցյալում:

Ուշադրության պակաս: Սա, անշուշտ, ավելորդ ուշադրության հակառակ բևեռն է’ մյուս ծայրահեղությունը, երբ Դուք, վախենալով անիմաստ անհանգստացնել նրան կամ էլ ուղղակի նրա առաջին քայլին սպասելով, չեք գրում, չեք զանգում: Կարող է ստացվել այնպես, որ նույն պահին Ձեր սիրելին էլ սպասի Ձեր զանգին, ու իրավիճակը նմանվի երկկողմանի անտարբերության: Եթե նա մի ամբողջ օր չի երևում հորիզոնում, էլ մի սպասեք. ինքներդ կատարեք առաջին քայլը: Զանգեք նրան, բայց մի հարցրեք, թե ինչու չի զանգել, այլ ուղղակի ասացեք. «Ինչպե՞ս ես: Ինչպե՞ս անցավ նախորդ օրդ»:

Շուտ սկսված խանդ ու սեփականատիրություն: Ձեր զգացմունքները կարող են երկու կամ երեք օրում այնպես բորբոքվել, որ նույնքան արագ առաջանա նրան ուրիշ մեկի հետ կիսել չցանկանալու զգացողությունը: Սա, իհարկե, նորմալ է: Բայց տիրապետեք Ձեզ: Երկու-երեք օրը, անգամ երկու-երեք շաբաթը Ձեզ իրավունք չեն տալիս խիստ տոնով հարցնելու՝ «Որտե՞ղ էիր», «Ու՞մ հետ էիր»: Նման հարցերը նորմալ կդառնան միայն այն դեպքում, երբ ձեր հարաբերությունը երկուստեք գիտակցված տեղափոխվի նոր հարթություն, և երկուսդ էլ զգաք, որ այդուհետ անբաժան զույգ եք:

Աղբյուր