Կանացի օրգազմն անհրաժեշտ է մարդկության հարատեւման համար

Օրգազմ ապրելու ընդունակ կանանց օրգանիզմը սեռական ակտի ժամանակ մեծ քանակությամբ օքսիտոցին է արտազատում։ Այդ հորմոնը երկունքի ցավերի ժամանակ ապահովում է արգանդի պատերի կրճատումն ու պատասխանատու է մարդկային տեսակի բարեհաջող գոյության համար, պնդում են Gynecological Endocrinology ամսագրում լույս տեսած հոդվածի հեղինակները։

Օքսիտոցինն արտադրում է հիպոտալամուսը՝ միջանկյալ ուղեղի հատվածը, որը կարգավորում է օրգանիզմում հորմոնների քանակը։ Հայտնի է, որ այդ միացությունը կարեւոր դեր է խաղում մարդու վերարտադրողական ֆունկցիաների ապահովման համար։ Այն նաեւ բավարարվածության զգացում է առաջ բերում, թուլացնում տագնապի զգացողությունը եւ զուգընկերոջ կողքին հանգստություն ապահովում։ Ենթադրվում է, որ օքսիտոցինի մակարդակից են կախված մարդկային հարաբերությունները։ Կանայք ավելի ալտրուիստ են դառնում, իսկ տղամարդկանց մոտ այդ հորմոնը նպաստում է էգոիզմի զարգացմանը։

Հետազոտությանը մասնակցել է 63 կին, որոնցից 34–ը սեռական ակտի ժամանակ օրգազմ են ապրել։ Նրանք հարցաթերթիկներ են լրացրել՝ պատասխանելով սեռական ակտիվության եւ դրանից ստացած հաճույքի մասին հարցերին։ Հետազոտության ընթացքում, որն ընթացել է դաշտանի ցիկլի 12-15 օրերի միջեւ, կամավորներից արյուն են վերցրել սեռական ակտից առաջ եւ հետո՝ օքսիտոցինի մակարդակը գնահատելու համար։

Պարզվել է, որ հորմոնի քանակը կախված է նրանից, թե կինն օրգազմ ապրել է, թե ոչ։ Անօրգազմության դեպքում օքսիտոցինի քանակը չի փոխվել։

Գիտնականների կարծիքով՝ ստացված արդյունքները նույնպես վկայում են, որ օքսիտոցինը կարեւոր դեր է խաղում սեռական հաճույք ստանալու համար։  Սակայն լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ, պարզելու համար, թե կարող է արդյոք այդ հորմոն օգտագործվել կանանց մոտ սեռական անկարողության բուժման նպատակով։

 

Աղբյուր` News.am Medicine