Անձնական կյանքիս հետ կապված փոփոխությունը սարերի հետևում չէ. Ահա, թե ինչ նորություն ունի Եվա Բաղդասարյանը

Անձնական կյանքիս հետ կապված փոփոխությունը սարերի հետևում չէ. Եվա Բաղդասարյան

Էկրանային երկարատև դադարից հետո մոդել, դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ով հանրությանը հայտնի դարձավ «Եռաչափ սեր» սերիալից, կրկին հեռուստակրաններին է: Այս անգամ հեռուստադիտողները հնարավորույթուն ունեն Եվային տեսնելու «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Փոխնակ մայրը» սերիալում, որտեղ նա մարմնավորում է Էլենի կերպարը: Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհու հետ` սերիալում նկարահանվելու  առաջարկը ստանալու, էկրաններ վերադարձի և անձնական կյանքի մասին:

Խոսելով սերիալում նկարահանվելու առաջարկի մասին` Եվա Բաղդասարյանը նշեց.

«3 ամիս առաջ շատ պատահական զանգահարեց ինձ «Փոխնակ մայրը» սերիալի ռեժիսորը և հրավիրեց քասթինգի: Այդպես, մասնակցեցի մի քանի քասթինգի, որից հետո որոշվեց, որ ես պետք է մարմնավորեմ հենց Էլենի կերպարը»,- ասաց Եվան` պատմելով նաև իր կերպարի մասին:

«Մարմնավորում եմ հարուստ, հաջողակ, առաջին հայացքից երջանիկմի աղջկա, ով, սակայն, իրեն դժբախտ է համարում, քանի որ չի կարողանում սեփական երեխաներն ունենալ: Հենց այդ փաստը ստիպում է կերպարիս` Էլենին, ագրեսիա ու նախանձ զգալ մյուսների հանդեպ»,- մանրամասնեց դերասանուհին:

Նրա խոսքով` ներկայումս իր կերպարին ավելի շատ կարելի է դրական բնորոշում տալ, թեպետ ժամանակի ընթացքում այդ դրական հատկանիշները վերածվում են բացասականի:

Հարցին` արդյոք տարիների դադարից հետո նկարահանման հրապարակում իր համար դժվարություններ չեն եղել, Եվան նշեց.

«Անկեղծ ասած, դժվարություններ եղան: Այս տարիների ընթացքում, կարելի է ասել, որ որոշ չափով հեռացել էի էկրանային գործունեությունից, նկարահանումներից և այլն: Բայց ի ուրախություն ինձ` նշեմ, որ արդեն իսկ հունի մեջ եմ ընկնում, սկսում եմ սովորել»,- մեզ հետ զրույցում ասաց Եվա Բաղդասարյանը:

Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված աշխատանքային գործունեության երկարատև դադարը, Եվան հստակեցրեց.

«Այո, էկրանային դադարս երկարատև էր, քանի որ գերադասեցի սկզբում ուշադրությունս կենտրոնացնել ուսմանս վրա, հետա արդեն` աշխատանքիս: Եվ հենց այդպես էլ եղավ: Սովորում էի Վարդան Աճեմյանի անվան ստուդիայում և ուսումս ավարտելուն պես միանգամից տվյալ սերիալում նկարահանվելու առաջարկ ստացա»,- ասաց դերասանուհին` ավելացնելով, որ այդ դադարի ընթացքում տարբեր նախագծերում հանդես գալու առաջարկներ կրկին ստացել է, սակայն համապատասխան ժամանակը չունենալու պատճառով ստիպված է եղել բոլորը մերժել:

Ըստ Եվայի` սա հենց այն առաջարկն էր, որով որ նա կցանկանար իր վերադաձի մեկնարկը տրվեր.

«Արդեն հասցրել եմ սիրել այս հեռուստասերիալը և շատ ուրախ եմ, որ հենց սրանով եղավ իմ վերադարձը և մուտքը դեպի հեռուստատեսություն: Անչափ ուրախ եմ, որ ստացա այս հնարավորությունը»,- անկեղծացավ դերասանուհին:

Եվան հույս հայտնեց, որ շուտով հնարավորություն կունենա աշխատանքի անցնելու Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում.

«Տա Աստված, որ շատ շուտով աշխատանքի անցնեմ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ այս պահին մենք փորձում ենք մեր դիպլոմային ներկայացումները, որոնք են Մաքսիմ Գորկու «Հատակում»-ը և Լուիջի Պիրանդելոյի «6 պերսոնաժները հեղինակին որոնելիս»-ը»,- նշեց դերասանուհին:

Անդրադառնալով իր մոդելային գործունեությանը` Եվան նշեց.

«Մոդելային գործունեությամբ ընդհանրապես չեմ զբաղվում, քանի որ այսօր Հայաստանում չկան այն պայմանները, չկա այն մոդելային աշխատանքը, որի միջոցով ցանկացողը կկարողանա խորապես զբաղվել մոդելային գործունեությամբ: Ճիշտ է, մեկ, երկու ցուցադրություն լինում է, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Այդ պատճառով գերադասեցի առհասարակ չզբաղվել այս աշխատանքով»,- անկեղծացավ դերասանուհին:

Ինչ վերաբերում է դերասանուհու անձնական կյանքին, ապա Եվան գերադասեց փակագծերը չբացել` ասելով.

«Չեմ ուզում առհասարակ խոսել այդ թեմայի շուրջ, քանի որ իմ անձնականը միայն իմն է: Եթե ինչ-որ փոփոխություն լինի, անպայման բոլորը կտեղեկանան դրա մասին»,- նշեց Եվա Բաղդասարյանը` հավելելով, որ իր իսկ նշած փոփոխությունն ամենևին էլ սարերի հետևում չէ: