Ինձ ստիպում են, որ ես խոսեմ այն աղջիկների մասին, ովքեր իրենց մերկ լուսանկարներն ուղարկում են ամուսնուս. Լիլիթ Բաբասյան

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանն Instagram-ի իր էջում ամուսնու հետ նոր ֆոտոշարք է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Երբեք մի դավաճանեք ձեր սրտին, երբեք ստի մեջ մի ապրեք, նվիրեք սեր և բարություն: Կան մարդիկ, որոնք ապրում են այսօրվա օրով, իսկ ես ապրում եմ ապագայով: Իմ վաղվա օրը կախված է ամեն րոպեից… ցանկանում եմ, որ սերը բոլորի մոտ լինի իսկական, առանց խաբեության և կեղծիքի… հավատացեք ամենալավին: Հնարավոր է ես ճիշտ չեմ, բայց սերը պիտի աճի ոչ թե օրերով և տարիներով, այլ ժամերով ու վայրկյաններով: Սեր կյանքի հանդեպ, սեր մեր շրջապատին՝ մարդկանց և կենդանիներին, այն ամենն ինչ մեզ շրջապատում է մենք պարտավոր ենք սիրել և փայփայել…»:

Լիլիթի այս գրառումը շատերի ուշադրությունն է գրավել: Ոմանք վստահ են, որ Լիլիթը ստի եւ կեղծիքի մասին խոսել է՝ ելնելով սեփական օրինակից, շատերի կարծիքով՝ Ալեքսանդրը շատ հարցերում է նրան խաբում: Այս մասին Life.panorama.am-ը զրուցել է Լիլիթ Բաբասյանի հետ, ով նշեց, որ բացասական եւ իրեն վատաբանող մեկնաբանություններից եւ կարծիքներից նա միայն ոգեւորվում է եւ էլի ավելի է ձգտում հասնել հաջողությունների:

«Ստացվում է, որ մարդիկ մտածում են, թե Ալեքսանդրից այն կողմ ոչինչ չկա: Ի՞նչ է, ես չե՞մ կարող այլ խնդիրներ ունենալ, չե՞մ կարող ծանոթներ ու բարեկամներ ունենալ, որոնց կողծ պահվածքից կնեղվեմ:  Իմ գրառումը ընդհանրապես կապ չունի Ալեքսանդրի հետ: Շատերը մտածում են, թե ես անխելք եմ ու իմ ընտանեկան հարցերը բարձրաձայնում են, բայց ես ուզում եմ ցույց տալ, որ ես դա անում եմ ոչ թե իրարանցում առաջացնելու համար, ոչ թե որ ես անխելք եմ, այլ նրա համար, որ մարդիկ հասկանան, որ Instagram-ում մարդկանց սիրով լի լուսանկարների հետեւում  կան խնդիրներ: Նրանք այնքան երջանիկ չեն, որքան նկարներում է դա երեւում: Բայց այդ ամենի մեջ դժբախտություն եւս փնտրել պետք չէ: Եթե ընտանիքում չկա խնդիր, չկան քննարկվող հարցեր, ուրեմն այդ ընտանիքում կա անտարբերություն, ուրեմն զույգերն իրար վրա թքած ունեն: Այսօր բաժանությունները շատացել են, քանի որ շատերին  ուրիշների լուսանկարներից թվում է, թե իրենք են դժբախտ, մյուսները երջանիկ են»,- նշեց նա:

Շատերի ուշադրությունը շեղել է նաեւ Լիլիթի պատառոտված տաբատը: Մեկնաբանություններում մարդիկ իրենց զարմանքն են հայտնել, թե ինչպես է Ալեքսանդրը թույլ տվել կնոջն այդպես հագնվել: Այս մասին խոսելիս Լիլիթը կտրուկ արտահայտվեց.

«Այդ մեկնաբանությունները ինձ ստիպում են, որ ես խոսեմ համեստ դիմակի տակ թաքնված այն աղջիկների մասին, ովքեր փողոցում իբրեւ թե շատ զուսպ են հագնված, բայց իրենց մերկ լուսանկարներն ուղարկում են ամուսնուս: Նրանք երեւի չեն պատկերացնում, որ ամուսնուս հեռախոսն իմ ձեռքն էլ է հայտնվում, եւ չեն մտածում, որ ես էլ կարրող եմ իրենց նկարները տեղադրել համացանցում: Մարդիկ երեւի մոռանում են, թե ինչպես են ամռանը հայ աղջիկները հագնվում: Լուսանկարում ես հագնված էի հատուկ ֆոտոշարքի համար, բայց, եթե անգամ ես այդ հագուստով դուրս գամ, ուրեմն դա իմ գործն է, ուրիշ ոչ մեկինը: Գիտե՞ք, իմ տարբերությունը, որն է. Ես անկեղծ եմ, ինչ կամ, ցույց եմ տալիս, իսկ այսօր շատ հայաստանցի աղջիկներ թաքուն սրա-նրա սիրուհին են: Հավատացեք, այս երկու տարիների ընթացքում Հայաստանում ես շատ ավելին տեսա, քան որ ապրում էի Մոսկվայում: Ես ապշած եմ ուղղակի: Ես երբեք չեմ ասում, որ ես սուրբ եմ, իհարկե, ես էլ ունեմ բացասական գծեր, կարող եմ վատ բառեր օգտագործել, եթե ինձ հասցնեն դրան, բայց դրանք այսօր բոլոր աղջիկներն են օգտագործում: Մենք 18-րդ դարում չենք ապրում, թեեւ մեծ հաճույքով այդ դարում կապրեի: Ես երկերեսությունը տանել չեմ կարողանում, իսկ այդ երեւույթը այսօր մեծ տարածում ունի»:

Լիլիթը շեշտեց՝ վատ մեկնաբանություններից միայն ավելի է ոգեւորվում.

«Եթե ես վատն եմ, ուրեմն խնդրում  եմ մի շփվեք ինձ հետ: Համարեք, թե գոյություն չունեմ, ես շատ վատն եմ ու անտեսեք ինձ: Եթե մարդիկ կարծում են, որ վատ մեկնաբանությունից ես պետք է կոտրվեմ, լաց լինեմ, նստեմ տանն ու այլեւս դուրս չգամ, չարաչար սխալվում են: Նրանք իրենց վատ մեկնաբանություններով ինձ ավելի լավն են դարձնում, բայց մի բան կասեմ, կյանքը մեկ անգամ է տրվում, այսօրն էլ երբեք չի կրկնվելու, Աստված գոյություն ունի, նա ամեն բան տեսնում ու հատուցում է»,- ավարտեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Աղբյուր՝ Life.Panorama.am