Էդգար Իգիթյանը՝ սպասվելիք հարսանիքի ու հանգստի նախընտրած տարբերակների մասին

Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանի համար աշխատանքային տարին դեռ  չի ավարտվել: Նա շարունակում է քրտնաջան աշխատանքն այն ժամանակ, երբ բոլորը հանգստանում են: Այդուհանդերձ, դերասանը սիրում է ճանապարհորդել ու առաջիկայում պլանավորում է մեկնել Հունաստան: BlogNews.am-ի հետ զրույցում Էդգարը պատմել է ոչ միայն հանգստի իր նախընտրած տարբերակների մասին, այլև առաջին անգամ խոսել սպասվելիք հարսանիքի մանրամասներից:

Էդգարն էքստրեմալ հանգստի սիրահար է, բայց  կարող է լիցքաթափել նաև ծովափին՝ տաք ավազին պառկած: «Հանգիստ ասվածն ինձ մոտ ասոցացվում է ծովի, ավազի ու  բնության հետ: Եթե կան այդ բաղադրիչները, ուրեմն՝ լավ հանգիստն ապահովված է»,- ասում է դերասանն ու հավելում, որ հանգստի տարբերակներ ընտրելը հիմնականում կախված է լինում այդ պահի  տրամադրությունից. «Ինձ համար հանգիստն անմիջականորեն կապվում է նաև սպորտի հետ: Ես սպորտի միջոցով ևս կարողանում եմ լիցքաթափվել: Բայց քանի որ այս ընթացքում գրաֆիկս մի փոքր ծանրաբեռնված է ՝պայմանավորված սերիալի նկարահանումներով, ցավոք, չեմ հասցնում գնալ մարզասրահ»:

29090349_374349243081675_1786923703301308416_n

Էդգարը հանգիստը վերջին շրջանում պատկերացնում է միայն նշանածի ու  ընտանիքի անդամների  ընկերակցությամբ: Ասում է՝ ընկերների հետ ավելի քիչ է ստացվում հանդիպել. «Ճանապարհորդել սիրում եմ, սակայն շատ երկրներում դեռևս չեմ հասցրել լինել: Հիմնականում Հայաստանում եմ հանգստանում: Երազում եմ լինել Իսպանիայում, Բրազիլիայում ու նաև Տոկիոյում»:

Ճամպրուկները դասավորելիս էլ շատ իրեր չի վերցնում իր հետ. «Շատ բան չեմ վերցնում հետս՝ ամառային մի քանի հագուստ, ամենակարևորը՝ սրբիչ, շորտ, իսկ մնացածն էլ տեղում եմ գնում, եթե ինչ-որ բանի կարիք լինում է»:

33816046_2192049674406350_7890687721205661696_n

Ի դեպ, դերասանը սեպտեմբերի սկզբին պլանավորում է ամուսնանալ, որից հետո արդեն կնոջ հետ կմեկնի հանգստի. «Հանգիստն ու մեղրամիսը կհամատեղենք: Կարծում եմ՝ կհասցնեմ ամառ ասվածից հաճույք ստանալ: Ուզում ենք Հունաստան գնալ, բայց դա դեռ վերջնական չէ: Շատ կուզենամ, որ ստացվի, քանի որ միշտ ցանկացել եմ լինել այդ երկրում»:

Էդգարը սպասվող հարսանիքի մասին մանրամասնել շատ չի ուզում. «Կասեմ միայն, որ  հայկական ավանդական ձևաչափից փորձել ենք դուրս գալ ու կազմակերպել եվրոպական մոտիվներով հարսանեկան արարողություն: Եկեղեցում ստանալու ենք Աստծո օրհնությունը, այնուհետև մեր հարաբերությունները օրինականացնելու ենք ՔԿԱԳ-ում և մեկնենք ճանապարհորդության»,- ասաց դերասանը:

Նշենք, որ Էդգարը ցանկալի փեսացուների շարքը լքել է նախորդ տարվա սեպտեմբերին: Նա և սիրելին՝ Լուսինեն, աշխատում են նույն ոլորտում, բայց ծանոթությունը եղել է սոցիալական ցանցի միջոցով:

27579749_161526287830252_969221660253093888_n28430146_128995234598873_321928418973188096_n35180237_272512893489917_6574003829476425728_n

Աղբյուր