Ինչ է արգանդի արտանկումը և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

Արգանդի արտանկումը կանանց սեռական օրգանների դիրքի փոփոխությունն է, որի դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով: Այս ախտանաբանությունն ուղեկցվում է ուժգին ցավով, սրբոսկրի հատվածում լարվածության զգացողությամբ, միզարձակության ու դեֆեկացիայի խանգարումներով, սեռական ակտի ժամանակ առաջացող ցավով, հեշտոցում օտար մարմնի առկայության զգացողությամբ, ինչպես նաև շարժվելիս ի հայտ եկող տհաճ զգացողություններով:

 

Արգանդի արտանկումը պայմանավորված է կոնքի հատակի մկանների աշխատանքի խանգարմամբ: Սովորաբար արգանդի արտանկման հետ մեկտեղ տեղաշարժվում են նաև հեշտոցը, միզապարկը և ուղիղ աղիքը:

 

Այս հիվանդությունը կարող է առաջանալ տարբեր տարիքի կանանց մոտ, սակայն առավել հաճախ ախտահարում է տարեց կանանց (50%): Այնուամենայնիվ՝ այս հիվանդությունը կարող է ի հայտ գալ նաև երիտասարդ (10%) և միջին տարիքի (40%) կանանց շրջանում:

 

Արգանդի արտանկման պատճառ կարող է դառնալ.

 

·         կոնքի մկանների վնասվածքը,

 

·         սեռական օրգանների զարգացման ժառանգական անոմալիաները,

 

·         կոնքի հատակի մկանների իններվացիայի խանգարումը,

 

·         սեռական օրգանների վիրահատությունները,

 

·         ծննդաբերությունը,

 

·         կնոջ պատկառելի տարիքը,

 

·         ծանրություն կրելը,

 

·         փորկապությունը,

 

·         գենետիկ հակվածությունը,

 

·         վաղ հասակում գինեկոլոգիական հիվանդությունների ի հայտ գալը:

 

Այս հիվանդությունը սովորաբար զարգանում շեքի վնասվածքների, բազմապտուղ հղիության, հաճախակի ծննդաբերությունների, խոշոր պտղի ծննդաբերման, սեռական օրգանների վիրահատությունների հետևանքով: Բացի այդ, արգանդի արտանկման պատճառ կարող է դառնալ նաև ավելորդ քաշը, ներորովայնային բարձր ճնշումը և որովայնում ուռուցքների առկայությունը:

 

Արգանդի արտանկման գործընթացը տեղի է ունենում մի քանի փուլով.

 

1.      բնորոշվում է կոնքի հատակի մկանների թուլությամբ, հեշտոցի պատերի իջեցմամբ և սեռական ուղիների բացվածությամբ,

 

2.      օրգանի մասնակի արտանկում է, որի դեպքում հեշտոցի պատերի հետ մեկտեղ իջեցվում են նաև միզապարկն ու ուղիղ աղիքը,

 

3.      այս փուլում արգանդն իջնում է մինչև սեռական ուղիներին հասնելը,

 

4.      արգանդի մասնակի արտանկումն է, երբ օրգանը կիսով չափ դուրս է հալիս հեշտոցից,

 

5.      արգանդի արտանկում:

 

Հիվանդության ախտանշանները

 

Այս խնդրի ախտանշաններն այդքան էլ շատ չեն, սակայն արգանդի և արգանդի վզիկի դիրքի փոփոխությունը չնկատել գրեթե հնարավոր չէ: Արգանդի արտանկումը կարող է ուղեկցվել հետևյալ ախտանշաններով.

 

·         ճնշման զգացողություն որովայնի ստորին հատվածում,

 

·         ցավ, որը տարածվում է նաև սրբոսկրի և գոտկատեղի հատվածում,

 

·         դժվարամիզություն կամ հաճախամիզություն,

 

·         արյունոտ արտադրություն,

 

·         ցավոտ զգացողություններ սեռական ակտի ժամանակ,

 

·         փորկապություն,

 

·         դաշտանային ցիկլի խանգարումներ,

 

·         սովորականից ուժեղ դաշտանային ցավեր:

 

Հարկ է հիշել, որ սկզբնական շրջանում ախտանշանները կարող են շատ թույլ արտահայտված լինել, սակայն հիվանդության 2-4-րդ փուլերում դրանք ավելի ակնհայտ կդառնան:

 

Հիվանդության ախտորոշումը

 

Ներկայացված ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է շտապ դիմել մասնագետի օգնությանը և անցնել համապատասխան բուժզննումը, որի ժամանակ անց են կացվում հետևյալ պրոցեդուրաները.

 

·         գինեկոլոգիական ստուգում հայելիներով,

 

·         հեշտոցից վերցված արտադրության մանրադիտում,

 

·         արգանդի վզիկից վերցված քսուքի ցիտոլոգիական հետազոտություն,

 

·         կոլպոսկոպիա,

 

·         կոնքի օրգանների գերձայնային հետազոտություն:

 

Հիվանդության ախտորոշումից հետո բժիշկը կարող է նշանակել համապատասխան բուժումը: Կանանց սեռական օրգանների հիվանդությունների բուժումն իրականացնելիս կարող են կիրառվել բուժման պահպանողական կամ վիրահատական միջոցներ, սակայն մինչ բուժումը նշանակելը բժիշկ պետք է պարզի.

 

·         թե որ փուլում է հիվանդությունը,

 

·         ինչ ուղեկցող հիվանդություններ են առկա,

 

·         որքանով է կարևոր վերարտադրողական ֆունկցիայի պահպանումը,

 

·         ռիսկային ինչ գործոններ կան,

 

·         կան արդյոք հաստ աղիքի, դրա սֆինկտերների և միզապարկի ախտաբանություններ:

 

Սովորաբար հիվանդության վաղ փուլերում բուժումը կրում է պահպանողական բնույթ, ինչը նշանակում է, որ հիվանդը պարզապես ընդունում է էստրոգեն պարունակող հատուկ դեղամիջոցներ: Պահպանողական թերապիայի դեպքում նշանակվում են մերսումներ ու հատուկ բուժիչ մարմնամարզություն:

 

Այս պրոցեդուրաների անարդյունավետության դեպքում կարող են նշանակվել հատուկ ռետինե օղակներ, որոնք բժիշկը տեղադրում է հիվանդի հեշտոցում՝ դրանով իսկ թույլ չտալով, որ տեղի ունենա արգանդի արտանկում: Այս պրոցեդուրայից հետո նշանակվում է նաև բուժում ժողովրդական միջոցներով:

 

Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է դիմել ավելի լուրջ վիրահատությունների օգնությանը՝ կարելով օրգանի մկաններն ու ջիլերը:

 

Այս ամենի հետ մեկտեղ սովորաբար նշանակվում է նաև դիետա՝ աղեստամոքսային համակարգի աշխատանքի կարգավորման համար, ինչպես նաև բանդաժ և հատուկ բուժիչ մարմնամարզություն (որովայնի ստորին հատվածի ձգումներ, «հեծանիվ» ու «նավակ» վարժություններ և այլն), որը կօգնի ամրապնդել կոնքի հատակի մկանները:

 

Հնարավոր բարդությունները

 

Արգանդի արտանկումը լուրջ ախտաբանություն է, որը ենթադրում է շտապ բուժում: Խնդիրն անուշադրության մատնելու դեպքում արգանդը կարող է պատվել ճաքերով, որոնք էլ կարող են հանգեցնել արյունահոսող խոցերի առաջացման և դրանց վարակման:

 

Արգանդի արտանկման դեպքում խանգարվում է օրգանում արյան շրջանառությունը, ինչի հետևանքով արյունը լճանում է: Բացի այդ, արգանդի ամբողջական արտանկումը կարող է հանգեցնել օրգանի նեկրոզի:

 

Հիվանդության կանխարգելումը

 

Արգանդի արտանկումը կանխելու համար կանանց խորհուրդ է տրվում.

 

·         չկրել ծանրություն,

 

·         կարգավորել աղիների աշխատանքը,

 

·         ազատվել ավելորդ քաշից,

 

·         մարզել կոնքի հատակի մկանները:

 

 

 

Աղբյուր