Ահա, թե ինչ բարդ որոշում է կայացրել Սոնա Շահգելդյանը

Երգչուհի Սոնա Շահգելդյանն այս օրերին գերզբաղված է:   Բանն այն է, որ երգչուհին բարդ ու անհավանական որոշում է կայացրել. օրերս նա նկարահանել է իր  նոր տեսահոլովակը, վաղը ևս կնկարահանի մեկ այլ տեսահոլովակ:

Նոր աշխատանքների մասին Սոնա Շահգելդյանը մանրամասնել է Life.panorama.am-ի հետ զրույցում:

«Առաջին տեսահոլովակը, որի նկարահանումներն իրականացրինք երկու օր առաջ, ընդամենը տասն օրից կհանձնեմ հանդիսատեսի դատին: Այս երգն ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ այն շատ գեղեցիկ, լիրիկական ու արժեք ներկայացնող է: Վստահ եմ, որ այն դասվելու է այն երգերի թվին, որոնք մնայուն են ու տարիներ անց էլ լսելի կլինեն: Երգի երաժշտության ու գործիքավորման հեղինակն է Արսեն Բարսամյանը, խոսքերը գրել է դերասանուհի Գայանե Ավետիսյանը, ով շատ գեղեցիկ սիրո պատմություն է ներկայացրել, որում, ամենակարևորը, տառապանք չկա»,- պատմեց Սոնան:

Երգչուհու նոր տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել սպիտակ տաղավարում. «Նոր տեսահոլովակիս պրոդյուսերը Սերժ Գաբյանն է, ռեժիսորը՝ Ռուբեն Գրիգորյանը, օպերատորը՝ Ֆելիքս Շախտոյանը։  Վարսահարդարումն արել են Հարութ և Նանո Ջուլհակյանները, իսկ դիմահարդարումը՝ Լիանա Այվազյանը: Հագուստի հարցում ոճաբան Անկասան շեշտը դրել է նրբության վրա: Տեսահոլովակը սպիտակ տաղավարում է նկարահանվել, շատ գեղեցիկ աշխատանք է սպասվում: Հանդես է եկել պարուհի-խորեոգրաֆ Աիդա Սիմոնը, ում հետ շատ վաղուց էի ուզում աշխատել: Սյուժեի և զարգացումների մասին չեմ ուզում մանրամասնել՝ թողնելով անակնկալ»,- նշեց մեր զրուցակիցը:

Սոնա Շահգելդյանն այս աշխատանքից հետո ընդամենը երկու օր հասցրեց հանգստանալ, վաղը կնկարահանվի նրա երկրորդ տեսահոլովակը. «Թեև այս շրջանում շատ նոր երգեր ունեմ, ընդ որում և հայերեն, և անգլերեն, բայց մեծ ցանկություն ունեի տեսահոլովակ նկարահանել «Դարերի շունչ» երգիս հիման վրա: Այն Հայաստանի մասին է, շատ գեղեցիկ ու ջերմ երգ է: Տեսահոլովակը կնկարահանի իմ շատ լավ ընկեր, ռեժիսոր Զորիկ Բարսեղյանը, ում շատ եմ վստահում, քանի որ տաղանդավոր ու կիրթ մարդ է: Նկարահանումները Հայաստանի տեսարժան վայրերում կիրականացնենք: Վստահ եմ՝ գրագետ աշխատանք եմ ունենալու»,- ավարտեց երգչուհին՝ հավելելով, որ ապագայում էլ նոր նախագծերի պակաս չի լինի:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան