Անեկդոտ դարձած իրական պատմություն այն մասին, թե ինչ է լինում, երբ մեքենայից չհասկացող աղջիկն այն տանում է մասնագետի մոտ

Այս դեպքի ականատեսը պատմում է, որ մի օր անվադողերի սպասարկման վայրում նստած սպասում էր, որ իր մեքենայի անվադողերը փոխեն, երբ այնտեղ եկավ Porsche Cayenne մակնիշի վնասված անիվներով մի մեքենա։ Դուռը բացվեց, և մեքենայից իջավ մի գեղեցիկ աղջիկ։ Նա մոտեցավ և խնդրեց, որ մեքենայի անիվները վերանորոգեն։

Սրահի աշխատողները, ինչպես հարկն է, հանեցին անիվը, վերանորոգեցին։ Տղաներից մեկը գործի ընթացքում որոշեց աղջկան մի հարց տալ։ Նա ասաց․

— Ինչո՞վ փչենք անիվը։

Նա այնպես հարցրեց, կարծես թե տարբերակները շատ են։ Եվ այդտեղ սկսվեց իսկական շոու։ Աղջիկը պատասխանեց․

— Իսկ ի՞նչ կա։

Այդ պահին տղան միացրեց իր երևակայությունը և ասաց․

— Դե կա տարբեր հոտերով՝ դեղձ, ելակ։

Սրահի բոլոր աշխատակիցները սկսեցին ծիծաղել։ Նրանք շարունակում էին ամեն մեկն իր գործն անել, բայց բոլորի ուշադրությունը դեպի աղջիկն էր ուղված։

— Իսկ ի՞նչ արժե։

— 7000 դրամ բոլոր անիվները։

Մյուս աշխատողներն ուղղակի իրենց զսպում էին, որ բարձր չծիծաղեն։

Աղջիկն այդքան էլ երկար չմտածեց և ասաց․

— Բարի, խնդրում եմ՝ ելակի հոտով փչեք։

Այդ պատասխանը լսելուն պես ամբողջ սրահի աշխատողներն ուղղակի թուլացան ծիծաղից․ նրանք փորձում էին իրենց զսպել, բայց չէր ստացվում։ Երբ տղաները գործն ավարտեցին, աղջիկը հաշվեց գումարը և փոխանցեց նրանց։ Նա վճարեց և հեռացավ, իսկ տղաներն ուղղակի ծիծաղից լաց էին լինում։

Շարունակությունը նույնպես ներկայացնում ենք ականատեսի պատմելով։

Այնպես ստացվեց, որ ես մի քանի օր անց նորից այնտեղ էի։ Հանկարծ անվադողերի վերանորոգման սրահին մոտեցավ նույն Porsche Cayenne մեքենան։ Մեքենայից դուրս եկավ մի հաղթանդամ տղամարդ և հարցրեց․

— 3 օր առաջ ձեզ մո՞տ են այս մեքենայի անիվները փոխել։

Տղաները զարմացած նայում են նրան, բայց նա նորից հարցնում է․

— Ո՞վ է ձեզանից փոխել այս մեքենայի անիվները 3 օր առաջ։

Այդ պահին ես մտածեցի, որ կռիվն այստեղ անխուսափելի է, սակայն նույն պահին սրահի տերը, ով օգնում է բոլոր հարցերում մյուս տղաներին, մի փոքր մեղավորության զգացումով ասաց․

— Այո, մեզ մոտ ենք փոխել անիվները։

Տղամարդն, անգամ մինչև վերջ չլսելով, միանգամից հարցրեց․

— Այսինքն դո՞ւք եք, հա՞, կնոջս մեքենայի անիվները «ելակի» հոտով փչել։

— Դեեե… մմմ։

Տղամարդը գրպանից գումար հանեց և ասաց․

— Վերցրու էս 10․000 դրամը։

Սրահի տերն, ընդհանրապես արդեն չհասկանալով՝ ինչ է կատարվում, հարցրեց․

— Ինչի՞ համար։

Տղամարդը ծիծաղելով ասաց․

— 3 օրա՝ ծիծաղից չեմ քնում, այ ախպեր, բա սենց բա՞ն են անում։ Սաղին պատմել եմ, մի լավ ծիծաղել ենք կնոջս միամտության վրա։

Աղբյուր